Լրահոս
Օրվա լրահոսը

Ներելը ճիշտ բան է

Սեպտեմբեր 30,2017 10:00
vazgen khachikyan

Դարձյալ պետք է կարծիք հայտնեմ, որը հակասում է հասարակության կամ, համենայնդեպս, ֆեյսբուքյան «մեյնսթրիմին», բայց պիտի ասեմ. Վազգեն Խաչիկյանին 5 տարի ազատազրկումից հետո ներում շնորհելն իմ մեջ այն կրքերը չի առաջացնում, որոնք ես տեսնում եմ վիրտուալ տարածքում: Բնականաբար, համակրանք չունեմ ոչ այս, ոչ էլ որեւէ այլ հանցագործ պաշտոնյայի նկատմամբ, բայց չունեմ նաեւ ատելության, վրեժխնդրության զգացում որեւէ անձի հանդեպ: Եթե Խաչիկյանը նստեր ոչ թե 5, այլ 12 տարի (այն ժամկետով, որով դատապարտվել էր), որեւէ մեկի սիրտը դրանից կհովանա՞ր, արդարության պահանջը կբավարարվե՞ր: Կամ գուցե կոռուպցիան մեր երկրում կպակասե՞ր: Որտեղի՞ց է մարդկանց մեջ այդ չհիմնավորված դաժանությունը:

Խնդիրն, ինձ թվում է, այն չէ, որ թոշակառուներից փողերը գողացած չինովնիկին սկզբում պատժել են, հետո ազատ են արձակել, այլ այն, որ մնացած՝ նույնքան կամ ավելի մեծ հանցագործություններ կատարած չինովնիկներն ազատության մեջ են մնում: Արդարադատությունը հանցագործությունը պատժելու մեջ է, ոչ թե որեւէ մարդու նկատմամբ ագրեսիայի մեջ:

Ուրիշ հարց, որ կան, իմ կարծիքով, մարդիկ, որոնք ավելի արժանի են ներման: Խոսքս Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ Հայկ Կյուրեղյանի մասին է: Նրանք, իմ կարծիքով, դատապարտվել են իրենց արարքներին ոչ համաչափ ժամկետներով եւ վաղուց արդեն ազատության մեջ պետք է լինեին: Կարող են հետագայում ազատվել նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, ՊՊԾ գնդի վրա հարձակվողներից ոմանք: Իհարկե, ոչ նրանք, ովքեր մարդ են սպանել: Սակայն դրա համար պետք է լինի դատավարություն եւ դատավճիռ եւ ոչ թե այն կլոունադան, որին մենք ականատես ենք՝ ժողովրդական երգուպարով եւ ասմունքով:

Ներելը ճիշտ բան է՝ իհարկե, եթե խոսքը սպանությունների եւ անձի հանդեպ այլ ծանրագույն հանցագործությունների մասին չէ: Ներելը տեսականորեն պետք է մարդու միջից հանի չարության, դժգոհության, նախանձի թույնը: Բայց երբեմն պատահում է, որ ներելը հասարակության մեջ ավելացնում է այդ թույնը:

Մի փոքրիկ խորհուրդ էլ ուզում եմ Խաչիկյանին տալ՝ պարզապես որպես տարիքով մեծ. պետք չէ հիմա խոսել, աջուձախ հարցազրույցներ տալ: Խոսելու իրավունքը դեռ պետք է վաստակել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    ‘չինովնիկի’ փոխարէն ՊԱՇՏՕՆԵԱՅ (ՊԱՇՏՈՆՅԱ) չէ՞ր լինի:

  2. Հ.Շ. says:

    Օրինական/դատական պատիժի հիմունքներին մաս են կազմում՝
    տարհամոզումը (dissuasion կամ deterrence), օրինակելիութիւնը:
    Այլ անձերի կողմէ նոյնանմամ յանցագործութիւն կանխելու միտումը:

    Այսինքն, քանի որ վերեւի խմբագրականը աւելի հոգեւորական/քրիստոնէական մօտեցումի վրայ է հիմնուած («ներում»…) ՝
    օրինական պատիժը նաեւ կը միտի մարդիկ հեռու պահելու փորձութիւնից:

    Այս հիման վրայ, որեւէ յանցագործութեան պարագային, օրինական պատիժի խստութեան աստիճանից է կախեալ համայն Ընկերութեան պաշտպանութիւնը, ապահովութիւնը: Իսկ բիրտ արարքների պարագային, նշեալ պատիժը կարող է կեանքը փրկել այլ քաղաքացիների:

  3. Իհարկե ներելը ճիշտ բան է says:

    Իհարկե ներելը ճիշտ բան է: Այն տեսականորեն և գործնականորեն մարդ արարածի միջից հանանում է չարության, դժգոհության, նախանձի թույնը: Բայց այսօրվա ստամոքսով մտածող ճարպիկ ստահակները խորհրդային միության ժամանակվա գողացող, թալանող խաբեբա մարդանման տմարդիների հավատարիմ հետևորդներն են: Գողին, թալանողին, խաբեբային իհարկե պետք է ներել, եթե նա իսկապես զղջում և իր ապրած կյանքով ապացուցում է, որ իսկապես հետևություն է արել: Բայց գողությունը, թալանը, խաբեբայությունը գիտակից հասարակության կողմից, օրենքով ամրագրված պետք է արմատապես չհանդուրժվի, բացահայտորեն պախարակվի ու պատժվի: Ահա թե խոսքը որ ներողամտության և արմատական անհանդուրժողականության մասին է: Այլ կերպ առողջ ու կենսունակ հասարակություն ձևավորելն անհնարին է: Գողությունը, թալանը, խաբեբայությունը խորհրդային միության վատագույն ավանդություններից մեկն էր, որը քաղցգեղի նման արմատացել ու տարածվել էր բոլոր տասնհինգ հանրապետություններում: Ես անձնապես այն ժամանակ այդպիսի մտածողության և վարվելակերպի հետ խնդիր ունեի: Ինչ որ ներքին անբացատրելի զգացողություն ինձ հուշում էր, որ դա ճիշտ մտածելաձև ու ապրելաձև չէ: Իսկ այն ժամանակվա գողացող, թալանող խաբեբաները հեգնանքով ինձ ասում էին, որ ես այդ մտածողությամբ սովից կմահանամ և երբեք ոչնչի չեմ հասնի: Գուցե և այդ է պատճառներից մեկը, որ ես այսօր բնակվում եմ արտերկրում, այնպիսի գերմանախոս երկրում, որտեղ բառի բուն իմաստով մարդն արժեք է: Բարեբախտաբար այն ժամանակվա գողացող, թալանող խաբեբաները չարաչար սխալվեցին, ես այսօր ամեն ինչ ունեմ և նույնիսկ ինձ երջանիկ մարդ եմ համարում:

  4. Լավատես says:

    Ցանկացած հայի՝ ով իրեն հայ է զգում, ես նրան ընկալում եմ որպես հայ աստծո զավակ կամ դուստր ու նրան ներել կամ պատժել չի կարելի, պարզապես ով շեղվել է մեր բոլորի հայ ճանապարհից, պետք է ճիշտ ուղու վրա բերել, մենք առանց այդ էլ քիչ ենք, մեզ պետք է հայ դատ, որն էլ ոչ թե պատժում է կամ ներում է հայերին, այլ բացատրում, հասկացնում ու հասնում իր նպատակին:

  5. Արկադյա says:

    Հարգելի Արամ, դուք ճիշտ եք միայն մեկ բանում՝ ներելը ճիշտ բան է: Զուտ իրավական հարթության մեջ Խաչիկյանին ներելն անարդար է, քանի որ նա, ըստ մամուլում տարածված լուրերի, ամբողջությամբ չի փոխհատուցել թալանված միլիոնավոր գումարները, և հասարակության մոտ նրա ներումն ու ազատ արձակումն արդարացիորեն ընկալվել է իբրևը ,,ներկլանական ներում,,: Նախագահի կողմից ներման ինստիտուտի կիրառումը պետք է ունենա հստակ տրամաբանություն և տեղավորվի պատժի նպատակներին հասնելու օրենսդրական պահանջների մեջ, նպաստի արդարադատության իրականացմանը, հանցանք կատարած յուրաքանչյուր անձի մոտ կանխատեսելի լինի, որ գործուն զղջալու և պատճառված վնասի փոխհատուցման դեպքում ինքն իրավունք կունենա ներման խնդրանքով դիմել նախագահին, այլապես այսպիսի ,,ներում,,-ները ոչ միայն արդարադատության և պատժի նպատակների հետ որևէ աղերս չունեն, այլև արդարացիորեն առաջ են բերում հասարակության վրդովմունքը, առավել ևս ցմահ ազատազրկման դատապարտված այն անձանց, որնք բավարարում են օրենքով սահմանված չափորոշիչներին, սակայն շարունակում են մնալ ,,աններելի,, :

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930