ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը օրեր առաջ՝ սեպտեմբերի 25-ին հրապարակել է դատարանի որոշումը, որով մերժել է 21-ամյա Լեւոն Հունանյանի մահվան գործը կարճելու՝ վարույթն իրականացրած քննիչի եւ դատախազի բողոքը:
Լեւոն Հունանյանի իրավահաջորդ հոր՝ Դավիթ Հունանյանի ներկայացուցիչը 2014թ. հուլիսի 16-ից քրեական գործերով ճանաչված փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն է:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Հարությունյանը 2016թ. դեկտեմբերի 7-ին կայացրել էր որոշում՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին, Երեւան քաղաքի դատախազ Ր. Ասլանյանն էլ՝ տուժողի իրավահաջորդի բողոքը մերժելու մասին որոշումը կայացրել էր դեկտեմբերի 27-ին: Հենց այդ որոշումների դեմ էլ տուժող կողմը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել էր բողոքաբեր կողմի պահանջը՝ հարուցել քրեական գործ 2014թ. ապրիլի 13-ին Երեւանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՝ Ազատ տնտեսական գոտի ՓԲ ընկերության տարածքի տանիքից աշխատանքի ժամանակ վայր ընկած, մահացած Լեւոն Հունանյանի գործով:
Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ 2014թ. ապրիլի 22-ին Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Ա. Մկրտչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Է.Ավդալյանի կողմից օգոստոսի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին: Այս գործով Է. Ավդալյանն երկրորդ քննիչն էր:
Տուժող կողմը բողոքել էր քննիչի որոշումը եւ 2015թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հ. Հարությունյանը: Ըստ տուժող կողմի՝ քննիչը այդպես էլ չներգրավեց հնարավոր կասկածյալներին, որպես մեղադրյալ, իսկ իր մի որոշմամբ էլ որոշեց տնօրեն Հարություն Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ կարճել վարույթը՝ արարքում հանցանքի բացակայության պատճառաբանությամբ: Մինչդեռ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի գնահատմամբ. «Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված է, որ «Զեւս ստուդիա» ՍՊԸ եւ Ազատ տնտեսական գոտու պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնների խախտման եւ 157-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում-հանցակազմ: Հետեւաբար, պետք է լուծեին նրանց վերոնշյալ հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու հարցը»: Նախաքննությունն իրականացրած մարմինը բազմակողմանի քննություն չէր կատարել: Գործում առկա փորձագիտական եզրակացությունները դրա վառ վկայությունն են, դրանք հակասություններով լեցուն են:
Մասնավորապես, վերաքննիչ դատարանում տուժող կողմն անդրադարձավ ճարտարագիտատեխնիկական փորձագետի 29.07.2015թ. Հմ-15-1538 եզրակացությանը: Փորձագետ Ա. Բադեյանն արձանագրել էր. «Զեւս ստուդիա» ՍՊԸ տնօրեն Հ. Մուրադյանի կողմից չի կատարվել «Անվտանգության տեխնիկայի, աշխատանքի պաշտպանության եւ արտադրական սանիտարիայի» ներածական հրահանգավորման հրահանգը, «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Հունանյանը չի հրահանգավորվել եւ աշխատանքի անվտանգության վերաբերյալ հրահանգավորումների անցկացման գրանցամատյաններում բացակայում են Լ. Հունանյանին համապատասխան հրահանգավորում անցկացնելու վերաբերյալ գրառումները»:
Մինչդեռ, հրահանգի 2.4.1 կետի համաձայն՝ արգելվում էր բարձրանալ տանիք եւ մետաղական կոնստրուկցիաների վրա՝ առանց ադմինիստրացիայի թույլտվության: Տուժողի իրավահաջորդ Դավիթ Հունանյանն անդրադարձավ անվտանգության կանոնների բացակայությանը, հրահանգավորմանը. «Համաձայն հրահանգի՝ չէր թույլատրվում բարձրանալ նշված 3-րդ մասնաշենքի հարթ տանիքը: Այս դեպքում, ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ հարթ տանիք տանող եւ որպես դուռ օգտագործվող մոտ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանը: Եվ եթե առանց թույլտվության չէր կարելի բարձրանալ տանիք, ապա ինչու «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից չէր փակվում այդ մոտ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանը կամ ինչու այն չուներ անվտանգությունը ապահովող գոտիներ եւ այլ զգուշացնող կամ արգելող նշաններ: Ինչպես էր, որ դիմացի շենքի բնակիչները տեսնում էին, որ այնտեղից մշտապես շինարարական աղբ էր թափվում եւ այնտեղ միշտ անձինք էին ելումուտ անում»: «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ Ա. Սիրադեղյանը, որն ակնհայտ շահագրգիռ կողմ է, 2014թ. մարտի 31-ին հաստատել էր նշված ընկերության ներածական հրահանգը` տեխնիկայի անվտանգության, աշխատանքի եւ արտադրական առողջապահության պաշտպանության մասին: Այն ստորագրել է «Զեւս ստուդիա» ընկերության տնօրեն Հ. Մուրադյանը: Մինչդեռ, այս նույն քրեական գործի նյութերում Լ.Հունանյանի անվամբ նման քարտ, որեւէ փաստական հանգամանք առկա չէ, որը կարող է հաստատել Լ.Հունանյանի հրահանգավորված լինելու մասին: Լեւոնը «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության աշխատակիցների հետ անվտանգության կանոնները պաշտպանելու մասին հրահանգավորում չի ստացել: Այդ մասին հաստատել են եւ վերաքննիչ դատարանում էլ ասացին աշխատակիցներ Նառա Սարգսյանը՝ իր ցուցմունքով եւ Կարեն Մհերյանը՝ բացատրությամբ: Ուշադրություն հրավիրվեց գլխավոր ինժեներ Գուրգեն Բեգլարյանի ցուցմունքներին, նա տվել էր վեց հակասական ցուցմունք: Ընկերության աշխատակիցները ունեցել են ազատ տեղաշարժի հնարավորություն, անարգել բարձրացել են տանիք, իսկ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանն էլ օգտագործել են որպես դուռ:
Դավիթ Հունանյանը տեղեկացրել էր, որ ընկերության չորս աշխատակիցներն ունեցել են աշխատանքային պայմանագիր: Սակայն, երբ ծանոթացել է գործի նյութերին, պարզվել է, որ Լեւոն Հունանյանը 03.03.2014թ. պայմանագիր է կնքել, իբրեւ «Զեւս ստուդիա» ՍՊԸ համար ծառայություններ մատուցող աշխատակից եւ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում նախագծային աշխատանքներ կատարող չէր կարող հրահանգավորվել 31.03.2014թ.-ին հաստատված` տեխնիկայի անվտանգության, աշխատանքի եւ արտադրական առողջապահության պաշտպանության մասին հրահանգին, քանի որ վերջինս հաստատվել է Լ.Հունանյանի կողմից «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում նախագծային աշխատանքներ կատարելուց մոտ 28 օր անց եւ դեպքից 8-9 օր առաջ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2017