Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ «Ծուռ գիրք»՝ ծռելու ու ծռվելու համար

Սեպտեմբեր 30,2017 14:30

«2012 թ.. մի խմբով Վանում էինք: Մհերի դռան մոտ քննարկում սկսվեց Փոքր Մհերի, նրա դուրս գալու մասին ու սկսեցինք նրան դուրս կանչել… Ամեն մեկս մի բանի համար էր կանչում՝ մեկը՝ արդարություն հաստատելու, մյուսը՝  հայկական հողերը ետ վերադարձնելու… Որքան էլ որ բոլորս մեր պահանջն էինք դնում Մհերի առաջ, ցանկությունները և՛ մոտ էին, և՛ տարբեր: Դրանից ուղիղ մեկ շաբաթ անց Վանում ուժեղ երկրաշարժ եղավ: Հետո սկսեցինք քննարկել, թե ինչու այդպես եղավ: «Ծուռ գրքիս» մտորումները սկսվեցին այդտեղից: Գիրք, որտեղ կանդրադառնայի այնպիսի հարցերի, որոնք կապված են մեր այսօրվա խնդիրների, մեր ինքնության հետ: Խնդիրներ, որոնք մենք ունենք, և որոնք կապված են հենց պատմության չմարսված լինելու հետ: Հաջորդ խթանը անցյալ տարվա «Սասնա ծռեր»-ի հետ կապված իրադարձությունն էր: Գրքում դրան հատկացված է առանձին բաժին»,- պատմում է «Ծուռ գիրք» գրքի հեղինակ Լուսինե Խառատյանը:

Օրերս Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Ծուռ գրքի» շնորհանդեսը: Հավաքվել էին ընկերները, մտերիմները, համախոհները, հրապարակախոսներ… Մարդիկ, ում համար նոր քննարկում սկսելը հաճելի ու սպասված է:

«Այսօր ձեզ ներկայացնում եմ տպագրված գիրքը, սակայն սա ոչ թե ավարտն է, այլ սկիզբը: Սա նոր քննարկում, զրույց սկսելու սկիզբն է, և ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ այդ զրույցին: Գիրքը հենց խոսակցություն է, ու դրա շարունակությունը ձեր մասնակցությամբ է լինելու: Այդ զրույցն ինձ անհրաժեշտ է,- ասաց Լուսինե Խառատյանը: – Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է: Նա էլ գրքիս, մտքերիս, խոհերի հերոսներից է»:

Սրահում փակցված էին պաստառներ, որտեղ հավաքվածները կարող էին գրառումներ թողնել: Դրանք, ինչպես գրքի դիզայնը, ծուռ էին: «Ժամանակ», «Երևան», «Ծուռ», «Հյուսիս-հարավ-արևելք- արևմուտք»… Այս խորագրերի ներքո առաջարկվում էր գրառում- քննարկում սկսել, որը կարող էր լինել թե՛ խոսքերի, թե՛ նկարների տեսքով:

Մինչ տարբեր հարցերի քննարկման հարթակ դարձած շնորհանդեսի սրահը մեղմ բզզում էր իրար միահյուսված ու իրար չխառնվող ձայներից, մի քանիսը կլանվել էին ընթերցանությամբ՝ որոնելով իրական ու վիրտուալ ժամանակը, Երևանն ու աշխարհի բազմաթիվ քաղաքները, որտեղ ծուռ մտքերով ծռված հեղինակը ճամփորդել, շրջագայել, աշխատել ու սովորել է… Որոնում էին մանկության ճամփեքից եկած հեքիաթները, ծուռ ու շիտակ հարցերն ու դրանց անսովոր պատասխանները… Ընթերցողներին առաջարկվում էր «Ծուռ գրքի» երկու տեսակ՝ ծուռ և ուղիղ: Ծուռ տեսակը, որն ավելի բարձր գին ուներ, ծուռ էր կտրված, որպեսզի գրադարակում այլ գրքերից տարբերվի: Այնքան տարբերվի, որ անգամ կարող է ընկնել… Գիրքը ձևավորել է Մկրտիչ Մաթևոսյանը, ում առաջարկով է գիրքը ծուռ դիզայն ստացել:

«Ծուռ գիրքը» վաճառվում է մետրոյի «Բարեկամություն» կայարանում՝ շարժասանդուղքով բարձրանալուն պես, մետրոյից դուրս չեկած, կարող եք ծռվել աջ ու հանդիպել ծռին։ Կարող եք այցելել Բյուրոկրատ գրախանութ ու բյուրոկրատներին ծռող գիրքը գտնել նաև այնտեղ:

 ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ    

 29.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930