Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթն ընկալում ենք որպես թագավորի պալատում պար եկող ծաղրածու»

Սեպտեմբեր 30,2017 15:00

Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը՝ մշակույթի մարտահրավերների եւ կինոմիության նախագահի առաջիկա  ընտրությունների մասին

«Առավոտը» ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանից հետաքրքրվեց` առաջիկայում ՀՀ կինոգործիչների միության նախագահի ընտրություններ են, եւ արդեն ուրվագծված են հիմնական թեկնածուները, եթե այս համատեքստում դիտարկելու լիներ նրանց արած գործը, թողած հետքը, կազմակերպչական հմտությունները, մասնավորապես ո՞ւմ կառանձնացներ: Դավիթ Մաթեւոսյանը ծավալուն պատասխան տվեց` ամեն ինչ դիտարկելով պատճառահետեւանքային համատեքստում` վերլուծելով օրվա հրամայականներն ու մեր անորոշ ներկան:

«Եթե փորձենք ինչ-որ հենք դնել եւ դրանից սկսել բարձրանալ` ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչ չունենք,  դեպի ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ենք ունեցել, ապա  դարձյալ կլինի կրկնվող այն ռեֆրենը, որ մշակույթը Հայաստանում քաղաքական դաշտի կողմից լրջորեն կամ մտածված չի ընկալվում, հանրությունն էլ այն չի ընկալում որպես օրվա հրամայական… Երկիրը, ազգը, հատկապես մեր չափերի ու մեր պատմությունն ունեցող ազգը, հենց մշակույթ պետք է ստեղծի, իսկ մնացած ամեն ինչը մշակույթի` որպես գաղափարաբանության հենքի վրա պետք է ձեւավորվեն: Ես մեր բոլոր տապալումները, ձախավեր վիճակներն ու ճգնաժամերը, այդ թվում նաեւ մեր ներկայիս տիղմի մեջ  թաղվածությունը պայմանավորում եմ այս անկյունաքարի բացակայությամբ: Մենք մշակույթին լուրջ չենք վերաբերվում, ավելին` մշակույթին չենք վերաբերվում ընդհանրապես: Մենք մշակույթն ընկալում ենք որպես թագավորի պալատում պար եկող ծաղրածու, որպես շոու-բիզնեսի ներկայացուցիչների մատուցած  ճարտարարվեստի կամ  երաժշտության ինչ-որ հատվածիկներ եւ լավագույն դեպքում դասական տարրեր՝ օպերա, նվագախումբ կամ պատմություն` Նարեկացի, Խորենացի, Շիրակացի, դասական գրողներ: Մինչդեռ այդ ամենը այդպես չէ: Ունենք օրվա հրամայականներ, որոնք կարող են ձեւավորել կամ կործանել ապագան: Չեմ համարում, թե մեր ապագան կայացած ներկա է, այն չկայացած, տղմուտ ներկա է… Հենց այդ ներկայում մենք մատնանշում ենք հնարավորություններ, որ փորձենք ապագան ձեւավորել, որ գոնե վաղը հարաբերականորեն ավելի լավ լինի, որպեսզի ֆենոմենալ երեւույթներ կարողանանք ունենալ` հաջողակ կինո,  գրականություն, երաժշտություն, կերպարվեստ եւ այլն: Այդ ամենի համար պետք է ամբողջ մշակութաբանական պրոցեսը, ֆինանսավորումը, կառավարության ամբողջ քաղաքականությունը վերանայել: Արդյոք պատրաստ է մեր կառավարությունը դրան, կարծում եմ` ոչ, որովհետեւ կառավարությունը` համար 1 խնդիր` փող չունի, եւ համար 2 խնդիր` փող ունի ծայրը ծայրին հասցնելու` «օրվա հացի» հարցը լուծելու եւ պատերազմի համար: Սա արատավոր ու փակ շրջան  է, այս փակ շրջանից դուրս պրծածները, այդ թվում նաեւ մեր հարեւան Վրաստանը, այդ հրամայականը, խնդիրը, գորդյան հանգույցն իրենց համար քանդել են, գտել են ելքը: Հիմա մեր հերթն է կամ մեր հերթը չէ՝ ինքներս պետք է որոշենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Ապա անդրադարձավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարին ու նախագահի ընտրությանը: «Փառք Աստծո, երբեք անդամը չեմ եղել այդ միության եւ այս պահին էլ անդամ չեմ, անհրաժեշտություն չեմ նկատել, ոչ էլ որեւէ մեկի հետ քննարկել եմ անդամության հարցը, չնայած կինոյի հետ վերջին հաշվով  փոքրիշատե «առնչություն ունեմ»: Վերը նշված հրամայականներով Կինեմատոգրաֆիստների միությունը պետք է դառնա համքարություն: Ժամանակին այդ միությունը ստեղծված է եղել գաղափարաբանական առումով որոշակի արտոնություններ տալով կինեմատոգրաֆիստներին` Խորհրդային միության սանձերով սանձած պահելու համար: Չնայած դրան` միության ներսում առկա են եղել դրական վեկտորի գործընթացներ, այդ թվում նաեւ ստեղծագործական առումով, որոնց արդյունքը տեսել ենք` 60-70-ականների մեր որակյալ կինոն: Ինչ-որ դեր այդ միությունը խաղացել է, եւ արհմիության գործառույթները նա լիուլի կարող է ստանձնել, եթե  այսօր էլ այդ  գաղափարով տոգորված ու նոր մտածողությամբ մի թիմ կամ մեկը կարողանա ստանձնել եւ առաջ տանել: Այլապես կինոմիությունը էքստենսիվ գոյություն է քարշ տալիս, ինչը ցավալի է: Ճիշտ է` թոշակառուներին վատ չի նայում, շաքարավազը կամ ալյուրը նրանց բաժանվում է կամ կոպեկները, որ բանկերում պահվում է: Արդյոք դա կարո՞ղ ենք  համարել լավ նայել, իսկ  կինոյի հրամայականը ո՞րն է: Կինոյի հրամայական չկա… Այստեղ պետք է մի համքարություն, որը կինեմատոգրաֆիստների շահերը աշխարհի եւ առաջին հերթին ՀՀ կառավարության, Հայաստանի հանրության առաջ կպաշտպանի, մի մարմին է պետք, որը ճիշտ շեշտադրումներով, չեմ ասի հեղափոխական, քանի որ չեմ ակնկալում այսօրվա կինեմատոգրաֆիստների շրջապատից հեղափոխություն, բայց փոփոխությունների, բարեփոխումների սկիզբը, սաղմնավորումը դնելու գործը կստանձնի, որը ոչ պակաս պատվախնդիր գործ է` հաշվի առնելով ներկա իրավիճակը թե՛ հանրապետությունում, թե՛ միության ներսում:

Կինեմատոգրաֆիստների միության մասին ես շատ խորը դատողություններ անել չեմ կարող, որովհետեւ դրսից եմ դատում, մարդկանց միջոցով գիտեմ, թեեւ  ըստ էության բոլոր ներգրավված խմբերին ճանաչում եմ: Նրանց  խոհանոցի հետ առնչություն չունեմ, բայց չեմ կարծում, թե առանձնահատուկ կարիք կա, ես ուղղակի դիտարկում եմ հարցը` իրենց եւ հանրության, իրենց եւ կինեմատոգրաֆիստներիս փոխհարաբերություններով, դիտարկում եւ տեսնում եմ, որ անհուսալի է վիճակը: Կարծում եմ, որ ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել հետեւյալը` որքան էլ թվա, թե  ինչ-ինչ արտոնություններից, շաքարավազից, պահածոներից կամ ալյուրից մարդիկ կզրկվեն, թեեւ չեմ կարծում, որ որեւէ 70-80 տարեկան, վաստակ ունեցող միության անդամներին դրանից կզրկի, ընդհակառակը, կարծում եմ, որ որոշակի հաջողակ քայլերից հետո, այսպես ասած` սոցիալական նվազագույն փաթեթի արտոնությունները  կպահպանվեն եւ կբազմապատկվեն, բայց միեւնույն ժամանակ ռեֆորմներ են պետք, եւ փրկություն է պետք: Ինչպես կինոն է պետք փրկել, այնպես էլ զուգահեռ` Կինեմատոգրաֆիստների միությունը: Այն պետք է փրկել ու դարձնել պրոֆեսիոնալ գիլդիա:

Իմ ունեցած տպավորությունն այնպիսին է, որ այս պահին, որ անցած ճանապարհի, վաստակի առումով  թեկնածուներից միայն Հարություն Խաչատրյանը կարող է սա  իրագործել, լավ թիմ բերել կամ ձեւավորել, պետության առաջ կինոյի շահերը ներկայացնել եւ պաշտպանել, ինչպես որ դա հաջողված կերպով արել է «Ոսկե ծիրանը» ձեւավորելու համար, ինչպես որ իր հանրային դիրքորոշմամբ կարողացել է բարեփոխական առումով  պետության հետ դիալոգի գնալ: «Ոսկե ծիրանը» 15 տարիների ընթացքում հսկայական հաջողությունների է հասել, չնայած բոլոր ճգնաժամերին եւ մարտահրավերներին՝ փառատոնը ոտքի վրա է մնացել, ավելին՝ բարգավաճել է եւ միջազգային ասպարեզում բարձր համարում ունի: Սա չափորոշիչ է, հետեւաբար  ես իմ ընկերների համքարությանը կոչ կանեի, որ իր թեկնածությունը պաշտպանեին: Համենայնդեպս, ավելի վատ չի լինի, իսկ ավելի լավ լինելու նախանշաններ տեսնում եմ»,-համոզված է Դավիթ Մաթեւոսյանը:

 

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Կինոյի մասին օրենքի վերաբերյալ Դավիթ Մաթեւոսյանի տեսակետը`

«Առավոտի» առաջիկա համարներից մեկում: 

Լուսանկարը՝ Անատոլի Ստեպանենկոյի

«Առավոտ» օրաթերթ    

 29.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930