Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի, որ հոբելյանս մշակույթի նախարարությունը նախաձեռներ»

Սեպտեմբեր 30,2017 14:00

13 տարի անց Պապին Պողոսյանը Երեւանում  է 

Ընթացիկ տարվա սկզբին, երբ ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ էր հղել ամերիկաբնակ երգիչ Պապին Պողոսյանին՝  ծննդյան 65 եւ բեմական ստեղծագործական գործունեության 45-ամյակների առիթով, ակնկալվում էր, որ դրան կհետեւի ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելը: Երգիչը հոբելյանների առիթով արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ սփյուռքի նախարարության Կոմիտաս շքանշանի:Լոս Անջելեսում բնակություն հաստատելուց եւ բեմական գործունեություն ծավալելուց շուրջ 13 տարի անց, առաջին անգամ հոկտեմբերի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ճանաչված երգիչը կհանդիպի իր արվեստի երկրպագուներին:

Պապին Պողոսյանի կարիերան սկսվեց  1970-ականների վերջերից: Նա 1978թ.-95 թթ. հանդիսացավ Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի մեներգիչ: Արվեստագետի մոտ 100 ձայնագրությունները պահպանվում են Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում: Նկատենք, որ երգիչը անսամբլում հայտնվեց այն ժամանակահատվածում, երբ իրենց կարիերայի, ճանաչման, համընդհանուր սիրո  գագաթնակետում էին Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Հովհաննես Բադալյանը,  Նորայր Մնացականյանը… Իհարկե, խոչընդոտներ եղել են բազում, բայց կարճ ժամանակահատված պահանջվեց Պապին Պողոսյանից՝ իր լսարանն ունենալու համար: Ավելին, կարճ ժամանակ անց անսամբլի ժողովրդական արտիստների հետ ինքն էլ սկսեց մեկնել հյուրախաղերի՝ հանդես գալով աշխարհի բազմաթիվ երկրներում: Թողարկեց ավելի քան 10 CD, նկարահանեց մի շարք տեսահոլովակներ: Դրանցից առանձնացնենք մեկը՝ մոսկովյան «Մելոդիա» ֆիրման, որն ընտրության մեջ չափազանց ժլատ էր, 1991թ. թողարկեց երգչի «Հավատքի երգ» ձայնասկավառակը: Հետո Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գլխին ամպեր կուտակվեցին: 1992թ. Հեռուստատեսության եւ ռադիոյի չինովնիկներից մեկի թեթեւ ձեռքով դրսում հայտնվեցին վաստակավոր եւ ժողովրդական կոչում ունեցող երգիչներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Արտեմ Մեջինյանը, Անժելա Աթաբեկյանը, Խաչատուր Ներսիսյանը…, ի վերջո՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Մանվել Բեգլարյանը:  Այդ տարիներին էր, որ իր գործնկերների նկատմամբ ունեցած նման վերաբերմունքից վիրավորված, Ռուբեն Մաթեւոսյանը եւս հեռացավ անսամբլից, ստեղծելով «Աստղեր» անսամբլը, ուր ներգրավեց անվանի արտիստներին… (Իհարկե, հետո արդեն վերականգնվեց անսամբլը, Ռուբեն Մաթեւոսյանն էլ ստանձնեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնը):    Զուգադիպություն էր, թե ոչ, Պապին Պողոսյանն էլ 1995թ. հեռանալով անսամբլից, հիմնեց իր «Վերածնունդ» ժողովրդական-էստրադային անսամբլը, թեեւ ոչ ոք նրան չէր ասել «աչքիդ վերեւ ունք կա»: «Վերածնունդը» 1997թ. եւ 2001թ. Մոսկվայում արժանացավ «Ոսկե սկավառակ» մրցանակի: «Առավոտի» հետ զրույցում Պապին Պողոսյանը հիշեց իր հիմնած «Վերածնունդը», ասաց, որ այդ ժամանակ մեծ ցանկություն ուներ հայկական ժողովրդական ու աշուղական երգը ժողովրդական եւ էստրադային նվագարանների սինթեզի միջոցով նորովի հնչեցնել: Իսկ թե երգիչը իր որոշ կոլեգաների նման ինչպես հայտնվեց Ամերիկայում, մեր զրուցակիցը մանրամասնեց. «Տասներեք տարի առաջ, ապրիլին, հրավերով մեկնեցի ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ՝ Նյու Յորք, Բոստոն եւ այլն, մենահամերգներ ունեցա,  վերադարձա՝ դեկտեմբերին դարձյալ հյուրախաղերի առաջարկ ունենալով: Այդ անգամ մեկնեցի արդեն տիկնոջս՝ Կարինե Հասասյանի հետ (քանոնահարուհին 30 տարի հանդիսացել է Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի արտիստ): Այդ ընթացքում որդիս ընտանիքով մեկնեց Ամերիկա՝ մշտական բնակության: Կարճ ասած՝ մեր ավանդապահ ընտանիքը միավորվեց Ամերիկայում»:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում, Հայաստանի նման, երաժիշտների, մասնավորապես՝ երգիչների «օվկիանոս» է առաջացել:  Պապին Պողոսյանը Ամերիկայում ունի՞ այն լսարանը, որ Հայաստանում էր: Երգչի ձեւակերպմամբ՝ «սիրածս գործով եմ զբաղվում, դրանք համերգներն են՝ նաեւ բարեգործական, ու Հայաստանի տոների առիթներով կազմակերպված բոլոր միջոցառումները: Դասավանդում եմ  «Սոնատա» երաժշտական դպրոցում»: Արվեստագետին փոխանցեցինք վերջերս մեզ հետ զրույցում ճանաչված դերասան Լեւոն Շարաֆյանի հայտնած այն միտքը, թե Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում վարձակալման ահավոր գներ են՝ ավելի քան 10.000 դոլար, երեւի դա է պատճառը, որ չենք լսել՝ Պապին Պողոսյանը մենահամերգ ունենա այդ հսկա սրահում, երգիչը պատասխանեց. «Վարձակալման մեկ օրն իսկապես արժե 12-13 հազար դոլար, բայց հենց վերջերս «Ալեքսում» ես Գագիկ Բադալյանի հետ, որը Հովհաննես Բադալյանի սիրված սաներից էր, համերգ ունեցա: Իսկապես շքեղ  շոու էր ու մեր կատարումները ուղեկցվում էին լուսային էֆեկտներով, ինչը նույնպես մեծ գումար արժե: Բնականաբար, ունենք հովանավորներ…»:

Անդրադառնալով իր հոբելյաններին, հարցրինք՝ ցանկություն չունի՞ հայրենիքում էլ նշել դրանք, Պապին Պողոսյանի պատասխանը հակիրճ էր՝ «Ցանկություն ունեմ, այն էլ ինչքան՝ մեծ: Կուզեի, որ  մշակույթի նախարարությունը նախաձեռներ: Իսկ ընդհանրապես ցանկությունս մեծ է՝ 2018-ին մենահամերգով հանդես գալ ոչ միայն Երեւանում, այլեւ Ստեփանակերտում»: Հավելեց նաեւ, որ հոկտեմբերի 3-ին կայանալիք համերգում իր հետ են ամերիկաբնակ ճանաչված իր կոլեգաները՝ երգիչներ Սալբի Մայիլյանը, Էմմա Թովմասյանը, Արմեն Հովհաննիսյանը եւ Հերմինե Ամիրյանը (այս խմբի պրոդյուսերն է Հասմիկ Զալյանը), իսկ երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ Անահիտ Սահակյանը, Վարդան Բադալյանն ու Մավր Մկրտչյանը: Երգիչներին կընկերակցի Հայաստանի ժողովրդական գործիքների ազգային անսամբլը՝ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:  Համերգի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրինությունը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ    

 29.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930