Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմում սխալները շատ են եղել»

Սեպտեմբեր 30,2017 18:00

Արցախի ՊԲ գնդապետը վստահեցնում է, որ քառօրյա պատերազմի նման այլեւս հակառակորդը չի կարող մեզ մոլորեցնել

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը ՀՅԴ-ի կազմակերպած «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրել էր ապրիլյան պատերազմից, թե ինչո՞ւ ստացվեց այնպես, որ հարձակման պահին մեր գործողությունները համարժեք չէին, անսպասելիության էֆեկտ առաջացավ, եւ դրա մասին խոսում են սոցցանցերում: Գնդապետը պատասխանեց. «Պարբերաբար սրելով իրադրությունը առաջնային գծում, անընդհատ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերով՝ մեր ուշադրությունը սեւեռվել է դրա հակազդմանը: Չունենալով ավելի խորը հետախուզման միջոցներ՝ ի վիճակի չենք եղել: Օրինակ՝ առաջնագիծ է դուրս բերվել 2 տանկ, հաջորդ գիշերը ձայներ են լսվել, որ տանկեր են հետ գնում, զրահատեխնիկայի անընդհատ տեղաշարժերի մեջ նրանց հաջողվել է մեզ մոլորեցնել: Հետո նոր միայն զրահատեխնիկայի կիրառում հայտնաբերելով՝ անցել ենք գործողությունների»:

«Առավոտը» Վիկտոր Առուստամյանից հետաքրքրվեց՝ եթե ապրիլյան պատերազմից առաջ ադրբեջանցիներին հաջողվել է անընդհատ զինտեխնիկայի տեղաշարժ անել եւ դրանով մեզ մոլորեցնել, այսօր մենք ինչքանո՞վ ենք զգոն եւ պատրաստ՝ նման մոլորություններից զերծ մնալու համար, հնարավո՞ր է նորից մոլորվենք՝ Առուստամյանը պատասխանեց. «Ներկա դրությամբ նման բան չի կարող լինել, որովհետեւ հիմա մարտավարական գոտում ամեն ինչ վերահսկելի է, ե՛ւ դիտարկման համակարգը, ե՛ւ հետախուզության համակարգը արդեն գործում են լիարժեք, իրենց խնդիրներն ի վիճակի են լուծել, արդեն տեխնիկական հագեցվածությունը կա»:

Հարցին՝ մենք ի՞նչ դաս քաղեցինք ապրիլյան պատերազմից, այսօր կարո՞ղ ենք սխալներից խոսել, Վիկտոր Առուստամյանը պատասխանեց. «Սխալները շատ են եղել, եղել է եւ դրականը, կատարվել է վերլուծություն, սխալների ուղղությամբ միջոցներ ձեռնարկվում են, դրականը տարածվում է տարբեր գործողություններով: Հիմա ամեն ինչ արվում է թերությունները վերացնելու համար: Ամենակարեւոր դասը, որ քաղեցինք ու հասկացանք ապրիլյան պատերազմից, այն էր, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, զինված ուժերը պետք է մշտապես լինեն զգոն»:

Մամուլում, սոցցանցերում պարբերաբար բազմաթիվ  խնդիրներ էին նշում, որ տանկերում վառելիք չի եղել, կեղծ վառելիք է եղել: Այս առնչությամբ Վիկտոր Առուստամյանը պատասխանեց. «Նման բան չկա, ես, որպես ՊԲ օպերատիվ բաժնի պետ, ասում եմ, որ բոլոր տանկերը գործարկվել են եւ հասել են իրենց մարտական կիրառման շրջաններին, որեւէ տեխնիկայի ինչ-որ նյութերի բացակայության պատճառով նման խնդիր չեն ունեցել, չի եղել»:

Հարցին՝ հիմա մենք պատրա՞ստ ենք ռազմական ճանապարհով հարցի լուծմանը, Առուստամյանը պատասխանեց. «Պատրաստ ենք եւ կշարունակենք պատրաստվել ու կատարել մեր առջեւ դրված առաջադրանքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ    

 29.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե չեն կարողանում մեկ կրակոցով երկու նապաստակ խփել, 25 տարվա ընթացքում կարելի՞ էր սովորել գոնե մեկին կպնել:
    Թույլ եւ թշնամու համար հարմար նախագահ:
    Հատուկ ծառայությունները կրում են միայն անունը:
    Գլխավոր շտաբում սպեկուլյանտներ ու վաճառականներ են:
    Բանակը գոյատեւում է քրեական “օրենքներով”, …

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930