ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերջին տարիներին մշակել եւ ներդնում է մշտադիտարկման եւ գնահատման համակարգ, որի միջոցով ստուգվում եւ գնահատվում են նախարարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի եւ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։ Համակարգի էության և կատարված աշխատանքների շուրջ զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի հետ։
– Տիկին Հարությունյան, ո՞րն է մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման նպատակը, և որո՞նք են այն շարժառիթները, որոնցից ելնելով կարիք է առաջացել նման համակարգ ունենալ։
– Այս գործիքի ներդրման նպատակն է մեր գերատեսչության կողմից տարվող քաղաքականության հիմնական առաջնահերթությունների սահմանումը, քանի որ մշտադիտարկման և գնահատման համակարգը թույլ է տալիս դիտարկել և հասկանալ, թե այս կամ այն ծրագրի մեկնարկով ու ավարտով ինչ արդյունքներ են գրանցվել, և ըստ այդմ էլ՝ ինչ փոփոխություններ պետք է անել տարվող քաղաքականության մեջ։ Նպատակի տեսանկյունից մեզ համար կարևոր է նաև ֆինանսական արդյունավետության բարձրացման խնդիրը, այսինքն՝ հնարավորինս քիչ միջոցներով էլ ավելի լավ ծրագրեր իրականացնել: Նմանապես կարևոր է ծրագրերի հասցեականության բարձրացումը, որը մենք անում ենք շահառուների կարծիքի ուսումնասիրությունների միջոցով՝ բացահայտելով ու գնահատելով նրանց կարիքների համապատասխանությունն առաջարկված ծրագրերին։ Համակարգի նպատակներից է բնականաբար նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քանզի մշտադիտարկմամբ մշտական տվյալներ ստանալով՝ մենք կատարում ենք նպատակային ուսումնասիրություններ՝ թե կոնկրետ որ ոլորտում են առկա խնդիրներ։ Այս ամենի արդյունքում ընտրված գործիքակազմը հնարավորություն է տալիս արագ կանխարգելելու խնդիրները, հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Ինչ վերաբերում է շարժառիթներին, պետք է նշեմ, որ դրանք ածանցյալ են նպատակից, հետևաբար մեզ համար առաջնային խնդիր էր հասկանալ, թե գերատեսչության կողմից արվող հսկայածավալ ծրագրերը որքանով են արդյունավետ, չէ՞ որ բյուջեի զգալի մասը հատկացվում է դրանց, որքանո՞վ են համապատասխանում իրավիճակին, արդյո՞ք դրանք ամբողջությամբ արձագանքում են մեր շահառուների կարիքներին։ Մեր գլխավոր շարժառիթներից է եղել նաև ի դեմս այս համակարգի կատարել կանխարգելիչ ֆունկցիա բոլոր այն ոլորտներում, որտեղ խնդիրներ են ի հայտ գալիս։
– Ի՞նչ մեթոդաբանություն է ընկած մշտադիտարկման և գնահատման համակարգի հիմքում, այսինքն՝ ի՞նչ գործիքակազմով եք իրականացնում ծրագրերի գնահատումը։
– Մեր հիմնական գործիքակազմը ենթադրում է մշտադիտարկման ենթակա ծրագրերի վերաբերյալ ծրագրի տեղեկանքի, ծրագրի անձնագրի և ծրագրի ցուցանիշների պատրաստում։ Ընդ որում, եթե մենք նայենք միջազգային փորձը, ապա կտեսնենք, որ ծրագրի տեղեկանք կամ վավերագիր հասկացությունը նորություն է, և այն ամբողջությամբ մեր նախաձեռնությունն է։ Տեղեկանքը ենթադրում է ծրագրի ամբողջ ընթացքի ու պատմության արձանագրում, ծրագրի անձնագիրը ներառում է ընդհանուր քաղաքականությունից վերցված ընթացիկ նպատակներ, հեռահար նպատակներ, խնդիրներ, գործողություններ, ֆինանսական միջոցների արձանագրում, ըստ տարիների՝ շահառուների, ծրագրի իրականացնողների արձանագրում։ Ծրագրի ցուցանիշներն էլ մշակվում են ըստ առաջնահերթությունների կամ տրամաբանական մոդելի, դրանք ամբողջական պատկերացում են տալիս ծրագրի մասին՝ ներառյալ ֆինանսական, ինչպես նաև ծրագրի շահառուների գոհունակության աստիճանը չափող քանակական և որակական ցուցանիշներ։ Որպես կանոն, մենք յուրաքանչյուր տարվա վերջին արդեն ունենք գնահատման առաջնահերթության տեսանկյունից նախարարի կողմից սահմանված ծրագրերի ցանկ, ըստ այդմ էլ մենք սահմանում ենք հստակ ժամանակացույց, կատարում ենք տվյալների հավաքագրում, այնուհետև բուն գնահատման գործընթացը և արդեն հաշվետվությունների ներկայացումը։ Այս առումով թերևս ամենակարևոր խնդիրը հենց այդ հաշվետվություններով ներկայացված առաջարկների իրականացման մեխանիզմների հարցն է, որն էլ արդեն քաղաքականության պատասխանատուների տիրույթում է։ Այդուհանդերձ, մենք հետևողական ենք մեր բոլոր ներկայացրած առաջարկների մասով։ Կան մի շարք ծրագրեր, որոնք էականորեն բարելավվել են այդ գնահատման արդյունքներով, բնականաբար գործընթացն ինքնին դժվար է, և որոշակի խնդիրներ դեռ շարունակում են մնալ։
– Համակարգի ներդրումից հետո ունե՞ք որևէ հստակ պատկեր՝ մասնավորապես ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել, ի՞նչ բարելավումներ են կատարվել թե՛ ծրագրերի վերաբերյալ նախարարության կատարած աշխատանքների մասով և թե՛ շահառուների բավարարվածության վերաբերյալ։
– Օրինակ՝ մենք իրականացրել ենք գիշերօթիկ հաստատությունների գնահատում և եկել եզրակացության, որ գիշերօթիկ հաստատությունները, որտեղ գտնվում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, անարդյունավետ կառույցներ են, չի կարելի, որ երեխան ընտանիքների սոցիալական կարիքներից ելնելով 8-9 տարի գտնվի գիշերօթիկ հաստատությունում՝ և՛ երեխայի շահի տեսանկյունից, և՛ հասարակության հեղինակության տեսանկյունից։ Դրանից հետո, երբ մենք Նուբարաշենը վերակազմավորեցինք, երեխաների հիմնական մասը՝ 80 տոկոս, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ վերադարձավ ընտանիք, մենք սոցիալական դեպք վարողների հետ գնահատեցինք ընտանիքների կարիքները, անցած ձմեռվա ընթացքում այդ ընտանիքներին աջակցեցինք իրենց առաջնահերթ կարիքների բավարարման, ինչպես նաև զբաղվածության խնդիրների լուծման հարցում, և այսօր արդեն կան ընտանիքներ, որ նույնիսկ աջակցության կարիք էլ չունեն, իրենք ինքնաբավ են իրենց խնդիրները լուծում: Մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ ևս դրական առաջարկություններ ենք ներկայացրել, և հիմա բարեփոխումներ են ընթանում։ Բայց և կան ծրագրեր, որ մենք առաջարկում ենք դադարեցնել, որը ոչ արդյունավետ է եղել։ Երեք ծրագրերի վերաբերյալ ներկայացրել ենք բացասական դիրքորոշում՝ որ կա՛մ ծրագիրը պետք է դադարեցվի, կա՛մ իրավական ակտերում կատարվեն փոփոխություններ։ Մեկ այլ դեպքում՝ աշխատանքային կենսաթոշակների գնահատման ժամանակ, մենք նշեցինք, որ լուրջ խնդիր է արդարության տեսանկյունից, երբ կենսաթոշակի չափը հաշվարկվում է միայն ստաժով և ոչ քաղաքացու կատարած վճարումների չափով։ Երբ շահառուների կարծիքը հարցրեցինք, ընդամենը վեց տոկոսն էր գոհ կենսաթոշակի չափից։ Վճարման ծառայությունների գնահատման ժամանակ պարզվեց, որ անկանխիկ վճարումները բանկերի միջոցով և՛ հասցեական են, և՛ ֆինանսապես ավելի արդյունավետ, քան կանխիկ փոստի միջոցով, որի դեպքում, ըստ հարցման արդյունքների, անգամ ամսական 30-40 մլն միայն «թեյավճար» էր մնում։ Բացի այդ, 1.6 մլրդ միայն փոստին գումար էր տրվում ծառայություններ մատուցելու համար։ Հետևաբար անկանխիկ վճարումներին անցումը այլընտրանք չուներ։ Նույնն էլ ընտանեկան նպաստները գնահատելու ժամանակ պարզեցինք, որ նպաստների դեպքում սահմանված է, որ այն պետք է ստանան տուն առաքման միջոցով, քանի որ հիմնականում անապահով ընտանիքներ են, բայց հարցումների արդյունքում պարզվեց, որ 44 տոկոսը գումարը ստանում է անմիջապես փոստային բաժանմունքից։ Այսինքն՝ փոստն առանց ծառայություն մատուցելու պետության կողմից ստանում է ծառայության մատուցման գումար։ Մեծ թվով առաջարկություններ ենք արել զբաղվածության ծրագրերի գնահատման ժամանակ՝ մասնավորապես, որ ամենամյա ծրագրերի ցուցանիշները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականացվող միջոցառումներին, որ թիրախները ոչ ճիշտ են հաշվարկված, նույնիսկ կայուն զբաղվածության գործակցի հաշվարկման մեթոդաբանությունն է սխալ, բացի այդ, ծրագրի ծավալների վերաբերյալ լուրջ խնդիր կա։ Առհասարակ, մի տարածքում մեկ ծրագիրը կարող է արդյունավետ լինել, մյուս տարածքում՝ մեկ ուրիշը։ Չափազանց կարևոր է հաշվի առնել աշխատաշուկայի իրավիճակը և ընտրել ծրագրերի իրականացման օպտիմալ ծավալներ՝ առաջարկին, պահանջարկին և նախորդ տարիների դինամիկային համապատասխան: Բացի այդ, շահառուների կարողությունը, կրթվածությունը, աշխատանքային փորձը խիստ տարբեր են։ Ամեն մեկի համար չէ, որ ծրագիր պետք է անես։ Գնահատման արդյունքում այս ամենը մենք պարզում ենք։ Օրինակ՝ կարկտահարության դեպքից հետո Արմավիրի մարզում նախարարությունն իրականացրեց գյուղացիական տնտեսությունների աջակցության և զբաղվածության ապահովման ծրագիր։ Մենք գնահատեցինք ծրագիրը և ներկայացրեցինք դրական եզրակացություն այն մասին, որ ծրագիրը նպաստել է, որպեսզի գյուղացիական տնտեսությունները նորից վերսկսեն արտադրությունը, որ լուծել են իրենց վարկային պարտավորությունների հարցը։ Այս դրական եզրակացության հիման վրա նախարարությունը մշակեց սեզոնային զբաղվածության ծրագիր, որը բավականին հաջողված ու արդյունավետ ծրագիր է, հուսանք՝ այն կունենա շարունակություն։
– Տիկին Հարությունյան, մշտադիտարկման և գնահատման համակարգի հետագա կատարելագործման առումով ի՞նչ աշխատանքներ դեռ կան անելու, ունե՞ք ամբողջական պատկերացում, թե որն է վերջնարդյունքը։
– Բնականաբար դեռ կան անելիքներ։ Աշխատանքներ ենք իրականացնում մեր կողմից սահմանված մեթոդաբանությունն էլ ավելի կատարելագործելու և հղկելու համար։ Առաջիկա պլաններով նախատեսում ենք նաև ենթակա ՊՈԱԿ-ներում մատուցվող ծառայությունների գնահատում իրականացնել, որն անելու ենք նաև խորհրդատու կազմակերպության աջակցությամբ։ Ուզում ենք նաև արտաբյուջետային ծրագրերի գնահատում իրականացնել։ Մեզ համար դեռ գերխնդիր է մշտադիտարկման և գնահատման էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կապահովի տվյալների ստացում էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային համակարգի դեպքում մուտքագրելու են բոլոր քանակական ցուցանիշները, սահմանված պարբերականությամբ հաշվետվությունները, դաշտային աշխատանքների արդյունքները, և այդ ամբողջ բազայի հիման վրա էլ տեղի կունենա գնահատման բուն գործընթացը։ Առաջիկայում էլ արդեն նախատեսում ենք ներկայացնել մի շարք ուղղություններով շուրջ մի քանի տասնյակ ծրագրերի վերաբերյալ գնահատականներ։
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2017