Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո Երեւանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին:
– Դուք վոլեյբոլով կամ ընդհանրապես սպորտով զբաղվե՞լ եք:
– Չեմ կարծում, որ լինի մի հայ տղա, որը վոլեյբոլ շատ խաղացած չլինի:
– Դուք ղեկավարում էիք Երեւանի վոլեյբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո ի՞նչ ծրագրեր ունեք:
– Հիմնականում մեր մարզաձեւի մասսայականության զարգացումը, որի արդյունքում միայն հնարավոր է վարպետության աճ եւ հաջողություններ ակնկալել միջազգային մրցումներում:
– Դրա համար առաջնայինը պայմաններ ունենալն է: Մայրաքաղաքում այդ հարցը շատ թե քիչ լուծելի էր: Մարզերի խնդիրն այլ է:
– Այն ընթացքում, երբ ղեկավարում էի Երեւանի ֆեդերացիան, մասսայականացման եւ մարզաձեւի զարգացման առումով որոշ ձեռքբերումներ ունեցել ենք: Ամեն տարի անցկացվել են մանկապատանեկան առաջնություններ, դպրոցական խաղեր: Իսկ այսօրվանից սկսած իմ միջամտությունը կլինի Հայաստանում վոլեյբոլի զարգացման գործում: Ինչ վերաբերում է դահլիճներին, դրանք կան, բայց լուրջ խնդիրներ ունեցել ենք անգամ Երեւանում: Այդ հարցով ավելի լուրջ ենք զբաղվելու, որպեսզի երեխաները հարմարավետ դահլիճներում կարողանան մարզվել սեկցիաներում: Ուզում ենք հասնել նաեւ այն բանին, որ դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայում հատուկ վոլեյբոլի ծրագիր մտցվի:
– Մասսայականությունը վարպետության կբերի՞, եթե շատ տեղերում մարզիչները լավ չեն աշխատում:
– Անշուշտ: Բայց մեկն առանց մյուսի արդյունք չի տա: Ամեն տարի անցկացվում են մարզային առաջնություններ, որոնցում հանդես են գալիս նաեւ Արցախի թիմերը: Հաղթողները մասնակցում են հանրապետության առաջնությանը: Մեր նպատակը նախնական փուլերում ներգրավվածությունն ավելացնելն է: Այո, շատ կարեւոր է նաեւ տեղերում աշխատանքների ճիշտ կազմակերպումը: Տեսեք, ունենք մարզեր՝ Սյունիք, Ամասիա, Մարալիկ եւ էլի մարզեր ու քաղաքներ, որտեղ վոլեյբոլի դրվածքը մյուսների հետ համեմատած լավ է ու արդյունքներ էլ կան: Օրինակ՝ Համահայկական խաղերում: Հետեւաբար, պետք է նրանց փորձն ու նվիրվածությունը տարածել նաեւ մյուս մարզեր ու քաղաքներ: Դա հեշտ չի լինելու, բայց հարկավոր է աշխատել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2017