Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Հախումի  եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր» 

Սեպտեմբեր 29,2017 22:25

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզպետարանում կայացավ մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը: Մարզպետը ներկայացրեց վերջին մեկ տարում Տավուշում կատարված աշխատանքները, մարզի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր, դրանց արդյունքները, պատասխանեց լրագրողների հարցերին:

Խոսելով Տավուշի ոռոգման համակարգի մասին՝ մարզի ղեկավարը հայտնեց, որ կառավարության հանձնարարությամբ ստեղծվել է Տավուշի մարզում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը օրերս ՀՀ վարչապետին Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը ներկայացնելիս մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել: Դրանք հնարավորություն կունենան մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, որի շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում է 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Տավուշի մարզում այժմ ոռոգելի է 6 հազար հեկտար տարածք: Եթե հաջողվի այդ ծրագիրn իրականացնել, մարզի ոռոգելի տարածքները կկազմեն 10 հազար հեկտար եւ ավելի: Հ. Աբովյանն ասաց, որ մարզի ոռոգման ջրագծերում, ներքին ցանցում կան խնդիրներ: Ներքին ցանցի նորոգման շնորհիվ եւս 2750 հեկտար ոռոգելի կդառնա: Ոռոգման համակարգի ներքին ցանցի հիմնանորոգման, վերանորոգման ընդհանուր ծախսը կկազմի 2 միլիարդ դրամ:

Մարզպետին հարց տվեցինք Ոսկեպար, Կողբագետ, Քարահան եւ այլ գետերի ջրերը ոռոգման նպատակով կուտակելու հնարավորության մասին: Այդ գետերի ջրերը հոսում են Ադրբեջան եւ ոռոգում այդ երկրի տարածքները: Մարզպետն ասաց, որ փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագրում ուշադրություն է դարձվել նշված գետերի խնդրին, հարցը քննարկվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների հետ, ուսումնասիրվել են այն տեղանքները, որտեղ ջրամբար կառուցելն ավելի արդյունավետ կլինի: Կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր:

Հ. Աբովյանն աասաց, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողների: Նրանց ներգրավելու պայմաններից է որոշակի ժամանակահատվածում, երկարաժամկետ պայմանագրով, ներդրողներին հնարավորություն տալ ոռոգման սեզոնից հետո կառավարելու բոլոր այն ջրերը, որ կկուտակվեն այդ ջրամբարներում: Այսինքն ՝ ներդրողներին ՀԷԿ-եր գործարկելու հնարավորություն կտրվի, ջրամբարների շրջակայքի տուրիստական գոտին եւս կտրամադրվի ներդրողներին, նրանց նաեւ հնարավորություն կընձեռվի զբաղվել ձկան արտադրությամբ: Հ. Աբովյանը հայտնեց, որ արտերկրի մեր հայրենակիցների հետ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Սա չէր,որ խոստացավ 4000 աշխատատեղ բացել Տավուշում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930