Երկրում վերջերս տեղի ունեցած աղմկոտ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննադատությունները, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի կարծիքով, հուզական բնույթ են կրում:
Նրա խոսքով՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ վիճակագրական փոփոխություններ չկան, իսկ քննադատությունն ավելի շատ է։ Չնայած դրան՝ նա ասաց, որ ոստիկանությունը խոստանում է վերանայել մոտեցումները եւ լինել մեկ քայլ առաջ։
Հովհաննես Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի ոստիկանությունը նախաձեռնում է ոստիկանական զորքերի գործառույթների փոփոխություն: Ըստ նրա՝ ներկայումս ոստիկանական զորքերը համարվում են զինված ուժերի մաս: Ոստիկանությունն առաջարկում է, որ ոստիկանական զորքերի գործունեությունը կարգավորվի բացառապես Ոստիկանության մասին օրենքով. «Իհարկե, սա դեռեւս միայն առաջարկ է, որը հասարակական քննարկումներից հետո կներկայացվի կառավարությանը»:
Հանրահավաքների ժամանակ ներքին զորքերը, ըստ Հովհաննես Քոչարյանի, կարող են միջամտել միայն անկարգությունների դեպքում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ