Սեպտեմբերի 28-ին իր մասնագիտական աշխատանքը կատարելիս բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը: ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է լրագրողի դեմ կատարված բռնարարքը՝ այն համարելով Հայաստանում տարածված անպատժելիության միջավայրի հերթական արտացոլանքը: Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնությունը բռնություն է նաև Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ:
ԵԼՔ դաշինքը պահանջում է իրավապահ մարմիններից անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու և խստագույնս պատասխանատվության ենթարկելու համար: Լրագրողի մասնագիտական աշխատանքին խոչընդոտելը ստեղծում է նախադեպ նման արատավոր դեպքերի հետագա կրկնության համար: Դաշինքը զորակցում և իր աջակցությունն է հայտնում Նարինե Ավետիսյանին` վստահեցնելով, որ հետևողական է լինելու կատարվածի բացահայտման և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Մամուլի հետ կապերի բաժին