Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. ՍԴՀԿ-ում ինտրիգ մի փնտրեք

Սեպտեմբեր 29,2017 20:29

Սեպտեմբերի 22-24-ը Երեւանում կայացավ ՍԴՀԿ  21-րդ փակ համագումարը: Կուսակցության հայաստանյան կառույցի նախկին ատենապետ, այժմ ՍԴՀԿ ԿՎ անդամ Նարեկ Գալստյանը հորդորում է ինտրիգներ չփնտրել նրանում, որ իրենց համագումարը փակ է եղել: Ասում է` կարգն է այդպիսին, քանզի քննարկվում են ներքին հազար ու մի խնդիրներ, որոնք պարտադիր չէ հանրայնացվեն, հնարավոր են սխալ կամ թյուր ըմբռնումներ: Միաժամանակ փաստում է. «Մենք ներքին բարձրագույն ժողովրդավարություն ունեցող քաղաքական կազմակերպություն ենք»: Ավելին, չի կարծում թե մեր իրականության մեջ շատ են համանման սկզբունքներով քաղաքական կազմակերպությունները:

Իսկ համագումարի ժամանակ, կարծում է, ՍԴՀԿ-ն «բարձրագույն իմունիտետ» ձեռք բերեց: Ընդունված բանաձեւերն էլ նախանշում են ՍԴՀԿ-ի գրծունեության ուղղությունները համաշխարհային մակարդակում: Ըստ այդմ, ՍԴՀԿ-ն կշարունակի Հայ դատին, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված իր ջանքերը միջազգային այն բոլոր հարթակներում, որտեղ ՍԴՀԿ անդամները հնարավորություններ ունեն մասնակցելու: «Արցախի միջազգային ճանաչման հարցը դարձել է եւ առաջիկա չորս տարիներին էլ շարունակելու է լինել ՍԴՀԿ-ի առաջնահերթություններից մեկը: Հայ դատի այժմյան հանգուցալուծումը մեզ համար ուղիղ կապված է Արցախի միջազգային ճանաչման  կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Գալստյանը`հավելելով, որ կուսակցության վերջին համագումարն իր կարծիքով տվեց իր քաղաքական «պրոդուկտը»:

ՍԴՀԿ-ում չեն անտեսելու նաեւ Հայաստանին` քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մնացյալ բոլոր հարթություններում: «Հայրենի հողի վրա ՍԴՀԿ-ն առաջիկայում քաղաքական հաջողություններ պետք է արձանագրի»,- ըստ Նարեկ Գալստյանի` սա է համագումարի երկրորդ առաջնահերթությունը: ՍԴՀԿ համագումարը նաեւ մանդատ է շնորհել իր անդամներին`շարունակել թուրքական ժողովրդավար հատվածների հետ հարաբերությունները`նախապայմանով, որ այդ գործիչները պետք է հրապարակայնորեն ընդունած լինեն հայոց ցեղասպանության փաստը:

Այս համագումարում ՍԴՀԿ ԿՎ-ն գրեթե ամբողջությամբ փոփոխվեց: Կուսակցության ղեկավար մարմնից հեռացվեցին այն կուսակցականները, որոնք, այսպես ասած, խնդրահարույց դեմքեր էին եւ տարբեր ինտրիգներում էին խառնված: Նարեկ Գալստյանը համամիտ չէ, որ նրանք «հեռացվել են ղեկավար մարմնից»: Կրկնում է`իրենք ժողովրդավար կազմակերպություն են եւ համագումարի 16 երկրներից  շուրջ 100 պատվիրակները պարզապես հանգել են այն եզրակացության, որ առաջիկա չորս տարիների ընթացքում լինելու են այդ մարդիկ. «Դա չի նշանակում, որ որեւէ մեկը հեռացվեց: Բոլոր գործող եւ կարող ընկերները, որոնք ժամանակին ունեցել են կուսակցական բարձր պաշտոններ եւ այժմ ընդգրկված չեն ղեկավար մարմնում, մեր կողքին են, մեզ հետ թեւ-թիկունք տված են, մեզ հետ միասին աշխատելու են, որպեսզի Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին վերաբերվող մեր կուսակցության առջեւ դրված խնդիրները կարողանանք լուծել»:

Մեր զրուցակիցը, ով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետն էր, այժմ ՍԴՀԿ ԿՎ անդամ է: Հայաստանյան կառույցի ղեկավարին կընտրեն առաջիկայում կայանալիք Հայաստանի ՍԴՀԿ պատգամավորական ժողովում: «Ատենապետի հարցը մեր պարագայում երկրորդական հարց է: Ատենապետը ոչ կուսակցության տերն է, ոչ տիրակալը: Կարեւորը`մեր առաջիկա չորս տարիների ռազմավարությունն ու մարտավարությունն է, որը ամրագրվեց համագումարով, եւ պետք է իրականացնեն տեղական կառույցները: Անձի խնդիր դնելը երկրորդական-երրորդական է: Կուսակցականներն են որոշում, թե ով լինի իրենց ատենապետը»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, հուլիս ամսին «Հայազն» կուսակցությունը լուծարվեց եւ միացավ ՍԴՀԿ-ին: Նարեկ Գալստյանն ասում է, որ այժմ էլի բանակցություններ են գնում այն կուսակցությունների հետ, որոնք իրենց մոտ են գաղափարախոսությամբ: ՍԴՀԿ-ն շարունակում է իր խոշորացումը: Առաջիկա խնդիրն էլ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցությունն է: ՍԴՀԿ-ն արդեն հայտարարել է, որ այդ ընտրություններին մասնակցելու է Կապանում եւ Մարալիկում: Առաջիկա հինգ տարիներին եւս մասնակցելու են բոլոր տեսակի ընտրական գործընթացներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930