Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամբողջ սեպտեմբեր հողը մի անգամ եմ ջրել, ջուր չեն տվել, բերքս սաղ փչացել ա» (տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2017 19:13

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներ, հայր ու որդի Մովսիսյանների մոտ 4 հեկտար հողատարածքն այս սեզոնին չեն կարողացել ջրել, ոռոգման ջուր չեն ունեցել, բերքի մեծ մասը փչացել է:

Aravot.am-ի հետ զրույցում Վլադիմիր Մովսիսյանն ասաց, որ խաղողի այգուց այս տարի 7 տոննա բերք էր ակնկալում, սակայն հազիվ 2 տոննա ստանա: Մովսիսյանների ներկայացմամբ՝ բանջարաբոստանային կուլտուրաներն էլ չոռոգելու հետեւանքով չորացել են, բերք, համարյա թե չի ստացել: «Մինչ էս էլ ցուրտն ու կարկուտն էր խփել հազիվ խելքի էինք բերել, որ բերք ստանայի, հիմա էլ ջուր չեն տալիս: Ձմերուկ, պամիդոր, կուկուռուզ, բան չի մնացել: Սեպտեմբերի սկզբից պիտի 4 օրը մեկ ջրեինք, բայց էս ամիս ընդամենը 1 անգամ ենք ջրել»,-պատմեցին հայր ու որդի:

Մովսիսյանները վստահեցրին, որ ոռոգման ջրի պարտք չունեն, բայց ա’յ, վարկեր ունեն, պարտք են տրակտորի աշխատանքի համար, վարձու աշխատողներին պետք է վճարեն աշխատանքի դիմաց:

«75 հազար դրամ գարունը վճարել եմ ՋՕԸ-ին,  200 հազար էլ պիտի վճարեի, ինչի՞ համար վճարեմ, որ ջուր չեն տվել: Բայց ես ոչ մի տարի պարտք ու պահանջ չեմ ունեցել: Կողքի հողերին ջուր տվել են, 5-6 անգամ նրանք ջրել են, բայց մեզ չեն տվել»,-պատմեց Վլադիմիր Մովսիսյանը: Թե ի՞նչն է պատճառը, որ իրենց հողամասերին ջուր չի հասնում, մինչդեռ հարեւան տարածքների հողերը բավարար ոռոգվել են, Մովսիսյանները դժվարացան պատասխանել. «Չգիտենք,  մեզ ջուր չեն տալիս»:

Մովսիսյանների պատմելով մի անգամ են կարողացել հողամասի մի շատ փոքր հատված ջրել, այն էլ շատ կարճ ժամանակով են ջուրը տվել, ու հողն այնքան չորացած է եղել, որ ջուրն օգուտ չի տվել. «Կարճ տվին ջուրը, կիսատ ջրինք»:

Մեր այցելության պահին Մովսիսյանների լոլիկի ցանքատարածություններում բերքն անպիտան էր, լոլիկները, դեռ չհասցնելով կարմրել ու հասունանալ, արդեն չորացել էին, հողն էլ անապատի հող էր հիշեցնում: «Ես նախատեսել էի 120 տոննա լոլիկի բերք ստանալ, հիմա 1 % էլ չեմ ստանա: Ինչ ունեինք՝ խանձվեց, թափվեց:  Իմ վարկերն ո՞վ է փակելու, որ սենց ինձ վնաս տվեցին»,-նեղսրտած ասաց Վահան Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասուլիսին  հայտնել էր՝ «Այս տարվա ընթացքում մենք ջուրը տվել ենք հնարավորինս «էկոնոմ» ռեժիմով, որովհետեւ տարվա կեսից պարզ դարձավ, որ կլիման լինելու է խիստ՝ գյուղատնտեսության նկատմամբ:  Վերջին 4 ամսում տեղումներ չենք ունեցել, թերլցված ջրամբարներ, բարձր ջերմաստիճանային ֆոն, ստիպված ենք եղել «էկոնոմ» ռեժիմով ջուր բաց թողնել՝ առաջնահերթությունը տալով բազմամյա տնկիներին: Մեկամյա տնկիների դեպքում փոքր-ինչ խնդիրներ ունեցել ենք, դրանք բանջարաբոստանային տնկիներն են, որոնք տեղեր ենք ունեցել՝ խնդիր ենք ունեցել»:

Թերլցված ջրամբարներից է նաեւ Ախուրյանի ջրամբարը, որտեղից էլ, այսպես ասած՝ սնվում են Արմավիրի մարզի հողատարածքները:

Թե ինչո՞ւ Մովսիսյանների հողատարածքը զրկված է եղել ոռոգման ջրից, այն դեպքում, երբ հարեւան հողօգտագործողները  ժամանակին ստացել են ջուր ու նորմալ ոռոգել իրենց հողերը, փորձեցինք պարզել Արմավիր  ՋՕԸ-ի տնօրեն Կարեն Քոչարյանից: Վերջինս խոստացավ այցելել Մովսիսյանների հողատարածք ու տեղում ծանոթանալ խնդրին եւ առաջիկայում պարզաբանում տալ: Մինչ տեղում խնդրին ծանոթանալը, Քոչարյանը վստահեցրեց. «Նախնական տվյալներով՝ Մովսիսյաններին պատկանող հողատարածքներին նորմայի սահմաններում ջուր տվել ենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930