Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս». Հեռուստաընկերության տնօրենի նկատմամբ բռնություն է կատարվել

Սեպտեմբեր 29,2017 18:19

Վանաձորի Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ երեկոյան մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ բռնության է ենթարկվել. «Երեկ երեկոյան բռնություն է կատարվել իմ նկատամամբ` մասնագիտական գործունեության ընթացքում: Ինձ զանգեցին ու տեղեկացրին, որ հորդառատ անձրևի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Ես գնացի այնտեղ, դեռ մի քանի լուսանկար էի արել ու միացրել տեսախցիկը, երբ գազանաբար ինձ վրա հարձակվեց «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյան: Ինքը և իր աշխատողները իր կարգադրությամբ ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս: Դեպքի վայրից գնացել եմ «Լոռի» հեռուստաընկերություն` իմ աշխատավայր, որտեղից դիմել եմ ոստիկանություն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որը ոստիկանությունում հանդես եկավ որպես իմ ներկայացուցիչ: Ոստիականությունը իսկույն արձագանքեց և դեպքի վայրում հայտնաբերեց հեռախոսս: Փորձագետ-քրեագետի գործողություններից հետո պարզվեց, որ բռնարարը ջնջել է տեսագրությունը և լուսանկարները: Այս պահին հեռախոսս ոստիկանությունում է: Ինձ հասած տվյալներով բռնարարը մեղքը գցել է վարորդի վրա: Հարուցվել է քրեական գործ: Նրան պատկանող սև գույնի Մերսեդես G500 77GG777 համարանիշի մեքենան փորձագիտական աշխատանքների ժամանակ հեռվից հետևում էր. հետագայում նույն մեքենան տեսա ոստիկանության Տարոնի բաժնի դիմաց»:

Նարինեի գրառմանն արձագանքել են մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փաստաբաններ, Աժ պատգամավորներ եւ այլ կառույցների ներկայացուցիչներ: Վերջիններս դատապարտում են կատարվածը:

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրել է. «Ամենախիստ կերպով դատապարտում եմ Լոռի ՀԸ տնօրեն, հայտնի լրագրող՝ Նարինե Ավետիսյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը։ Ակնհայտ է, որ երկար տարիներ շարունակվող անպատժելիությունը և Վանաձորում տիրող լկտի ամենաթողությունը ծնել և ծնում է նոր հանցագործություններ։ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւս արձագանքել է, գրելով. ««Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գործընկեր լրագրողական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգա եւ կսատարի Նարինեին»։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930