Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել ճանաչողական այցով Արցախ ժամանած Թուրքիայի մի խումբ քաղաքացիների դեմ: Այս մասին գրում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 22-ին Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չեթինօղլուն և Էրոլ Քաթըրջօղլուն, «դավադրության մեջ մտնելով հայկական կողմի հետ», առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել են Լեռնային Ղարաբաղ:
Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՔՕ 318.2 հոդվածով (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում): Նշված անձանց նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը դիմել է Թուրքիայի իրավապահ մարմիններին՝ նրանց բռնելու և պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:
Թուրքիայի ԱԳՆ-ն և այլ պաշտոնական կառույցներ առայժմ չեն մեկնաբանել այս իրավիճակը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 22-ին թուրք մտավորականներ Ուֆուք Ուրասին, Ալի Բայրամօղլուին, Սայիդ Չեթինօղլուին և Էրոլ Քաթըրջօղլուին Ստեփանակերտում ընդունել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ