Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Ռուսերենին էլ հնարավորություն տանք զարգանալու, որ դառնա մեր երկրի համար կարեւոր լեզու»

Սեպտեմբեր 29,2017 17:10

ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ այսօր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադարձավ նախարարության մշակած՝ ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգին, որը հասարակության եւ փորձագետների շրջանում քննադատությունների է արժանացել:

Լեւոն Մկրտչյանը պարզաբանեց՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնական գիտությունների զարգացման համար անհրաժեշտ է օտար լեզուների ուսուցմանն ուշադրություն դարձնել ու նոր մեթոդաբանություն կիրառել հանրակրթական համակարգում, քանի որ ներկայիս մեթոդաբանությունը բավարար չէ:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ եվրոպական երկրներում, օրինակ, օտար լեզուներ ուսումնասիրում են առաջին դասարանից, իսկ ՀՀ-ում առաջին դասարանում ուսուցանվում է միայն մայրենին: Երկրորդ դասարանից էլ սկսվում է ռուսերենի ուսումնասիրությունը. «Մասնագետները գտան, որ երկրորդ դասարանից եւս կարող է օտար լեզու ուսումնասիրվել, բայց ոչ թե տառերի ուսումնասիրման տեսքով, այլ ասենք՝ խաղերի: Այսպես առաջացավ օտար լեզուների զարգացման հայեցակարգի անհրաժեշտությունը»:

Լեւոն Մկրտչյանը նկատեց՝ նշյալ խնդրով մշակվեցին անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգերը, բայց հենց հերթը հասավ ռուսերենին, մամուլը քաղաքականացրեց հարցը. «Քաղաքականացնելու խնդիր իսկապես չկա: Արհեստական ձեւով քաղաքականացվեց նորմալ գործընթացը: Օրենքով ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է, իսկ այլ լեզուների համար որեւէ այլ հասկացություն կամ կարգավիճակ լինել չի կարող»:

Նախարարի խոսքով՝ օտար լեզվի, այդ թվում՝ ռուսաց լեզվի հայեցակարգը ենթադրում է լրացուցիչ նյութերի ուսուցում. «Կունենանք խորացված թեքումով դպրոցներ: Հայագիտական առարկաներից որեւէ ժամ չի կորում, ծանրաբեռնվածություն չի ավելանում: Այսօր շատ դպրոցներ ՀՀ օրենք են խախտում՝ ինքնագլուխ որեւէ առարկա օտար լեզվով են ուսուցանում: Սա պետք է կանխենք հայեցակարգով»:

ԿԳ նախարարի հավաստմամբ՝ ռուսաց լեզվի հայեցակարգով ռուս գործընկերներին հաճոյանալու խնդիր չունեն. «Պետք է ռուսերենին էլ հնարավորություն տանք զարգանալու, որ դառնա մեր երկրի համար կարեւոր լեզու, չէ՞ որ հայկական մշակույթը սերտ առնչվում է ռուսական մշակույթի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930