Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄՆ նախագահը որևէ պարտավորություն չի ունենալու օգտագործել ԼՂՀ բառը». ի՞նչ կտա ՀՀ-ին ԱՄՆ նահանգների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը

Սեպտեմբեր 29,2017 16:49

«Միչիգանի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը ֆեդերալ իշխանության կողմից ճանաչման առումով որևէ ազդակ չի լինելու»,- Aravot.am-ի հարցին` ի՞նչ կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տալ այն փաստը, որ ԱՄՆ Միչիգանի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը, այսպես պատասխանեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Մեր հարցին` ո՞րն է պատճառը, որ ԱՄՆ 48 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն ընդամենը 8 նահանգ է ճանաչել Արցախի անկախությունը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ Ամերիկայում բնակվող հայ համայնքի համար առաջնայինը միշտ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, և, բնականաբար, արդեն 48 նահանգ ճանաչել է: ԱՄՆ նահանգներից Հայոց ցեղասպանությունը ճանաչել են դեռ մինչև ԽՍՀՄ փլուզումը, իսկ ղարաբաղյան հակամարտությունն ունի 25 տարվա պատմություն: Սակայն իրավական առումով այս ճանաչումը որևէ հիմք չէ, որ ֆեդերալ իշխանությունը նույնպես ճանաչի, և նման բան մոտ ապագայում չեմ կանխատեսում, եթե անգամ բոլոր նահանգներն էլ ճանաչեն: Սա նահանգներում հայկական համայնքի աշխատանքի արդյունք է»:

Լուսանկարը՝ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Ըստ փորձագետի` Միչիգանի և ցանկացած այլ նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը ևս ազդեցություն չի կարող ունենալ ֆեդերալ իշխանությունների վրա. «Սա ևս հայկական համայնքի ակտիվ գործունեության արդյունք է: Դեռ 42 նահանգ կա, որ ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց դա նույնպես որևէ ազդեցություն չի ունենալու ֆեդերալ իշխանությունների վրա, և բացարձակապես ԱՄՆ նախագահը որևէ պարտավորություն չի ունենալու օգտագործել ԼՂՀ բառը»:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այն փաստը, որ Միչիգանի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը, համարել էր հաղթանակ: Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք` սա իրո՞ք հաղթանակ է և ո՞րը կարող է դրա արդյունքը լինել, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Սա իրավական հիմք չէ, բայց նախ բարոյական հաղթանակ է, սա հաղթանակ է քարոզչության տեսանկյունից, քանի որ հարցը հնչեղություն է ստանում և այլ նահանգների կողմից ճանաչման համար դիտվում որպես քաղաքական կամ քարոզչական նախադեպ: Այս առումով, բնականաբար, ճանաչումը կարևոր է»:

Սուրեն Սարգսյանը փաստեց, որ, ընդհանրապես, Արցախի անկախության ցանկացած ճանաչում ցանկացած միջազգային իրավունքի սուբյեկտի կամ դրա մի մասի կողմից դրական է ԼՂՀ միջազգային ճանաչման համար, քանի որ դրանից հետո մարդիկ տեղեկանում են`ինչ է ԼՂՀ-ն, ինչ է Արցախը, ինչ է ղարաբաղյան հակամարտությունը:

Մեր այն դիտարկմանը` արդյոք ճանաչման այս փաստը վկայո՞ւմ է այն մասին, որ հայկական համայնքներն ԱՄՆ-ում փոխել են իրենց գործունեության և քարոզչության վեկտորը` Հայոց ցեղասպանության ճանաչումից դեպի Արցախի անկախության ճանաչում, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Բնականաբար, վեկտորի որոշակի փոփոխություն կա` հաշվի առնելով այն, որ համարյա բոլոր նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Ակնհայտ է, որ դա օրակարգ բերելու անհրաժեշտություն էլ կա: Բացի ֆեդերալ իշխանությունների վրա ճնշում գործադրելուց պետք է նահանգային մակարդակով սկսել ճանաչել նաև ԼՂՀ անկախությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930