Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սարապատ գյուղն ընդամենը 2 աշակերտ ունի․ տխուր փաստեր Շիրակի մարզպետի հաշվետվությունից

Սեպտեմբեր 29,2017 16:43

Այսօր լրացավ Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի պաշտոնավարման 100 օրը։ Մարզպետն այսօր հանդես եկավ հաշվետվությամբ՝ ներկայացնելով, իր խոսքերով ասած, մարզում տիրող օբյեկտիվ իրավիճակը՝ թվերի լեզվով։ Թվերը բավական տխուր էին։

«2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ մարզի բնակչությունը կազմում է 238 հազար 600 մարդ, որոնցից քաղաքային բնակչությունը՝ 58,5 տոկոս։ Մարզի ներքին համախառն արտադրանքը կազմում է 203 ու 2 միլիարդ դրամ, որը հանրապետության ՀՆԱ -ի ընդամենը 4 տոկոսն է կազմում։ Մեկ շնչին ընկնող մեր ՀՆԱ-ն միջինով կազմում է հանրապետականի 48 տոկոսը։ Եթե համադրելի մարզերի հետ համեմատենք Շիրակ, Արագածոտն, Տավուշ և Գեղարքունիք, այսինքն` մոտավոր նույն տարածքն է, նույն բնակլիմայական պայմանները և արտադրանքի համեմատական ծավալները, ապա այստեղ վիճակն այնքան էլ տխուր չի թվում, բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, որ 40 տոկոս ունենք ընդամենը։ Այսինքն` մեր ներդրումը 4 տոկոս է, Արագածոտնինը՝ 5 տոկոս, Տավուշինը՝ 2, Գեղարքունիքինը ՝ 3, բայց մեկ շնչին ընկնող եկամտի հարցով մենք ամենափոքրն ենք։ 800 հազար մենք ենք, 1 միլիոն 211 Արագածոտնը, 824 Տավուշը և 1 միլիոն 64 հազար Գեղարքունիքի մեր բնակիչները։ Մեր ներդրումը երկրի տնտեսության մեջ 3 տոկոս է՝ արդյունաբերություն, 11 տոկոս՝ գյուղատնտեսություն, 2,2՝ շինարարություն, առևտրում՝ 3,5 տոկոս, ծառայությունների հաշվով մեր վիճակն ամենատխուրն է, ունենք ընդամենը 2,2 տոկոս։

Եկամտային հարկի չափով մենք ավելի շատ ենք վճարում, այսինքն` 7 միլիարդ 327 միլիոն վճարում ենք մենք, հետո Գեղարքունիքի մարզը 4 միլիարդ 820 միլիոն, Տավուշում ու Արագածոտնում ավելի քիչ է․ այստեղ մեկ շնչին ընկնող եկամտահարկի գծով կազմում է 30 հազար դրամ։ Տնտեսվարող սուբյեկտների քանակն անցած տարի 7508 է, բարեբախտաբար համեմատած անցյալ տարվա հետ, մենք հիմա ունենք 7847 , այսինքն 339-ով մեր ձեռնարկությունների քանակն ավելացել է, այլ հարց է, որ անցած տարվա 7508-ից ընդամենը 5853-ն են ակտիվ, այսինքն` մոտ 1500 ձեռնարկություններ գրանցված են, բայց գործունեություն չեն ծավալում։ Աշխատատեղերը մոտ 30 հազար է մասնավոր ձեռնարկություններում»,-ներկայացրեց մարզպետը։

Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև այլ ոլորտների՝ գյուղատնտեսություն, կրթություն։ Նրա հրապարակած տվյալներից ամենատխուրը, ամենամտահոգիչը Սարապատի դպրոցի ընդամենը 2 աշակերտ ունենալն է։ «Մեր ենթակայության 144 դպրոցներից 88-ում 150-ից պակաս աշակերտ ունենք, 10 աշակերտից պակաս ունենք 11 դպրոց, դպրոց ունենք, որտեղ 2 աշակերտ է»,-ասաց մարզպետը՝ հստակեցնելով, որ խոսքը Սարապատի մասին է։ Aravot.am-ի հարցին, թե ծնելիություն չկա՞ այդ գյուղում, մարզպետն ասաց․ «Ծնելիությունն անցած տարվա հետ համեմատած 200-ով պակասել է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930