Երևանի քաղաքապետի տեղակալ, «Էրեբունի-Երևան 2799» աշխատանքային խմբի համակարգող Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ այս տարի միջոցառումները կանցկացվեն չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը:
Խոսելով մասնավորապես մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2799» ծրագիրը կկրի «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսը:
Անդրադառնալով հոկտեմբերի 14-ին անցկացվելիք հիմնական միջոցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար Երևանի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր՝ ռոքի, ջազի, դասական, ինչպես նաև ազգային երաժշտության համերգային ծրագրեր: Այս տարի մշակութային առումով ակտիվ կլինի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից Խաչքարերի պուրակը: Այստեղ կկազմակերպվի «Հին ու նոր Երևանս» խորագրով ցուցահանդեսը, «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը: Ժողովրդական արվեստի յուրօրինակ փառատոնային հարթակի կվերածվի Էրեբունի փողոցը: Կարապի լճի հարակից տարածքում էլ կտեղակայվեն լուսանկարչական տաղավարներ: Իսկ Սարյանի անվան պուրակում նկարիչների ձեռքով կստեղծվի «Մեկ կտավ Երևանիս» աշխատանքը, որը կնվիրաբերվի Երևան քաղաքի պատմության թանգարանին:
««Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ծրագրեր: Այդ թվում հոկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվելու Երևանում: Առաջին անգամ կկազմակերպվի նաև «Խելացի քաղաք» ցուցադրությունը: Թամանյանի արձանի հարևանությամբ տարբեր կրթարանների պատանիները կներկայացնեն իրենց ինտերակտիվ մոտեցումներն ու մտահղացումները: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրով սպասվում են նաև մի շարք հետաքրքիր մարզական նախաձեռնություններ: Բացի այդ, կլինեն նաև բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի», – նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կեզրափակվեն Ազատության հրապարակում անցկացվելիք երիտասարդական դիսկոտեկով և տոնական հրավառությամբ:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տեղեկացրել է նաև, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագրում չի ներառվել ծավալով ամենամեծ՝ Հանրապետության հրապարակի տոնական գալահամերգը:
Անդրադառնալով «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչին` Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ հոկտեմբերի 2-ից կմեկնարկի մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալական և հասարակական տարբեր խմբերի ընտանիքներին ցուցաբերվող աջակցության նախաձեռնությունը: Ծրագրում ընդգրկված են մասնավորապես գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ, սիրիահայ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:
«Արդեն ավանդական դարձած Երևանի քաղաքապետի այս նախաձեռնության շրջանակում սոցիալական մի շարք խմբերում ընդգրկված ընտանիքների կտրամադրվեն կենցաղային տարբեր տեխնիկաներ: Մեր համաքաղաքացիների կողմից ծրագիրն արդեն հասցրել է դառնալ իրապես սպասված», – հատկանշել է Արամ Սուքիասյանը:
Նաև նշվել է, որ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 28-ին կկազմակերպվի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների հերթական այցը իրենց զավակներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն