Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքական երկխոսությունը չի բերում տնտեսական հարաբերությունների ակտիվացման. Սերժ Սարգսյան

Սեպտեմբեր 29,2017 16:26

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ այսօր զեկուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են ԱՄԷ-ի հետ համագործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները համակարգող շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները:

Նշելով, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը վերջին տասը տարիների ընթացքում ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Ծոցի տարածաշրջանի երկրների և հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որտեղ շատ լավ ճանաչում են հայերին և նրանց գործարար ունակությունները, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

«Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, իսկ տնտեսական հարաբերութունների բնագավառում քաղաքական երկխոսությունն ունի վճռական նշանակություն: Ինքնին քաղաքական երկխոսությունը չի բերում տնտեսական հարաբերությունների ակտիվացման, բայց համապատասխան աշխատանքի պարագայում ներուժն ուղղակի շատ է մեծանում: Իհարկե, մենք հստակ պետք է նշենք այն հաջողությունները, որ ունեցանք Էմիրությունների հետ մեր հարաբերությունների վերջին երկու տարիների ընթացքում, և 2017թ. արդյունքները՝ գոնե հունվար-հուլիս ամիսների համեմատությունն անցած տարվա հունվար-հուլիսի առևտրաշրջանառության հետ, մեզ ուղղակի լավատեսություն են ներշնչում. այդ ծավալն ավելացել է 2.5 անգամ: Մեծ հնարավորություններ կան համագործակցելու արդյունաբերության, ոսկերչության և հատկապես սննդի արտադրության ոլորտներում: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ ներուժ ունենք զբոսաշրջությունը զարգացնելու: Տեսեք՝ մենք վերացրեցինք մուտքի արտոնագրի պահանջը ԱՄԷ քաղաքացիների համար և ունենք երկու էմիրաթական ընկերություններ, որոնք կանոնավոր թռիչքներ են իրականացնում: Պետք է նկատել, որ տոմսերի արժեքը ևս ընկալելի և ընդունելի է: Այս տարի Հայաստան են այցելել տասը հազար ֆիլիպինցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը նրանք են, ովքեր աշխատում են Էմիրաթներում: Մենք ուղղակի հնարավորություն ունենք հարյուր հազարավոր այդպիսի զբոսաշրջիկներ ընդունել Հայաստանում: Կարծում եմ, որ մենք պետք է անպայման այս հնարավորություններն օգտագործենք:

Ես կարևորում եմ ս.թ. մարտին անցկացված մեր ներդրումային համաժողովը Աբու Դաբիում և կարծում եմ, որ դա պետք է լինի շարունակական: Այո՛, մենք պետք է ջանքեր գործադրենք Հայաստանը ներկայացնելու այնտեղ, մենք նաև պարտավոր ենք մասնակցել այնտեղ անցկացվող խոշոր միջոցառումներին: Սրանք ուղղակի պարտադիր և նվազագույն պայմաններն են, որ մեզ հնարավորություն կտան ակտիվացնելու մեր տնտեսական հարաբերությունները Էմիրաթների հետ: Ես ուզում եմ, որ բոլորս հստակ գիտակցենք՝ Էմիրաթները սոսկ մի պետություն չէ, որի հետ մենք ցանկանում ենք հարաբերություններ խորացնել: Էմիրաթները այն պետությունն է, որը Ծոցի երկրների համար ունի շատ մեծ նշանակություն: Այսինքն՝ էմիրաթները սնում են նաև բազմաթիվ շուկաներ այդ երկրներում: Սա մի հանգամանք է: Եվ երկրորդ հանգամանքն այն է, որ էմիրաթցիները շատ բարձր են գնահատում Հայաստանի հնարավորությունները՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր: Ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք մեկ-մեկուկես տարվա ընթացքում կրկնապատկել, եռապատկել մեր ապրանքաշրջանառությունը:

Հույս ունեմ, որ տեսանելի ապագայում մենք դարձյալ կունենանք բարձր մակարդակի երկխոսություն՝ լինի դա Հայաստանում, թե Էմիրաթներում, քանի որ և՛ գործարար աշխարհում, և՛ քաղաքական ղեկավարության մոտ կա այդ պատրաստակամությունը: Մենք ունենք այդ հնարավորությունները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության արդյունքներով շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930