Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են

Սեպտեմբեր 29,2017 16:21

Այս տարվա ընթացիկ ութ ամիսներին, Հայաստանի Հանրապետությունում խուլիգանության 118 դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13 դեպքով:

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ գողության դեպքերն այս տարի աճել են, ընթացիկ ութ ամիսներին գրանցվել է գողության 3716 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42 դեպքով:

Բնակարանային գողության 505 դեպք է գրանցվել, դրանք նվազել են 324 դեպքով, բացահայտվել է 27,7 տոկոսը։ Ավազակության 21 դեպք է գրանցվել, որի դեպքում, ըստ պարոն Քոչարյանի, նույնպես նվազում է արձանագրվել՝ 17 տոկոսով, 76,2 տոկոս դեպքերում դրանք բացահայտվել են։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության 630 դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 57 դեպքով, բացահայտվել է 83 տոկոսը: Հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 553 դեպք է գրանցվել, այս դեպքերն աճել են 46-ով, բացահայտվել` 94,9 տոկոսը, թրաֆիքինգի 8 դեպք է գրանցվել, այս հանցագործությունները նախորդ տարվա համեմատ աճել են 3 դեպքով, բացահայտվել է 7 դեպք:

«Վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած հանցագործությունների առիթով որոշակի տարածում գտան ոստիկանության անգործության վերաբերյալ կարծիքները, սակայն քրեական վիճակագրությունը վկայում է, որ հանցանպաստ գործոնները գտնվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո։ Ուստի սխալ է խոսել հանցավորության՝ սոցիալապես անհանդուրժելի վիճակի փաստագրման մասին: Չնայած առանձին քննադատական գնահատականների զգացմունքայնությանը, ոստիկանությունը կիսում է հասարակության մտահոգությունը և ավելի համոզիչ ձեռքբերումների նպատակով վերանայելու է օպերատիվ հետախուզական բնագավառում իր որոշ մոտեցումները` հանցագործությունների դեմ պայքարում ավելի նախահարձակ և հասցեական գործելաոճ ներդնելու ասպեկտով»,-ասաց Հովհաննես Քոչարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930