ՀՀ-ում ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում գրանցվել է 12. 484 հանցագործություն, որից բացահայտվել է 10 606-ը: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նշված հանցագործությունների մեջ 122 դեպքն է եղել առանձնապես ծանր հանցագործություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22-ով պակասել է. «Նշվածից բացահայտվել է 102 դեպք»:
Ըստ նրա՝ այս տարվա ութ ամիսներին ծանր հանցագործությունների 1606 դեպք է գրանցվել, ինչը 477-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նրա խոսքով, ծանր հանցագործության 980 դեպք է անցնող ութ ամիսներին բացահայտվել:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների 37 դեպքից բացահայտվել է 31-ը, պարոն Քոչարյանի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրազենի գործադրմամբ հանցագործությունների ցուցանիշը նվազել է 12-ով, ըստ նրա՝ նվազել են նաեւ սպանության դեպքերը, ընթացիկ ամիսներին գրանցվել է 34 սպանություն, որից բացահայտվել է 25-ը, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանության դեպքերը նվազել են 20-ով:
12-ով աճել են մահվան ելքով ճանապարհատրանսպորտային դեպքերը, ընթացիկ ամիսներին գրանցվել է նմանատիպ 109 դեպք, որից 106-ը բացահայտվել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ