«Մեր շենքում 30 հոգի մարդ ա մնացել»,- այսպես Չարենցավան քաղաքի բնակիչները այսօր բողոքում էին «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, որն այնտեղ համահայկական ընդվզման օրվա քարոզարշավ էր իրականացնում:
Բնակիչները դժգոհում էին սոցիալական խնդիրներից, թոշակից. «40 հազար թոշակ ա տալիս, ես դրանով տան վա՞րձը փակեմ, թե՞ ուտեմ»:
Երբ Փոստանջյանը ընդվզման մասին էր խոսում, համակարգը տապալելու իր առաջարկն էր ներկայացնում, հրազդանցիներից մեկն ասաց, որ միշտ էլ Հրազդանում, Սեւանում ցույցերին մասնակցում են, բայց ոչ մի անգամ չեն կարողանում հաղթել:
Փոստանջյանն ասաց, որ մեկ վայրում պետք չի հավաքվել, պայքարը պետք է ցանցային լինի, նույն օրը նույն ժամին բոլորը ձեռք ձեռքի բռնած պետք է դուրս գան փողոցներ, որ ոստիկանները չհասցնեն ճնշել:
Բնակիչները բողոքում էին, որ աշխատատեղեր չկան, գործարանները չեն աշխատում: Փոստանջյանն էլ ասաց, որ սա իշխանությունների հատուկ ծրագիրն է, դրա համար էլ գործարանները չեն բացում: Չարենցավանցիներից մեկը նկատեց. «Վարչապետն ասել է, որ գործարան մեզ պետք չի, գյուղատնտեսությունը զարգացրեք»: Փոստանջյանն էլ արձագանքեց, որ գյուղատնտեսությունն էլ իրենց համար է աշխատում, իրենք են միայն հարստանում, ժողովուրդը հարստահարվում է:
Ըստ չարենցավանցիների, իշխանափոխություն պետք չի, իշխանությունը փոխվում է, մեկ ուրիշն է գալիս, նորից նույնն է անում: Զարուհի Փոստանջյանն էլ վստահեցրեց, որ իրենք համակարգն են փոխելու, հակակշիռների մեխանիզմ են ստեղծելու, որ նորից նույն մարդիկ չվերարտադրվեն:
Փոստանջյանը եղավ նաեւ Աբովյանում: Աբովյանցիներից մեկը նրան դիտողություն արեց, որ բարեւով ցույց են տալիս, որ ձեռքն ազատ է, ձեռքում սուր չկա, բայց դատարկ ձեռքով չեն գալիս իշխանության. «Դու առանց սրի ոչինչ չես կարա անես: Սրով գալիս են, սրով էլ գնում են:
Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց. «Ձեզ թվում է, թե իմ ձեռքում սուր չկա: Մեր սուրը ձեռք ձեռքի բռնած հանրությունն է լինելու: Երբ որ բոլորս միասին դուրս գանք փողոցներ, ոչ ոք չի կարող ջարդել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ