Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Ով հայերենի զգացողություն ունի, իմ ընտանիքի անդամն է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2017 14:52

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մաեստրոյի առաջիկա երկու համերգներից մանրամասներ ներկայացրին:

Առաջին անգամ Տիգրան Մանսուրյանը դաշնամուրին մոտեցել է Արթիկի մշակույթի տան դահլիճում, և Մշակույթի տունն այդ համերգին պաշտոնապես կանվանակոչվի Տիգրան Մանսուրյանի անունով: Վանաձոր քաղաքի ընտրությունը ևս պատահական չէ: Մաեստրոն իր հոգու պարտքն է համարում համերգ ունենալ լոռեցիների համար և իր ընկերոջ` Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին:

Համերգի խորագիրն է «Հայ դասական պոեզիան Տ. Մանսուրյանի երաժշտության մեջ. Իսահակյան-Չարենց»: Համերգների գեղարվեստական ղեկավարը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարները սոպրանոներ Հենրիետա Հարությունովան, Աննա Ավդալյանը, մեցո սոպրանո Քրիստինե Սահակյանը, ալտահար Յանա Դարյանը եւ դաշնակահար Արթուր Ավանեսովը: Ներածական խոսքով հանդես կգա Մհեր Նավոյանը, կասմունքի Տիգրան Գաբոյանը:

Տիգրան Վիրաբյանը նշեց, որ Արթիկում ու Վանաձորում համերգները կկայանան հոկտեմբերի 1-2-ին, չնախատեսված մեկ համերգ կլինի Էջմիածնում նաեւ Արցախում: Նա խոստացով, որ ովքեր չեն կարողանա անձամբ ներկա գտնվել համերգներին, դրանց կհետեւեն ուղիղ եթերների միջոցով:

Արմեն Ամիրյանը լիահույս է, որ նման բարձրակարգ համերգները կլինեն օրինաչափ եւ ոչ բացառիկ, քանի որ մշակույթը պետք է գնա նաեւ մարզեր եւ ոչ թե միայն մայրաքաղաքում կենտրոնանա:

Տիգրան Մանսուրյանն ուրախ է, որ մարզերում քարոզվելու է հայ դասական գրականությունը իր երաժշտության միջոցով: Նա հայտնի դրվագը պատմեց, երբ Իսահակյանը Կարսում ապտակել է իրեն հետեւող չարաճճի երեխային, որը հետագայում պետք է մեծանուն Եղիշե Չարենց դառնար: Ու Չարենցը, երբ նրան Վենետիկում հիշեցրել է այդ միջադեպը, Իսահակյանն ասել է, որ նրան վարպետի ապտակ է տվել:

Մաեստրոն հուզված է, որ Արթիկի մշակույթի տունն իր անունով է կոչվելու: Նա նշեց, որ թեեւ ինքը Բեյրութում է ծնվել, սակայն իրենք 47-ին Արթիկ են տեղափոխվել, եւ ինքն իրեն Արթիկցի է համարում: Իր ձեւակերպմամբ, հայոց լեզուն իր հոգու հայրենիքը համարող կոմպոզիտորը ափսոսում է, որ խորհրդային տարիներին գործիքային երաժշտությունը դուրս է մղել հայ դասական պոեզիան: «Բոլոր այն կոմպոզիտորները, որոնց երաժշտության մեջ տեղ ունի պոեզիան, որոնք ունեն հայերենի զգացողություն, ես իմ ընտանիքի անդամն եմ համարում»,-ասաց Տիգրան Մանսուրյանը: Նաեւ հիշեց, թե ինչպես է առաջին անգամ Արթիկի բանվորական ակումբում մոտեցել դաշնամուրին: Մաեստրոն մինչեւ հիմա սիրով է հիշում Արթիկը, որտեղ թեեւ ասել էին, թե Արթիկից Սայաթ Նովա դուրս չի գա, սակայն ինքը «դուրս եկավ»:

Նա նաեւ զուգահեռ է տանում` Արթիկի ճակնդեղի դաշտերն ու Կոմիտասի «Գարնան գութան հանեցի»-ին նույն մուգ կանաչ գեղեցիկ գույնն ունեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930