Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանը եւ Սաֆարյանը բերվեցին նիստերի դահլիճ եւ նորից սանկցիայի ենթարկվեցին

Սեպտեմբեր 29,2017 13:50

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն է: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ: Այս գործով ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը լրացավ, ուստի նրան բերեցին նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերում նա եւ Ժիրայր Սեֆիլյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այն է՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար չորս ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից: Գեւորգ Սաֆարյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին հարցրեց, թե ուր է իր պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատավորը հորդորեց դատարանին դիմել կանգնած վիճակում: Սաֆարյանը նույն կերպ շարունակեց եւ դատավորի կողմից նախազգուշացվեց երեք անգամ: Ապա սանկցիայի ենթարկվեց՝ հեռացվելով նիստերի դահլիճից 4 ժամով:

Այնուհետեւ նիստերի դահլիճ բերվեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, նրա սանկցիայի ժամկետը եւս լրացավ: Տեղից խոսելու համար նա էլ նախազգուշացվեց, ապա նորից սանկցիայի ենթարկվեց՝ հեռացվելով նիստերից 4 ժամով:

Ամբաստանյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանը եւ Մարինե Թովմասյանն ասացին, որ դատարանը ոչ օրինաչափ որոշումներ է կայացնում: «Դատարանը վաղուց հանդես չի գալիս որպես անկախ եւ անաչառ դատարան»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն էլ արձանագրեց, որ ամբաստանյալները քանիցս նախազգուշացվելուց հետո շարունակեցին նստած խոսել, ուստի դատարանի որոշումը համաչափ է նրանց դրսեւորած վարքին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930