Aravot.am-ը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց` ՚ե՞րբ է պատրաստվում ընդունել Թումանյան թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին, քանի որ տիկին Թուխիկյանն Aravot.am-ին ասել էր, որ փոխնախարարի միջոցով հանդիպում է խնդրել, եւ իրեն դեռ չեն հրավիրել նախարարի մոտ:
«Աշխատանքային կարգով մենք պարբերաբար հանդիպում ենք բոլորի հետ, նա մեր աշխատակիցն է, ինչպե՞ս կարող է հանդիպում չլինել…Ես իմ բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենների հետ պարբերաբար հաճախակի հանդիպում եմ»,-ասաց նախարարը:
Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է «Խավարում» ցուցադրության շուրջ աղմուկի մարելուց հետո մի օր հանկարծ որոշի Նարինե Թուխիկյանին ազատել աշխատանքից:
«Ինչի՞ց եք ենթադրում, որեւէ հիմք չունի ձեր ենթադրությունը, աղմուկներն էլ որեւէ հիմք չունեն, արհեստածին են: Կարծում եմ՝ չի կարելի նման բան անել, մինչդեռ կան մարդիկ, որ փորձում են այդ աղմուկները արհեստականորեն մեծացնել, գեներացնել… Ես արդեն արտահայտվել եմ, որ Նարինեն շատ լավ տնօրեն է»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Մեր դիտարկմանը, թե «Խավարումի» նման մեկ այլ ցուցահանդես բացվել է Հայաստանի ազգային գրադարանում, ո՞րն է այդ տարբերակված մոտեցման պատճառը, մշակույթի նախարարը պատասխանեց. «Ամսի 22-ից այնտեղ իսկապես նման ցուցադրություն է բացվել: Ես արդեն հայտարարել եմ` բովանդակության հետ կապված որեւէ խնդիր այնտեղ («Խավարումի» պարագայում-Գ.Հ.) չկար, ձեւաչափի եւ գործառույթները ճիշտ ձեւակերպելու, ներքին կանոնակարգի խնդիր կար, որովհետեւ եթե ցուցադրանքը կազմակերպվում է նույնիսկ ոչ բյուջետային միջոցներով, միեւնույն է՝ պետք է համաձայնեցնել, ծախսերի նախահաշիվը եւ ձեւաչափը, դա ընդունված կարգ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ