Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործով» վկա. «Ասացի՝ որդիս սահմանում ծառայում է, թշնամին կօգտվի դրանից» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2017 13:23

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն է: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:

Այսօր հարցաքննվեց եւս մեկ վկա՝ շինարար Սերոբ Գրիգորյանը: Նա գրեթե ոչինչ չէր հիշում եւ այդպես էլ պարզ չեղավ՝ նա «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման Արաբկիրի գրասենյակ գնացել էր համագյուղացու հրավերո՞վ, թե միայն շինարարական աշխատանքներ իրականացնելու: Նա դատարանին հայտնեց, որ հրաժարվել է ՀԽ-ի ցույցերին մասնակցելուց եւ կառույցին անդամակցելուց:

Հրապարակվեց Սերոբ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ գրասենյակի Երեմ անունով պատասխանատուն իրեն ՀԽ-ին անդամակցելու պայմանագիր է առաջարկել, ինքն էլ հրաժարվել է:

«Հեռուստացույցով եւ համացանցով իմացա, որ ՀԽ առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Պավել Մանուկյանը կոչ են արել իրականացնել քաղաքացիական անհնազանդություն: Երեմը տեղեկացրել է, որ ապրիլի 24-ի երեկոյան նախատեսում են եռօրյա նստացույց անել «Էրեբունի» թանգարանի մոտ: Հարցրեցի՝ եթե ոստիկանների կողմից բռնություն կիրառվի, ի՞նչ է լինելու: Ասաց, որ բռնությանը բռնությամբ են պատասխանելու: Ասացի՝ որդիս սահմանում ծառայում է, թշնամին կօգտվի դրանից: Ինքն էլ ասաց, որ չի լինի նման բան: Չցանկացա պայմանագիր կնքել ու համագործակցել ՀԽ-ի հետ»,-ասված է Սերոբ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930