Փոստանջյանը Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում է: Մի ավտոսպասարկման կետի մոտ կանգնած բնակիչներին նա տեղեկացրեց, որ համահայկական ընդվզման օր է նախապատրաստում եւ ուշագրավ պատասխան ստացավ բնակիչներից:
Փոստանջյանն ասում էր, որ ամբողջ համակարգը պիտի փոխենք եւ դիմելով գագարինցիներից մեկին՝ ասաց. «Ի՞նչ եք մտածում, դուրս գալո՞ւ եք փողոց: Այս իշխանությանը տապալելու համար պետք է դուրս գանք բոլորս միասին»: Նա պատասխանեց. «Ես էս իշխանությունից գոհ եմ շատ»: Փոստանջյանը զարմացավ՝ ձեզ ի՞նչ է տրամադրում այս իշխանությունը՝ բնակիչն էլ պատասխանեց. «Ես բողոքելու բան չունեմ, էս ինչ կա՝ էդ ա, վսյո: Ես չեմ կարա փոխեմ երկիրը, ընձի ձեռ ա տալիս սենց: Լավ ապրում ենք: Ով որ աշխատում ա՝ կապրի, ով չի աշխատում՝ ո՞նց կապրի, ստից պատերի տակ խոսալով բա՞ն ա լինում»:
Զարուհի Փոստանջյանն ասաց՝ «Իսկ եթե մարդիկ աշխատանք չունեն, արտագաղթում են…»: Գագարինի բնակիչը չհամաձայնեց. «Ես 4 հատ երեխա ունեմ, ո՞նց եմ պահում: Աշխատում եմ, քրտնում եմ առավոտվա 7-ից մինչեւ գիշերվա 12-ը»:
Փոստանջյանը նրան հարցրեց՝ դուք գո՞հ եք Սերժ Սարգսյանից: Բնակիչն էլ վստահ պատասխանեց. «Շա՜տ գոհ եմ: Հաստա՛տ: Իրա ցավը տանեմ, այ սենց տղայա, լավ էլ պահում ա երկիրը: Մարդ կա իրա տունը չի կարում պահում, ինքը երկիր ա պահում»:
Փոստանջյանն ասաց. «Մենք դժգոհ ենք: Երկիրը ո՞նց է պահում, որ համատարած աղքատությո՞ւն է: Դուք Հանրապետակա՞ն եք»: Պարզվեց՝ Սերժ Սարգսյանից գոհ բնակիչը «Ծառուկյան» դաշինքից էր, ուստի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ Ծառուկյա՞նը երկիրը ոնց է պահում՝ բնակիչը պատասխանեց. «Շատ ընտիր, երեխայիս ուսման վարձն էլ փոխանցում է»:
Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Փաստորեն ձեզ կաշառել է»: Բնակիչը չհամաձայնեց՝ լավ սովորող ուսանող է երեխաս, ու դա կաշառք չի: Ըստ Փոստանջյանի, եթե նորմալ երկիր լիներ, լավ սովորող ուսանողին կրթաթոշակ կտային, ոչ թե ինչ-որ մեկը ուսման վարձը կտար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ