Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյանը` «Խավարում» ցուցադրության եւ «պատեհապաշտների ստոր արարքների» մասին

Սեպտեմբեր 29,2017 12:46

Տիգրան Մանսուրյանը սեպտեմբերի 29-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում պատասխանելով լրագրողների հարցին, կարծիք հայտնեց նաեւ Թումանյանի թանգարանում բացված, ապա արգելված «Խավարում» ցուցադրության մասին, որ բացահայտում էր տնօրեն Նարինե Թուխիկյանի ձեւակերպմամբ` հայ տականքին:

«Հայ պետականության կայացման առաջին օրերին պետք է դա լիներ, թե ինչո՞ւ Առաջին հանրապետությունը փլուզվեց, ովքե՞ր էին դրա ջատագովները, սա պետք է վաղուց քննարկվեր…

Մի անգամ, երբ եղավ Թումանյանի հոբելյանը, երբ ես բեմից խոսեցի, դեռ այն տարիներին, երբ մեր գրչի, մշակույթի մեծերը էլի նույն դպրոցական, դասարանական շարադրանքն էին ներկայացնում, թե Անուշն այսպես եղավ, Թումանյանն այսքան մեծ էր, ես ասացի, եղբայր, էլի՞ այս խոսակցությունները, որ մշտապես եղել են դպրոցական հանդիսությունների մակարդակով, բայց չէ՞ որ Անկախություն ենք ձեռք բերել, բա չասե՞նք, Թումանյան, որ քո Չարենցը, քո շարունակությունը 40 տարեկանում բանտում զոհվեց, քո Սեւակը անհասկանալի պայմաններում գնաց…Բա չասե՞նք, Թումանյանի օրը իրեն չվերադարձնե՞նք էս գիտակցությունը, չմաքրվե՞նք էս ցավից, դա չեղավ չէ՞…

Մինչդեռ մենք աշխատում ենք թաքցնել…Ես հարգում եմ այն մարդկանց, որ Սովետական իշխանության տարիների մեր ձեռքբերումները գնահատել գիտեն եւ չեն ուզում այս գնահատականը մերժել, բայց իրողությունը նույնպես պետք է ասվի, հարգելով այս մարդկանց ձեռքբերումները…

Կան այդպիսի մարդիկ, որ էլի հայ են, բայց այդ ցավից պետք է ազատվել…Իհարկե քիչ չեն եղել պատեհապաշտների ստոր արարքները…Բա Չարենցի պես մարդուն կտանեն ոռնալով վերջ կտա՞ն: Այնպես չի, որ ուրիշ ազգերի մեջ չի եղել, բա Լորկային կարելի՞ է օրը ցերեկով տանել սպանել, որովհետեւ նույնասեռական էր…

Սա մարդկային ցավ է, մեզ էլ է հասել այդ ցավը, ու մենք ոչ թե ցավելով պետք է տուն թանգարան սարքենք, այլ գիտակցենք, որ հանցանք ենք գործել, եւ դա պետք է բարձրաձայնվի..

Նարինեն լավ աշխատանք է արել, շուտ պետք է արվեր դա, եւ այսօր այդ խնդիրը չէր լինի, այսօր, երբ ունենք Արցախի հարց, լարված ժամանակաշրջան, տնտեսական, էմիգրացիոն, պատերազմական հոգսեր, հսկայական հոգսերի մեջ ենք, սրանից պետք է վաղուց մաքրված լինեինք»,-ասաց մաեստրոն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930