2018թ. պետական բյուջեի նախագիծը խիստ հիասթափեցնող էր. հակառակ իշխանությունների շռնդալից խոստումներին՝ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում խղճուկ ցուցանիշներ են նախանշված։ Ավելին՝ այս տարի եւս չեն բարձրանա ո՛չ աշխատավարձերը, ո՛չ կենսաթոշակները։
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ծախսերին, ապա պատկերը, մեղմ ասած, ողբերգական է։ 2018թ. եւս չեն բարձրանա ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, ո՛չ աշխատավարձերը։
Ընդհակառակը, կառավարությունը կրճատելու է սոցիալական ոլորտի ծախսերը, եթե այս տարի սոցիալական ոլորտի համար նախատեսել էին հատկացնել 409 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի ցանկանում են հատկացնել 408,6 մլրդ։
Կրճատվելու են նաեւ առողջապահության ոլորտին հատկացվող գումարները, այս տարի առողջապահական նպատակներով հատկացվելու է 85,9 մլրդ դոլար, մինչդեռ հաջորդ տարվա բյուջեում այս ոլորտին 80 մլրդ դրամ է նախատեսված։
Պակասեցվելու են նաեւ կրթության բնագավառի բյուջետային հատկացումները, այս տարվա 127,4 մլրդ դրամի փոխարեն 2018թ. նախատեսված է հատկացնել 126,7 մլրդ։ Եվ սա այն դեպքում, երբ այս կառավարությունը խոստանում էր կյանքի որակը փոխել, խոստանում էր անել այնպես, որ ՀՀ քաղաքացին բավարարված լինի իր սոցիալական ու կենցաղային վիճակով։
Եվ վերջապես, մինչեւ 2018թ. տարեվերջ իշխանությունները նախատեսել են ՀՀ պետական պարտքը հասցնել 7 մլրդ դոլարի, երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պնդում էր, թե սա անխուսափելի է, քանի որ կա երկիր, որ դեֆիցիտ ունենա եւ պարտքի շուկա չմտնի:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում