Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնացել ենք մեռել թաղողներն ու մեռնողները…ի՞նչն ենք մերժում, մենք ոչ զենք ունենք, ոչ բան ունենք». Դիլիջանցին՝ Փոստանջյանին

Սեպտեմբեր 29,2017 12:13

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Դիլիջանում է: Նա շրջում է եւ մարդկանց կոչ անում ոտքի կանգնել, ընդվզել:

Նա Դիլիջանի տաքսու վարորդներին հարցրեց՝ արտագաղթը շա՞տ է: Վարորդներն էլ պատասխանեցին. «Որ մի երկու ժամ նստեք, կտեսնեք ստեղից քանի հատ ավտոբուս է գնում: Փաստորեն, մնացել ենք մեռել թաղողներն ու մեռնողները»:

Փոստանջյանն ասաց, որ հատուկ առաքելություն ունեն, շրջում են քաղաքներում եւ գյուղերում եւ բնակիչներին ասում, որ նույն օրը, նույն ժամին ոտքի կանգնեն՝ այս ապօրինությունները մերժելու, նոր կարգեր հիմնադրելու համար. «Եթե ոտքի չենք կանգնելու, ապա կորցնելու ենք հայրենիքը»:

Փոստանջյանն ասաց, որ մարդկանց հետ շփվելիս հասկացել է, որ երկու բեւեռ կա, մի բեւեռն ընդհանրապես անհավատ է, ասում է՝ ոչինչ չենք կարող անել, մյուս բեւեռը սպասում է կայծի. «Հիմա տեսնենք այդ կայծը ոնց ենք փոխանցելու, որպեսզի բոլորը կարողանան կանգնեն ու մերժեն այս ապօրինի իշխանություններին»: Դիլիջանցիներից մեկը հարցրեց՝ ի՞նչն եք մերժում, մենք ոչ զենք ունենք, ոչ բան ունենք, մենք ի՞նչ պիտի անենք:

Փոստանջյանն էլ պատասխանեց. «Զենքի կարիքը չկա, մենք շատ ենք: Իրենց զինված 22 հազար ոստիկանությունը կհերիքի միայն իր Բաղրամյան 26-ի համար, եթե բոլոր քաղաքներն ու գյուղերը կանգնեն: Ինքը չի հասցնի, իրեն պահող, սպասարկող ուժը չի հասցնի բոլորի նկատմամբ ճնշում գործադրի»: Դիլիջանցին արձագանքեց. «Էլ հավատ չունեմ: Երկու աղջիկ ունեմ, գացել են թոռների հետ, չկան, մնացել ենք մարդ ու կնիկ: Փողը հերիք չի անում, որ տանեմ գազի, լույսի փողը մուծեմ, փող չկա»:

Փոստանջյանն էլ պատասխանեց. «Դե հետեւեք քաղաքական գործընթացներին: Երեւան պետք չի գալ, այս կենտրոնական փողոցները, որ կան, բոլորս ձեռք ձեռքի բռնած կանգնելու ենք նույն օրը նույն ժամին: Իրենք սպասում են, որ մենք գնանք Երեւան, իրենք ծուղակի մեջ մեզ գցեն, դրա համար ենք ասում բոլորս նույն ժամին կանգնենք: Դրանից հետո պետք է հրավիրենք մեծ համահայկական գլոբալ ժողով, որտեղ պատվիրակները պետք է առաջադրեն ժամանակավոր կառավարություն մեր ազգի սերուցքից: Դրանից հետո պետք է անցկացվեն հավասար պայմաններում ընտրություններ»:

Դիլիջանցիներից մեկը վիրավորված պատմեց, որ անկախության ընդունման ժամանակ խորոված են բաժանել ու լսել է, թե ինչպես են ասել՝ «Վանո Սիրադեղյանի բաժինը ղրաղ դրեք», այսինքն, ի սկզբանե եղել են ընտրյալներ ու անարդար է եղել ամեն ինչ: Փոստանջյանն էլ խոստացավ, որ ինքը արդարությունը վերականգնելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930