Հաջորդ տարվա համար կառավարությունը հետեւյալ կանխատեսումն է անում գյուղատնտեսության վերաբերյալ. «2018 թվականին գյուղատնտեսության աճը կանխատեսվում է պատմական ներուժային մակարդակին համահունչ։ 2018 թվականին ճյուղի աճը կկազմի շուրջ 4.0%»,- նշված է բացատրագրում։
Կառավարությունը այդպես էլ չի վերլուծել, թե ինչ պատճառով է եղել նվազումը։ Եթե այդ պատճառները հայտնի չեն, ապա դժվար է կանխատեսել աճ։ Բայց աճը կանխատեսված է։ Իսկ ինչի՞ շնորհիվ է աճելու գյուղատնտեսությունը։ «Կանխատեսման համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրերի եւ ոլորտում իրականացված ներդրումների ակնկալվող արդյունքները, գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված կանխատեսումները ու նախորդ տարիներին ճյուղի զարգացման միտումները…»,- գրված է բացատրագրում եւ մանրամասնեցված է. «Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի եւ գարու սերմնաբուծության եւ սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր»։
Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ վերը նշված ծրագրերը խիստ արդյունավետ ստացվեն, դրանց հիմնական մասի արդյունքը կերեւա ավելի ուշ, ասենք երկու-երեք տարի անց։
Իրականում եթե հաջորդ տարի այդ ոլորտում աճ գրանցվի, ապա դա կլինի շնորհիվ նրա, որ այս տարի գյուղոլորտում անկում է գրանցվել։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում