Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթական հանրաքվեի հաջորդ առավոտյան պարզվում է, որ Հայաստանն առաջին հերթին exit է եղել ոչ թե ԵԱՏՄ-ից, այլ Ղարաբաղից. «Հրապարակ»

Սեպտեմբեր 29,2017 10:52

Ենթադրենք՝ խնդիրը հասցրինք հանրաքվեի։ Հետո՞ ինչ է լինելու։ Բա որ ժողովուրդը գա ու ասի՝ «ո՞չ»։ Լավ, ժողովրդին էլ դնենք մի կողմ։ Ենթադրենք՝ 10 հազարով ասի՝ «այո»։ Հետո՞ ինչ է լինելու։ Ասեմ՝ կետերով.

1. Հաղթական հանրաքվեի հաջորդ առավոտյան պարզվում է, որ Հայաստանն առաջին հերթին exit է եղել ոչ թե ԵԱՏՄ-ից, որին անդամակցված է զուտ տեսականորեն, այլ Ղարաբաղից, որի անվտանգության երաշխավորն էր մինչ Armexit-ը։ .

2. Հաղթական հանրաքվեի հաջորդ իսկ օրը պարզվում է, որ ԵԱՏՄ երկրները, որոնք նաեւ ՀԱՊԿ անդամներ են, չեն պատրաստվում հետագայում էլ ֆինանսավորել Հայաստանի անվտանգության հետ կապված քայլերն ու միջոցառումները։

3. Հաղթական հանրաքվեի հաջորդ օրը պարզվում է, որ մեզ ԵՄ-ում այսքան շուտ չէին սպասում, եւ մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու՝ ԵՄ-ին արժանի պետություն դառնալու համար։

4. Հաղթական հանրաքվեի հաջորդ առավոտյան Վաշինգտոնը հայտարարում է, որ Հայաստանին 6 միլիարդ դոլարի օժանդակության մասին հայտարարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի մասնավոր խոստումն է եղել, իսկ Դոնալդ Թրամփը, հասկանում ես, առայժմ կարող է ընդամենը 100, քարը ճղի՝ 150 հազար տալ, սովից չմեռնելու համար։

Շարունակե՞մ։ Խնդրեմ… Մոսկվայից ասում են՝ Armexit-ը ձեր որոշելիքն է։ Բա ի՞նչ ասեն, եթե բալիկն այնքան չար է, որ իրեն պատեպատ է տալիս։ Հեսա գնալու ենք՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրենք։ Մոսկվայից ասում են՝ էհ, գնացեք։ Հեսա ազգային-ազատագրական պայքար ենք սկսելու եւ պահանջենք, որ դավաճան իշխանությունները հեռանան։ Մոսկվայից դարձյալ ասում են՝ պահանջեք, դա ինձ չի վերաբերում։ Ճարներս կտրած՝ ասում ենք՝ Ադրբեջանին զենք մի ծախեք։ Ասում են՝ դա էլ ձեզ չի վերաբերում։ Եվ, առհասարակ, ասում են՝ այս օրերին խիստ զբաղված ենք Սիրիայի ու քրդերի հարցով Էրդողանն է ուզում Պուտինին տեսնել, կներեք։

Ե՞րբ պետք է լրջանանք։ Կարող ենք, իհարկե, չշտապել եւ ավարտին հասցնել Armexit կոչվող այս «լուրջ» գործընթացը, մանավանդ, որ դրա կողմնակիցները շարունակում են Ֆեյսբուքում համառորեն պնդել, որ Armexit-ի հակառակորդների բերած փաստարկները հիմնավոր չեն։ Ասում ես՝ լավ, դու քո փաստարկը բեր։ Ասում է՝ ԵԱՏՄ-ն վատն է, իսկ ԵՄ-ն՝ լավը։ Եղբայր, ես հակառակը չեմ պնդում, հարեւանի կինը միշտ էլ ավելի լավն է, մե՞զ ինչ դրանից։ Սմայլիկ են դնում ու թռնում քննարկումից։ Ի՞նչ ասես։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930