Լրահոս
Օրվա լրահոսը

Պատը չեզոք է բովանդակության հանդեպ

Սեպտեմբեր 29,2017 10:15

Դոնալդ Թրամփը կրկին դժգոհեց լրատվամիջոցներից, որոնք իրեն  ակնհայտորեն չեն սիրում՝ խոսքը, մասնավորապես, «Նյու Յորք թայմզի» եւ «Վաշինգտոն փոստի» մասին է: Նրա ասածի իմաստը հետեւյալն է՝ դուք իմ մասին փիս-փիս բաներ եք գրում, փոխարենը ժողովուրդն ինձ սիրում է: Դե, չգիտեմ, գուցեեւ սիրում է, չնայած սոցհարցումներն ասում են, որ ԱՄՆ ներկայիս նախագահի վարկանիշը բավականին ցածր է:

Բայց Թրամփն այս անգամ խարազանեց ոչ միայն լրատվամիջոցներին, այլեւ… Ֆեյսբուքը, որն, իր կարծիքով, վերոհիշյալ «դուշման» թերթերի հետ միասին դավադրություն է կազմել ամերիկյան ներկայիս իշխանության դեմ: Այդ քաղաքական գործիչը, ինչպես եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող 70-ն անց մարդկանց մեծամասնությունը, չի հասկանում, թե Ֆեյսբուքն ինչ է` նրան թվում է, թե դա ինքնուրույն կոնտենտ ստեղծող մի լրատվամիջոց է, որը կարող է իրեն կողմ կամ դեմ լինել: Իրականում Ֆեյսբուքն ավելի շատ նման է մի ցանկապատի, որի վրա կարելի է գրել անպարկեշտ արտահայտություններ (ինչպես եւ սովորաբար լինում է), բայց կարելի է գրել աշխարհի ամենախորիմաստ փիլիսոփաների մտքերը: Ճիշտ է, սեռական հայհոյանքների կողքին նման մտքերը կարող են եւ չկարդացվել, եւ ավելին` հայհոյանքներ սիրողները գուցե դրանից զայրանան: Բայց Ֆեյսբուքն այն պատն է, որտեղ կան «անկյուններ» բոլորի, այդ թվում` Թրամփի կամ, ասենք, Պուտինի  երկրպագուների եւ «չուզողների» համար: Պատը չեզոք է, անտարբեր է՝ իր վրա հայհոյանքնե՞ր են գրվում, թե՞ գովասանքներ: Կամ, եթե այլ համեմատություն անենք՝ տրանսպորտի միջոցի համար միեւնույն է՝ դուք կարտոֆի՞լ եք տեղափոխում, թե՞ արքայախնձոր:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ֆեյսբուքի եւ կայքերի պայմաններում փոխվում է մեդիադաշտի ամբողջ կառուցվածքը: Դառնալով հայաստանյան իրականությանը` արձանագրենք. հիմա  90-ականների առաջին կեսերը չեն, որ, ասենք, «Գոլոս Արմենիին» եւ «Երկիրը» իշխանությունների մասին միայն վատն էին գրում, իսկ «Հայքը» եւ «Հայաստանի Հանրապետությունը»՝ միայն լավը, եւ դա մեծ ազդեցություն էր ունենում հասարակության վրա: «Իշխանամետ» եւ «ընդդիմադիր» բնորոշումները, որոնք «տեղից» սխալ էին ԶԼՄ-ների կիրառությամբ, այժմ առավել անիմաստ են: Ուզո՞ւմ ես հինգհարկանի հայհոյանք գրել իշխանությունների հասցեին, գրիր ֆեյսբուքում որքան ցանկանում ես, ուզում ես դա անել որոշակի պարբերականությամբ, բացիր կայք,  արա ինչ ուզում ես: Լրատվամիջոց ես, թե չէ՝ Աստված գիտի: Եթե չկա  սահմանը, ուրեմն չկա նաեւ «կողմնորոշումային» բաժանումը: «Պայքարող տեսա՞կ» ես, խնդրեմ՝ պայքարիր «պատի վրա», քեզ թերթերն ու հեռուստաընկերություններն այլեւս պետք չեն:  Քեզ դասում ես «կյանքից նեղացածների», «անարդարություններից տուժածների» շարքի՞ն, էլ կարիք չկա գնալու խմբագրություն եւ լրագրողին պատմելու քո «դարդերի» մասին, միացրու համակարգիչը եւ լաց եղիր՝ որքան ուզում ես:

Եվ այս իրավիճակում ամեն ինչ ոչ թե խճճվում է, ինչպես ոմանք են կարծում, այլ հակառակը՝ «պարզաջրվում է»: Հենց հիմա է, որ գալիս է իսկական լրագրության ժամանակը, լուր հայտնելու, պատմություն պատմելու արհեստի պահանջարկը: Ուրիշ հարց, թե ինչպես ես դու հասցնում այս պատմությունը՝ «ոտքո՞վ»՝ տպագիր թերթի միջոցով, «սայլո՞վ»՝ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, թե՞ «բեռնատար մեքենայով»՝ համացանցի  միջոցով: Բոլոր ձեւերն էլ, ինձ թվում է, պետք է լինեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Ես կգրեի ՞Նյու Յորք Թայմս՞ այլ ոչ թե թայմզ, իսկ ՞կոնտենտ՞ ռուսական հնչողությամբ (մի գուցե քոնթենթ՝եթե շատ նեղն եք) բառի փոխարեն կոգտագործեի բովանդակություն բառը՝բայց հարցը դրանում չէ: Մարդ ինչքա՞ն պետք է ՞բեխաբար՞ լինի վերջին ամերիկյան ընտրությունների ընթացքից և մեթոդներից, որ Թրամփին սովորեցնի ինչ է ՖԲ-ն կամ համացանցը: Գնացեք հայ գաիշնիկին կաշառք վերցնել սովորեցրեք՝ավելի քիչ է ծիծաղելի:

  2. henri says:

    Ես այդ անիմաստ պատին վրայ իմաստուն հարց մը պիտի տամ;
    Ինչ պատահած է մեզի որ ամէն օր գրեթէ մեր մատաղի բաժինը սկսած ենք տալ օր մը սահմանին վրայ և աւելի յաճախակի երկրի և մայրաքաղաքի փողոցներուն վրայ ,շրջուած և վթարուած կառքերէն մի քանի դիակ հանելով և հիւանդանոցները հաշմանդամ վիրաւորներով լեցնելով ???
    կը թուի թէ տեսախցիկները դարձած են բոլորովին ապարդիւն ,միայն ուրախացնելով անոնց տէրերը :

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930