Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմավիր գյուղի պոլիկլինիկան՝ խարխուլ շենքով, փայտի վառարանով ու ընդամենը 1 բժշկով 

Սեպտեմբեր 29,2017 15:00

«Մի բժիշկ է՝ ե՛ւ գլխավոր, ե՛ւ անգլուխ»,- ասում է Արմավիր գյուղի պոլիկլինիկայի միակ բժիշկը: 

Արմավիրի մարզի Արմավիր գյուղի պոլիկլինիկան՝ առողջության կենտրոնը, սպասարկում է 2 գյուղի՝  Արմավիրի եւ Հայկավանի 3783 բնակիչներին: Այս պոլիկլինիկայում մարդիկ բուժսպասարկում են ստանում կիսախարխուլ շենքային պայմաններում: Այն վերջին անգամ վերանորոգվել է 2006 թվականին, այն էլ՝ թեթեւ կոսմետիկ:

Պոլիկլինիկայի միակ բժիշկն ու գլխավորը՝ Անահիտ Տեր-Հարությունյանը, «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ շատ կուզենային շենքը վերանորոգվեր, ամեն անգամ խոստումներ են լինում, բայց այդպես էլ խոստումը չի կատարվում: Նեղ մասնագետներ պոլիկլինիկայում չկան, Տեր-Հարությունյանն ասում է՝ ինքը ընտանեկան բժիշկ է, նեղ մասնագետների գործն էլ է ինքն անում, լուրջ միջամտությունների դեպքում ուղեգրում է Արմավիր քաղաքի պոլիկլինիկա, որտեղ զննում են հիվանդին, ախտորոշումը տալիս ու ուղարկում Տեր-Հարությունյանի մոտ՝ բուժման:

Գլխավոր բժիշկն ասում է, որ մանկաբույժի խիստ կարիք ունեն: Նկատեցինք՝ պոլիկլինիկայում գինեկոլոգիական աթոռ կար: Տիկին Տեր-Հարությունյանն ասում է. «Գինեկոլոգ չունենք, բայց որ պետք է լինում, ես եւ մանկաբարձը նայում ենք: Դե պապ-քսուք ենք վերցնում, այլ միջամտություններ չենք կարող անել, ուղարկում ենք Արմավիր քաղաք: Իսկ հղիների մեծ մասն էլ հանգիստ գնում է Երեւան»: Սրտաբանի գործն էլ է Տեր-Հարությունյանն անում, հպարտությամբ ասում է՝ ԷԿԳ ունենք՝ (էլեկտրակարդիոգրաֆ) սարքավորում. «Դե դա էլ եմ ես անում: Ամբողջ մարզում 2 լոր-բժիշկ կա, այլ կենտրոններում են նստում»:

Պոլիկլինիկայի փայտի վառարանն է

Ծանր դեպքերում էլ, ըստ բժշկի, շտապօգնություն են կանչում, բուժքրոջն էլ դնում է հիվանդի հետ եւ ուղարկում, բժշկի խոսքերով ասած՝ շրջկենտրոնի հիվանդանոց:  Ամբողջ պոլիկլինիկայում ջրի մեկ ծորակ է, ջուրն էլ՝ շուրջօրյա չէ, այսպես ասած՝ ժամով են տալիս: Ջուրը մեծ տարայի մեջ հավաքում են, հետո դա օգտագործվում է լաբորատորիայի գործիքները լվանալու համար: Այդ ջրի «բաքն» էլ ծորակ չունի, գյուղական հին ձեւերով են ջուրն օգտագործում՝ ձեռքով սեղմում են փոքրիկ տարան ու կաթիլ-կաթիլ ծորացող  ջրով գործիքները լվանում: Գլխավոր բժիշկն ասում է. «Հետո գործիքները ստերիլիզացիա ենք անում, կան, որ սպիրտի մեջ ենք դնում: Մաքրության խնդիր չկա, ջրի տարան էլ 10 օրը մեկ մաքրում ենք»:

Այս պոլիկլինիկայում ջեռուցում էլ չկա, մի փոքր փայտի վառարանով են տաքացնում տարածքը:
Պոլիկլինիկայի բյուջեն 13 միլիոն դրամ է, այն բաշխվում է 11 աշխատակիցների միջեւ ու կոմունալ ծախսերին է ուղղվում: Ամբողջ անձնակազմն էլ այս մեկ բժիշկն է, 6 բուժքույրերը, 1 լաբորանտն ու համակարգչային 1 օպերատորն ու  հաշվապահը:Գյուղացիները մեզ հետ զրույցում ասում են՝ հաճախ ոչ էլ դիմում են գյուղի պոլիկլինիկա, միանգամից Արմավիր քաղաքի հիվանդանոց են գնում. «Տեղեկանքի-բանի համար գնում ենք պոլիկլինիկա, շատը մեծերն են էնտեղ գնում»:  Պոլիկլինիկան համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն է, այսինքն՝ գյուղապետարանի ենթակայության տակ է: Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանից «Առավոտը» փորձեց պարզել՝ արդյոք իրեն չի՞ մտահոգում, որ իր ընտրողները բուժսպասարկում են ստանում ոչ պատշաճ շենքային պայմաններում: «Հըմի մենք հնարավորություններ չունենք: Ուրիշ գյուղեր սկի էդ էլ չունեն: Ո՞ր պոլիկլինիկան է դրանից լավ վիճակում որ»: Հետո մանկաբույժ ունենալու մասին էլ այսպես է արձագանքում գյուղապետը. «Չկա՞ գյուղում մանկաբույժ»:

Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ասում է՝ մարզում կան ամբուլատորիաներ, որտեղ ավելի շատ բնակչությանը 1 ընտանեկան բժիշկ է սպասարկում. «Ամեն ընտանեկան բժշկի սպասարկման առավելագույն թիվը 3500 բնակիչ է: Ոչ մի անգամ խնդիր չի եղել, եւ ոչ մի բնակիչ չի բողոքել»: Մեր դիտարկմանը՝ կառավարության որոշմամբ ընտանեկան 1 բժշկի սպասարկման առավելագույն թիվը 2700 է, փոխմարզպետն ասում է. «Ես չգիտեմ, դե երեւի մեր գործակալությունը 2700-ի համար կվճարի, մնացածի համար՝ 50 %-ի չափով»: Ապա տիկին Մուրադյանն անդրադառնում է բժիշկների պահանջարկին. «Մանկաբույժ անգամ տարածաշրջանում չկա, երբ այդ ֆակուլտետը փակվեց, մենք այդ տարիներից մանկաբույժի խիստ կարիք ունենք: Իսկ ընտանեկան բժիշկը ե՛ւ սրտաբանական, ե՛ւ էնդոկրին, ե՛ւ նյարդաբանական, ամեն ուղղությամբ վերապատրաստված է, եւ ինքն է սպասարկում: Էդ ո՞ր մի գյուղական ամբուլատորիայում նեղ մասնագետներ կան»: Բուժսարքավորումների մասով էլ փոխմարզպետը վստահեցնում է՝ եղածը բավարար է:

Շենքային պայմանների բարելավման մասին էլ փոխմարզպետը հավաստիացնում է. «Մարզի 52 գյուղական ամբուլատորիաներից 10-ը վերանորոգման կարիք ունի, դրանք մտել էին Համաշխարհային բանկի վարկային ծրագրում, եւ ծրագիրը եթե շարունակեր գումարներ տրամադրել, Արմավիրը մտնում էր առաջիկա 3-ի մեջ: Հիմա ոչ համայնքը եւ ոչ էլ  պոլիկլինիկան գումար ունի: Եթե ծրագրեր, ներդրողներ լինեն՝ Արմավիրը կներառենք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ    

  28.09.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930