Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական չխփված գոլը

Սեպտեմբեր 29,2017 12:00

«Ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնության տապալումն Անկարայի կողմից չի կարելի համարել ՀՀ արտաքին քաղաքականության պարտություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջնաժամկետ ներկայացրեց պաշտոնական Անկարային` 2009թ. կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չվավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ պատրաստ է առ ոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչեւ հաջորդ գարուն, երբ ըստ էության կլրանա իր պաշտոնավարման ժամկետը. «Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

2008թ. աշնանը նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փուլը, որն անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն»։ 2008թ․ հունիսի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջին պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել։ Կրեմլում ողջունելով ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Ս. Սարգսյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարեւան պետությունների միջեւ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը: Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ բացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»։

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները: Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն: Արձանագրությունները ստորագրվեցին 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո ԱԳ նախարարների կողմից հայտարարություններում ձեւակերպումների հետ:

Ցյուրիխի համալսարանի սրահում ծածանվում էին Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության դրոշները, ժամանել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, ԵՄ նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Հայտարարվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շուտով կժամանի, սակայն տեղեկություն էր տարածվել, որ նա չի գալու ստորագրման արարողությանը. ճանապարհին պետքարտուղարը տեղեկացել էր, որ Էդվարդ Նալբանդյանը առարկում է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը: Թե հատկապես ինչի վերաբերյալ էր եղել առարկությունը` թե՛ Հիլարի Քլինթոնը եւ թե՛ Շվեյցարիայի ԱԳՆ-ն այդ ժամանակ հրաժարվել էին մանրամասնել, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ առարկությունը կապված էր ԼՂ հակամարտության հետ: Ստորագրման արարողությունը բացեց Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Քալմի-Ռեյը, որին ներկա էին Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները, Սամուել Ժբոգարը, Խավիեր Սոլանան:

Արձանագրությունների ստորագրման արարողությունը լուսաբանեց համաշխարհային մամուլը որպես կարեւորագույն իրադարձություն: Եղան հրապարակումներ այն մասին, թե Հիլարի Քլինթոնի միջամտությունը կանխեց ստորագրման արարողության տապալումը: Ըստ հրապարակումների՝ ԱՄՆ պետքարտուղարը 29 անգամ զանգահարել էր Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաներին: Հորդորելով կողմերին ավելի ընդգրկուն պատկերով դիտարկել այս գործընթացը` Քլինթոնն ասել էր. «Սա չափազանց կարեւոր է, դուք արդեն շատ հեռուն եք գնացել, արձանագրությունների մեջ ներդրված Ձեր աշխատանքից չի կարելի հրաժարվել»: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր. «Մենք անկեղծորեն ուրախ ենք, Հայաստանն ու Թուրքիան Ռուսաստանի բարեկամ երկրներ են: Մոսկվան պատրաստ է աջակցել այս գործընթացին զանազան տնտեսական ծրագրերով, ռուս երկաթուղայինները պատրաստ են ապահովել հայ-թուրքական երկաթուղու անխափան աշխատանքը»:

Արձանագրությունների ստորագրումից հինգ տարի անց ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր` «Դժվարին ընտրություն» գրքում անդրադարձել էր նաեւ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրման գործընթացին` նկարագրելով, թե ինչ է տեղի ունեցել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, որտեղ հանդիսավոր կերպով նախաստորագրվեցին արձանագրությունները. «Թուրքիայի հայտարարած «Զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը պատուհան էր, որի միջոցով ԱՄՆ-ը կարող էր բանակցել՝ ջերմացնելու հայ-թուրքական հարաբերությունները՝ հույս ունենալով բացել սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ»:

Այսպիսով, պաշտոնական Անկարան արձանագրությունների վավերացումը կապեց ԼՂ խնդրի կարգավորման հետ, դրանք կողմերից ոչ մեկը չվավերացրեց` թողնելով գործընթացը սառեցված:

2018-ին կլրանա «Ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնության 10 տարին։ Դրա տապալումը չի կարելի համարել ՀՀ արտաքին քաղաքականության պարտություն։ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից ութ տարի անց ակնհայտ է, որ գնդակն այդպես էլ մնաց թուրքական «դաշտում»։ Պաշտոնական Երեւանը համբերատար շուրջ տասը տարի սպասում էր, եւ հստակ է բոլորի համար, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն այս 10 տարիներին Երեւանը մշտապես պատրաստ է եղել։

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի հնչեցրած վերջնաժամկետից հետո մի քանի օր է անցել, սակայն պաշտոնական Անկարան լռություն է պահպանում։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարց Էրդողանի օրակարգում չկա, սա պարզ է բոլորին։ Ակնհայտ է նաեւ, որ արձանագրություններն ավելի հեռացրին կողմերին միմյանցից, եւ դեռ հարց է՝ եթե անգամ ապագայում կարգավորման գործընթաց սկիզբ առնի, զրոյի՞ց է սկսվելու, ներքեւից երկու երկրների հասարակությունների՞ց, թե՞ վերեւից։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել