Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ով է խելառ, որ Բուլվարնի թաղամասում որևէ գործ անի, դու միայն փողերը բեր, մնացածը քո գործը չէ»

Սեպտեմբեր 29,2017 14:30

Գյումրեցի զինվորի մորը Ասկերանի ոստիկանները տարել էին բաժին

Համատիրության աշխատակցուհին դիմել է դատախազին, քննիչին, հայտնել, որ դիրքերում վիճակը վատ է, նա գտնվում է ԼՂՀ-ում, երբ տղան իջնի դիրքերից, ինքն անմիջապես կգա Գյումրի,  սակայն քննիչ Ս. Կիրակոսյանը հետախուզում է հայտարարել և ԼՂՀ Ասկերան քաղաքի ոստիկանության ոստիկաններն իրեն տարել են բաժին. «Ոչ ոքի չէի ճանաչում,  ոչ մի բարեկամ Ղարաբաղում չունեի և ստիպված զանգեցի տղայիս,  որը դիրքերում էր, իսկ նրանց դիմաց կանգնած էին թշնամու տանկերը:

Տղաս ոստիկանին ասել է, որ մայրը այստեղ մենակ է և ինքը չի կարող 1000 մետր իրեն վստահված սահմանը թողնի անտեր և իջնի ներքև: Ոստիկանն էլ ասել է, որ ամեն ինչ պարզելուց հետո տուն կտանեն»:

Ասկերանի ոստիկանությունում ասել են, որ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժինը սխալ հաղորդագրություն է ուղարկել և այդ սխալի պատճառով գյումրեցի զինվորի մայրը մեկ օր մնացել է այնտեղ և հետո եկել են Գյումրի, որտեղ առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ բողոք է բերել համատիրության նախկին աշխատակից Նարինե Մնացականյանը:Նարինեի դեմ ընտրվել էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:Մինչ դատավճիռը, համատիրության աշխատակցուհին ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Հ. Մովսիսյանին, նրա կանխակալության հետ կապված, նաեւ հայտնել էր, թե նախկինում դատավորը դատախազ է աշխատել:

Դատավորը հղում էր կատարել Եվրոպական դատարանի «Պիերսակն ընդդեմ Բելգիայի» գործին. «Միայն այն փաստը, որ դատավորը երբևէ աշխատել է դատախազությունում, դեռևս հիմք չէ նրա անաչառությունը կասկածի տակ դնելու համար … սակայն, եթե ըստ դատախազությունում իր նախկին աշխատանքի բնույթի դատավորը կարող էր գործ ունենալ տվյալ դեպքի հետ, և հետագայում մասնակցում է դրա քննությանը, ապա հանրությունն իրավունք ունի մտավախություն ունենալու, որ բացակայում են անաչառության բավարար երաշխիքները»:

Ըստ գործի նյութերի, Նարինեն աշխատել է «Գյումրի Կենտրոն» համատիրության տեխնիկական հսկիչի պաշտոնում: Նա 2013 թվականի մայիսի 30-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «մեկ միասնական դիտավորությամբ» նպատակ ունենալով յուրացման եղանակով զգալի չափերի գումար հափշտակել եւ համապատասխան ստացականով ստացել է պարտադիր վարձեր գանձելու վերաբերյալ անդորրագրերի առանց գրառումների դատարկ ձևաթղթեր, ապա դրանք համակարգչային գունավոր շիթային տպիչով պատճենահանելու միջոցով պատրաստել է կապտամանուշակագույն ներկանյութով կատարված կլոր կնիքների դրոշմներով իրավունք վերապահող կեղծ անդորրագրերի կրկնօրինակներ: Նա սպասարկել էր Գյումրիի Վարդ- բաղ թաղամասը,  մոտ 60 բնակիչներից գանձել է 410.210 ՀՀ դրամ գումար, ապա նրանց տրամադրել իր կողմից պատրաստված կեղծ անդորրագրերը: Ըստ մեղադրական եզրակացության, Նարինեն 410.210 ՀՀ դրամ գումարը համատիրության դրամարկղ չի մուտքագրել և յուրացման եղանակով հափշտակել է:

Առաջադրված մեղադրանքում Նարինե Մնացականյանը իրեն մեղավոր չի ճանաչել:Նա հայտնել էր, որ համատիրությունում հիմնական աշխատող չի հանդիսացել, իրեն հանձնվել է Վարդ-բաղ թաղամասի 9 բարձրահարկ շենքերը: Ըստ ամբաստանյալի ցուցմունքի,  համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը ոչ մի հին աշխատող չի տրամադրել, որպեսզի ծանոթացներ աշխատանքին:

Միայն համատիրության հաշվապահը իր մոտ եղած գրքից անձամբ իրեն է թելադրել բնակիչների պարտքերը: Իրեն համատիրության որեւէ ժողովի չեն կանչել: Ինքը հավաքել է վարձերը, գումարը վերցնելով բնակչից՝ տվել է համապատասխան կտրոնը: Ինքը որեւէ բնակչից առանց կտրոն տալու գումար չի վերցրել: Բոլոր կտրոնները իրեն տվել է համատիրության հաշվապահ Սուսաննա Խաչատրյանը, որոնք տպել է քարտուղարուհին:

Ամբաստանյալը հայտնել էր նաեւ, որ համատիրության առաջին քարտուղարուհին աշխատանքից հեռացվել է, քանի որ Ջուհարյանը անընդհատ նախատել է, որ կտրոնները նորմալ չի տպել: Եվ որ ինքը իրեն հանձնված բոլոր կտրոնները գումարների հետ հանձնել է համատիրության հաշվապահին: Բնակիչները միշտ բողոքել են, որ համատիրությունը իրենց շենքերի համար ոչինչ չի արել: Իսկ համատիրության գլխավոր ղեկավար մարմինը իրավաբան Ռ. Մուրադյանի հետ ասում էին. «Ով է խելառ, որ Բուլվարնի թաղամասում որևէ գործ անի, դու միայն փողերը բեր, մնացածը քո գործը չէ»:

Ամբաստանյալն իրավաբան Ռ. Մուրադյանի կարգադրությամբ էլ կազմել է ժամանակացույցը, համաձայն որի՝  ամեն օր պետք է 20-ից ավելի ծանուցագրեր տար բնակիչներին. «Եթե վարձը չմուծեն, ապա այդ հարցը կլուծվի դատական կարգով և հանձնած այդ ծանուցագրերի մի մասը պետք է հետ բերեր Մուրադյանին և եթե քիչ է եղել, միշտ նախատել է, որ ինքը լավ չի աշխատել»:Ի դեպ, ամբաստանյալը հիշել է, որ վարձ հավաքելու ժամանակ տեսել է մարդկանց,  որոնք հացի փող չունեն,  ապրում են հակասանիտարական վիճակում,  իրենից են խնդրում հացի գումար:

Ըստ ամբաստանյալի, իր փորձաշրջանը ավարտվելու էր օգոստոսի 20-ին, բայց իր հետ նոր աշխատանքային պայմանագիր չէին կնքում և երբ  զանգել է ԼՂՀ-ում գտնվող ամուսնուն, նա  ասել է՝  այլևս աշխատանքի չգնաս: Եկել է համատիրություն, դիմում է գրել, որ այլևս չի ցանկանում աշխատել, բայց հաշվապահն ու համատիրության պետը ասել են՝ այս շաբաթ էլ աշխատի, դիմումը կստորագրեն: Սեպտեմբերի 6-ից նա աշխատանքի չի գնում և նրա մոտ մնում են չօգտագործված կտրոններ:

Երբ համատիրությունից զանգել են եւ պահանջել կտրոնները, նա ասել է, թե դրանք չի վերադարձնելու, այլ՝ «բոլոր իր մոտ ունեցած փաստաթղթերի հետ պետք է ուղարկեր ՀՀ գլխավոր դատախազին»:

Ըստ ամբաստանյալի. «Համատիրության համակարգիչը չի տարվել փորձաքննության, փոխարենն աղջկաս համակարգիչը՝ տպիչով տարվել է փորձաքննության և փորձագետը տվել է եզրակացություն, թե իրենց համակարգիչում ոչ մի տպված կտրոնի նմուշ չկա»:

Այս գործով քննել են շուրջ 188 անձի:  Ցուցմունք տվածներից մեկը երեք տարուց ավելի է՝ չի բնակվում նշյալ բնակարանում, մեկ այլ վկա դատարանում պնդել է, որ ինքը ցուցմունք չի գրել. «իրենց տուն ոչ մի քննիչ էլ չի եկել», մեկին դատարան էին կանչել, ասելով՝  «եղբորդ համար է»:

«Լինելով Վարդ-բաղ թաղամասի սպասարկող տեխ. հսկիչ՝ տեղյակ եմ, որ դատակոչված վկաների մեջ կան նաև հոգեկան խանգարում ունեցող անձինք, որոնք չէին կարող ճիշտ ըմբռնել իրականությունը, նրանցից  մեկը խոսել չի կարող, իսկ երբ Քնարիկ անունով կնոջը Քնարիկ են կանչում, շրջապատի մարդկանց ստիպում է, որ իրեն ասեն «Նառա», քանի որ ըստ նրա՝ իր իմանալով ինքը Նառան է»,-ասել է Նարինե Մնացականյանը:

Եղել են վկաներ, որոնք մեղադրանքի կողմի նշած հասցեում չեն բնակվել, որովհետեւ  նման հասցե չկա:

«Համատիրության գրքերում այդ հասցեների դիմաց գրված է  «փակ դուռ», այնտեղ ոչ ոք չի բնակվում:

Կան հասցեներ էլ,  բնակարաններ Վարդ-բաղ թաղամասում, որի դիմաց գրված է  «փակ դուռ», բայց այդ բնակարաններում մարդիկ են ապրում և համատիրությունում այդպիսի բնակարանների մասին շատ լավ գիտեն: Կան տներ, որ ունեն երկու տեր»,-ասել է համատիրության աշխատակիցը:

Նարինեն պնդել էր, որ համատիրությունից անդորրագրեր ստանալիս հաշվել է. «Բացառվում է, որ ես առանց կնիքված անդորրագրերի դատարկ ձևաթղթեր վերցնեի, ես չեմ էլ իմացել, թե դրանք երբ կամ ում կողմից են կնիքվել, կնիքը գտնվել է համատիրության նախագահի մոտ, անդորրագրերը կնիքված են եղել ինչպես բաց, այնպես էլ  «թունդ գույնի»:

Դատավճռով Նարինե Մնացականյանը դատապարտվել է տուգանքի սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 դրամի չափով: Իսկ ճիշտ է մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, դատարանը նրան ազատել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Բողոքի քննությունը նշանակվել է հոկտեմբերին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 
«Առավոտ» օրաթերթ    

  28.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930