Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես ինձ մոտ եկավ Քրիստոսը

Սեպտեմբեր 29,2017 12:30

Այս պատմությունը կարդացել եմ Foma.ru կայքում: Պատմում է քահանա Սվյատոսլավ Շեւչենկոն:

Մեր տաճարի մոտ ձեռնափայտով միշտ մի մարդ էր կանգնած: ՉգՌտեմ՝ արդյոք նա տուն կամ մի անկյուն ունե՞ր, թե՞ ոչ, բայց եկեղեցի էր գալիս ամեն օր, կարծես աշխատանքի: Նա միշտ անթրաշ էր, մազերը չսանրված ու նրանից անդուր հոտ էր գալիս: Նրա մի ոտքը փաթաթված էր սև տոպրակով: Չգիտեմ՝ արդյոք ձևացնո՞ւմ էր, թե՞ իսկապես վնասել էր ոտքը: Եվ այդպես կաղ վիճակով, իր ձեռնափայտին հենված՝ նա ողորմություն էր հավաքում, դատելով տեսքից, նաև ալկոհոլի համար:

Մի օր, լեգենդար արքեպիսկոպոս Գաբրիելը (Ստեբլուչենկոն) օրհնեց ինձ, որպեսզի տաճարի մուտքի մոտից հեռացնեմ թափառականներին, որպեսզի հավատացյալներին չխանգարեն անարգել տաճար մտնելու: Եվ ես գործի անցա: Իմ ամենամեծ խնդիրը դարձավ կաղը (այդպես էի ես նրան  անվանում, քանի որ անունը չգիտեի): Հենց իրեն հեռացնում էի, դեռ ես ետ չեկած, ինքը կրկին վերադառնում էր իր տեղը: Նաև բարությամբ նրան բացատրեցի, թե սրբազանն իմ վրա կբարկանա, եթե իրեն նորից տեսնի դռան մոտ, բայց արդյունքը էլի նույնն էր:

Արդեն մոտ տասն անգամ այսպես փորձել էի ու արդեն բարկացել: Բանը խաթրից արդեն անցել էր հրմշտոցի: Ես նրան հրելով էի հեռացնում, իսկ նա հայհոյում էր ինձ: Մի անգամ հազիվ ինձ զսպեցի, որպեսզի իրեն չհարվածեմ: Ափերից դուրս եկա: Մի խոսքով, ես այս կաղ մարդու հետ չհայտարարված պատերազմի մեջ էի: Սիստեմատիկ կերպով քշում ու հալածում էի նրան:

Եվ ես ինձ համար արդեն որոշել էի, որ ամեն դեպքում իրեն պիտի մի օր լավ հասցնեմ: Բայց բոլոր որոշումներից ավելի, մի հարց էր մեջս եփվում: Մեջս մի անհեթեթ ու անգիտակցական ցանկություն էր առաջանում նրա դատավորը լինել, դառնալ նրա խեղճ վիճակի վարպետը, նույնիսկ այդպիսի թշվառ վիճակում:

Մի քանի օր անց տանս դռան զանգը հնչեց: Նայում եմ դիտանցքից… կաղն է: Բայց նա չէր կարող իմանալ՝ ես որտեղ եմ ապրում: Բացում եմ դուռը ու տարօրինակ ձևով նայում եմ նրան: «Ջուր չե՞ք տա խմելու», հարցնում է նա ինձ այնպես, կարծես առաջին անգամ է տեսնում: Այդ պահին ես հստակ հասկանում եմ, որ հիմա ինձ փորձում է Աստված: Ես դա զգացի, որովհետև իմ սրտում ուրախություն առաջացավ, որը տակնուվրա էր անում հոգիս: Դուք երևի չեք հավատա, բայց ես այդ պահին ուզում էի փաթաթվել այդ մարդուն, ում ես այդքան հալածել էի: Հազիվ ինձ զսպեցի (իսկ միգուցե պետք չէր զսպել ու պետք էր փաթաթվել այդ մարդուն): Աչքերիցս արցունքներ եկան այն զգացումից, որ շատ հնարավոր է, որ դռան մյուս կողմում ոչ թե կաղն է կանգնած, այլ Քրիստոսը: Չուզեցի իրեն ծորակի պարզ ջուր տալ, այլ սառնարանից հանքային ջուր վերցրի ու լցրեցի բաժակի մեջ: Տարա դռան մոտ: Ձեռքս երկարում եմ իրեն: Նա առանց շտապելու խմեց, շնորհակալություն հայտնեց ու հեռացավ:

Հիմա ես հասկանում եմ, որ հենց այսպիսի աչքերով պետք է մենք նայենք ամեն մի մարդու: Պետք է նրա մեջ տեսնենք Աստուծո պատկերն ու նմանությունը, որը հնարավոր է, որ խունացած է: Բայց դժբախտաբար շատ դժվար է լինում կրքերի և զգացմունքների մառախուղի ետևում մերձավորի մեջ տեսնել Քրիստոսին: Գրում եմ այս տողերը ու չեմ կասկածում, որ այդ օրը ինձ մոտ եկավ հենց ինքը Քրիստոսը: Եվ մտածում եմ, որ դժվար թե ես նրան ճանաչեի ու զգայի, եթե ինքը՝ Փրկիչը դա չբացեր ինձ համար: Հետևաբար ես այս գործի մեջ արժանիք չունեմ: Պարզապես Տերն օգնեց ինձ տարբեր նայել մարդկանց:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/armen.hareyan

«Առավոտ» օրաթերթ    

  28.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930