Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էլթոն Ջոնի հետ համագործակցությունից հետո դժվար է հանդես գալ այլ շոուներում»

Սեպտեմբեր 29,2017 14:00

Ասում են նորագույն երաժշտություն քարոզող ամերիկահայ քույրերը

Ամերիկահայ երաժիշտներ, քույրեր՝ դաշնակահար Մարթա  եւ թավջութակահար Անի Ազնավուրյանների անունները հայաստանցի մասնագետների շրջանում սկսվեց հոլովվել դեռեւս 1980-ականներին: Ասում էին, որ երիտասարդ մեր համերկրացիները ԱՄՆ-ում մեծ կարիերա են սկսել: Օրինակ, Ջուլիարդի համալսարանում դեռեւս սովորող Անիին Էլթոն Ջոնը պարբերաբար հրավիրում է իր համերգներին կամ՝  Մարթան ընդամենը 13 տարեկանում է իբրեւ մենակատար հանդես եկել Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Որոշ ժամանակ անց ԱՄՆ հյուրախաղերից հետո մեր երաժիշտները փաստում էին քույրերի միջազգային մրցույթներում միայն առաջին մրցանակի արժանանալու մասին եւ այդ մրցույթներից հետո սկսվեց Ազնավուրյանների բեմելները Չիկագոյի, Տոկիոյի, Հելսինկիի, Բելգրադի, Սիդնեյի, Սան Դիեգոյի եւ այլ նվագախմբերի հետ, ղեկավարությամբ այնպիսի դիրիժորների, ինչպիսիք են Սըր Ջորջ Շոլթին, Ֆրանչեսկո Միլիոտոն, Մայքլ  Թիլսըն Թոմասը եւ այլն:

Հայուհիների  մրցանակների հարուստ հավաքածուում տեղ է գտել նաեւ ԱՄՆ-ի նախագահի պարգեւը: Հաճախ երաժիշտները փոխարինել են հանրահայտ անունների, օրինակ՝ Անին հանպատրաստից փոխարինել է Նատալյա Գուտմանին՝ հանդես գալով Շոստակովիչի առաջին կոնցերտի կատարումով: Ժամանակ առ ժամանակ լուրեր էին տարածվում, թե քույրերը պատրաստվում են այցելել Երեւան: Նրանց անվան շուրջ, ավելի ճիշտ՝ Մարթայի, «թարմ» տեղեկությունը այս տարի Lincoln Trio-ի կազմում  Գրեմմիի մրցանակի առաջադրվելն էր «Լավագույն կամերային երաժշտության խտասալիկ» անվանակարգում:

Lincoln Trio-ն. դաշնակահար Մարթա Ազավուրյան, ջութակահար Դեսերի Ռաստրատ, թավջութակահար Դեվիդ Քանլայֆ:

Վերջապես Ազնավուրյաններն առաջին անգամ ժամանեցին Երեւան: Նրանց մենահամերգը կայացավ օրերս, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 11-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան): Կամերային երեկոյի ընթացքում երաժիշտները հնչեցրել են Դե Ֆալլայի, Բարբերի, Կասսադոյի, Բեթհովենի ստեղծագործություններից:

«Առավոտի» հետ զրույցում Անին տեղեկացրեց այսքան ուշ Հայաստան այցելելու պատճառը. «Առաջին անգամ հրավեր էինք ստացել Լորիս Ճգնավորյանից, սակայն երկրաշարժը խառնեց ամեն ինչ: Բայց մենք Ամերիկայում այդ տխուր առիթով  քանիցս բարեգործական համերգներով ելույթ ունեցանք, այդ թվում՝ Չիկագոյում բարերար Քըրք Քրքորյանի նախաձեռնությամբ կազմակերպված մեծ երեկոյին, որին մասնակցում էին տարբեր ազգությունների իսկապես բազմաթիվ երաժիշտներ»: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ երեւանյան համերգին չհնչեց ոչ մի հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, Մարթան պատասխանեց. «Մեր ծրագրերի կորիզը նորագույն երաժշտությունն է: Քանիցս իրականացրել ենք ստեղծագործությունների պրեմիերաներ, բայց հասկանալի պատճառով ընդգրկված չեն եղել ժամանակակից հայ հեղինակների երկեր: Երեւանում գտնվելու առիթը մենք բաց չենք թողնում. խնդրել ենք ծանոթացնել երիտասարդ ստեղծագործողների հետ»: Անին էլ հավաստիացրեց. «Այնպես չէ, որ բացարձակ հայ հեղինակի չենք ներկայացնում: Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ մեր նվագացանկում տեղ են գտնում հիմնականում Կոմիտասի ստեղծագործությունների փոխադրումները: Այդ հարցում մեզ օգնում է նաեւ օպերային դիվա Իզաբել Բայրաքդարյանի ամուսինը՝ դաշնակահար, կոմպոզիտոր Սերուժ Քրաջյանը: Ծրագրել ենք առաջիկայում հանդես գալ նաեւ Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի ստեղծագործությունների փոխադրումներով: Բայց մեր հիմնական նպատակը նորագույն երաժշտություն տարածելն է: Անկասկած՝ նաեւ հայ հեղինակների»: Մարթան հիշեց, որ ժամանակին դաշնակահար Շահան Արծրունին հեռախոսով կապվել է Էդվարդ Միրզոյանի հետ եւ հենց հեռախոսով իրենց հաղորդակից դարձրել կոմպոզիտորի լայն տարածում ստացած «Պոեմին»:

Ազնավուրյաններն իրենց ամերիկաբնակ գործընկեր թավջութակահար Սուրեն Բագրատունու հետ՝ Երեւանում:

Նորագույն երաժշտություն տարածող մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք նաեւ՝ երբեւէ հանդես եկե՞լ են արեւմտյան  դասական շոու ծրագրերում: Պարզեցինք, որ նման միջոցառումների առաջարկ այնքան էլ շատ չեն ստացել. հիշեցին, իրենց խոսքերով՝  աներեւակայելի շքեղ ծրագրին իրենց մասնակցությունը Համբուրգի բալետային խմբի հետ: Անին էլ ժպտալով հավելեց. «Էլթոն Ջոնի հետ իմ համագործակցությունից հետո դժվար է հանդես գալ այլ շոուներում»: Վերադառնալով «դասական»  զրույցին, քույրերը տեղեկացրին, որ վերջերս թողարկել են CD՝ ամերիկացի 7 կին կոմպոզիտորների ստեղծագործություններով եւ պատրաստվում են նույն ձեւաչափը կրկնել հայ կին կոմպոզիտորների երկերով:

Շուրջ 30 տարի հայաստանցի երաժիշտներին հետաքրքրող հարցն էլ ուղղեցինք քույրերին՝ ազգակցական կապ ունե՞ն Շանսոնյեի հետ: «Իհարկե, Շառլ Ազնավուրը հայրիկի զարմիկն է»,- «դուետով» պատասխանեցի նրանք:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ    

  28.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930