Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ

Սեպտեմբեր 29,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր չորսերորդ

ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ

Եվ Ֆրունզիկն ասաց՝  «Խորիկի ուշքն ու միտքը ռեժիսոր դառնալն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը ղեկավար աշխատանք սիրում ա», եւ Ֆելոն  զարմացած հարցրեց՝ «ինչի ռեժիսորությունը ղեկավար աշխատանք ա՞», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, իսկական ղեկավար աշխատանքը հենց ռեժիսորությունն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առավոտից իրիկուն կոլեկտիվ ես ղեկավարում», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «Խորիկը կարա՞ կոլեկտիվ ղեկավարի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն էլ ո՜նց կարա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը սովոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինստիտուտից սկսած՝ ինքը միշտ էլ պաշտոնյաների ու թագավորների դերեր ա խաղացել», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «իսկ դուք ոչ մի անգամ պաշտոնյաների ու թագավորների դերեր չե՞ք խաղացել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ընդամենը մի անգամ դիրեկտորի տեղակալի դեր եմ խաղացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էն էլ՝ Լենինականում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Խորիկին որ սպանես, տեղակալի դեր չի խաղա», եւ հայրս խորամանկ ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «հիմի իրար հետ ո՞նց եք», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ հետ», եւ հայրս ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Խորիկի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Խորիկի հետ միշտ էլ լավ ենք էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «իրար հետ կիսելու ի՞նչ ունենք» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ինքը ղեկավարների դերերն ա խաղում, ես՝ ենթակաների», եւ Ֆելոն խորամանկ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «բայց ժողովրդի մեջ ուրիշ բաներ են խոսում», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «ի՞նչ են խոսում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում են, իբր, իրար հետ չեք խոսում. խռով եք», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ում հետ խռով», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «դուք եւ Խորեն Աբրահամյանը», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «ես էլ եմ լսել», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «դո՞ւ ինչ ես լսել», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «լսել եմ, որ իրար հետ խռով  եք», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց հորս, մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետաքրքիր ա, չէ՞», եւ հայրս հարցրեց՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «Խորիկի հետ ինչքան ավելի ենք բարիշում, էնքան ավելի են տարածում թե՝ խռով ենք», եւ հայրս հարցրեց՝ «ո՞վ ա տարածում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եսիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հազար ու մի չուզող ունենք», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «բայց մի մոմենտ իսկականից իրար հետ խռով էիք, չէ՞», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խռով չենք էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի մոմենտ իրար հետ մի քիչ սառն էինք, բայց էդ սառնությունը շատ կարճ տեւեց», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «բա ինչի՞ էիք սառը», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեջներովս սեւ կատու էր անցել», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «էդ սեւ կատուն  անուն չունի՞», եւ  Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ազգանուն էլ ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն էլ բավական հայտնի ազգանուն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց չեմ ասի՝ ով ա», եւ հայրս մի քիչ  մտածեց ու ասաց՝ «պետք էլ չի, որ ասես»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930