«Պարոն Խաչիկյանը հինգ տարի անցկացրել է ազատազրկման վայրում, այսօր նա վերադարձել է իր ընտանիք, ես շնորհավորում եմ նրա ընտանիքին ու հարազատներին»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն այսօր ազատ է արձակվել: Նախագահն է ներում շնորհել: Վազգեն Խաչիկյանը ներման դիմում է գրել, նախագահն էլ, ըստ ԱԺ փոխխոսնակի, օրենքով սահմանված ներում է շնորհել: Սա առաջին եւ վերջին դեպքը չէ, որ նախագահը ներում է շնորհում:
Բայց տոն եւ ուրախություն է ոչ միայն Վազգեն Խաչիկյանի ընտանիքում: Նաեւ`Էդուարդ Շարմազանովի ընտանիքում է տոն`ընկերոջ`Վազգեն Խաչիկյանի ազատ արձակվելու առիթով: Վազգեն Խաչիկյան եղել է, կա եւ մնում է Էդուարդ Շարմազանովի ընկերը: Նա կալանավայրում էլ է այցելել Վազգենին, վերջին անգամ էլ տեսնվել են Խաչիկյանի մոր հուղարկավորության օրը:
«Ես երբեք մարդկային հարաբերությունները քաղաքական ու իրավական հարաբերությունների հետ չեմ խառնում»,- ասաց ՀՀԿ-ի խոսնակը` նույնը խորհուրդ տալով բոլորին:
«Ինչ վերաբերում է պարոն Խաչիկյանի կուսակցական պատկանելությանը՝ ես պարոն Խաչիկյանին ճանաչել եմ որպես ՀՀԿ-ական, այսօր չեմ կարող ասել, եթե օրենքը թույլ է տալիս, ուրեմն ՀՀԿ-ական է, եթե թույլ չի տալիս ու պետք է սառեցվի նրա անդամակցությունը ՀՀԿ-ում, ուրեմն կսառեցվի», – ասաց Էդուարդ Շարմազանովը: :
Հիշեցնենք, Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում էր կայացրել`նրանից բռնագրավել 261 մլն դրամի գույք։ ՍԱՊԾ նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով բոլոր ամբաստանյալները սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներ էին և մեղադրվում էին պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացումներ կատարելու մեջ: Պետությանը հասցված վնասի չափը կազմել է 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ