Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիս Մանրոյի պատմվածքները հայերեն են թարգմանվել

Սեպտեմբեր 28,2017 22:02

«Կանայք ավելի շատ են ընթերցում», ասում է թարգմանիչ Մարո Մադոյան-Ալջաջյանը: «Այդպես է, որովհետև տղամարդիկ գրում են», – ժպտալով հակադարձում է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: Քննարկումը ծայր է առնում «Հայ գիրք» գրախանութի պատերից ներս, որտեղ հայ ընթերցողին ներկայացվում է կանադացի գրող Ալիս Մանրոյի պատմվածքների ժողովածուի հայերեն թարգմանությունը:

Գրականագետն ու թարգմանիչը միասին որոշել են պատմվածքների ժողովածուն վերնագրել «Պատրանքով տարված»: Ժողովածուի ստեղծագործություններից մեկի վերնագիրն է: Մարո Մադոյանն առաջին անգամ է թարգմանում Նոբելյան մրցանակակիր հեղինակի. «Ալիս Մանրոն խոստովանում է, որ ինչ-որ բարեբախտությամբ է ստացել Նոբելան մրցանակ: Անգամ մրցանակաբաշխությանն անձամբ ներկա չի եղել: Երբ ինքն իր ստեղծագործության մասին է խոսում, ասում է՝ բախտս բերել է: Նա նոր ժանր է ներկայացնում՝ Հարավային Օնտարիոյի գոթական գրականություն»:

Կանադայի Օնտարիո նահանգում ծնված գրողի պատմվածքների թեման կինն է: Ծնվել է մի հասարակարգում, որտեղ կինը ներկայացվում է կաղապարների մեջ՝ հիմնականում դիտարկվելով կենցաղի ֆոնին: Հեղինակը փորձում է այդ կաղապարներից դուրս գալ: Մանրոն համարվում է նաև ֆեմինիզմի ներկայացուցիչ: Ստեղծագործությունների հերոսները մեծամասամբ կանայք են: Նկատելի է, թե ինչպես է խոսում վերջիններիս իրավունքների հավասարության դիրքերից: «Ինքն իր փիլիսոփայությունը նմանեցնում է նաև Զիգմունդ Ֆրոյդի տեսությանը: Եթե հետևեք գրաքննադատներին, նրան նմանեցնում են Չեխովին, քանի որ վերջինիս նման կարողանում է շատ փոքր պատմվածքի միջոցով մեծ ասելիք հաղորդել»,- նշում է թարգմանիչը:

Արքմենիկ Նիկողոսյանի համար ապշեցնող է Մանրոյի կերպարի ամբողջական լինելը իր նեղ տարածության մեջ: Գրականագետի համոզմամբ՝ շատերն իրենց վեպերի մեջ այնքան խորը չեն, ինչքան Մանրոն իր պատմվածքներում. «Սրանք դասական պատմվածքներ չեն: Մանրոյի գործերը շատ տեսաբաններ նմանեցնում են խճաքարերի, որոնք հավաքում ես և ստանում խճապատկեր»:

Մարո Մադոյանը վերնագրի ընտրությունը պատահական չի համարում: Պատմվածաշարի գլխավոր ուղերձն այն է, թե ինչպիսին են սիրո դրսևորումները կնոջ պատրանքների մեջ: «Երբ կարդում եք պատմվածքը, զգում եք, թե ինչ տարիքի կին է գրել: Սովորեցնում է, թե կինը ինչպես կարող է տարբեր ձևերով սիրել, ոչ թե միայն դասական օրինակով: Վերնագիրը առեղծվածային է թվում, չէ՞, դրա համար էլ ընտրել ենք, որպեսզի հրապուրի ընթերցողին»:

Սա կանադացի գրողի գործերի հայերեն թարգմանության առաջին փորձը չէ: 2016թ.-ին հայերեն է թարգմանվել նրա՝ «Կյանքի սիրույն» (Dear Life) պատմվածքների ժողովածուն:

Այն հարցին, թե որքանով է նոբելյան մրցանակակիր լինելու հանգամանքն ազդել թարգմանելու ցանկության վրա, Մադոյանը պատասխանում է. «Կանադացի հեղինակներ կան, որոնք Նոբելյան մրցանակակիր չեն, սակայն  Մանրոյին չեն զիջում: Առաջիկայում գուցե թարգմանեմ նաև նրանց գործերը»:

Հիշեցնենք, որ «Պատրանքով տարված» պատմվածաշարն ընդգրկվել է «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի լավագույն տասնյակում:

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930