Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա հակիրճ ներկայացրել է ԱՀ կառավարության անցած 10 տարվա գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և պատասխանել լրագրողների հարցերին:
Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ տարիների ընթացքում կառավարությունը, առաջնորդվելով նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերով, տարեցտարի ապահովել է ՀՆԱ-ի աճ՝ ավելացնելով պետական բյուջեն ու կյանքի կոչելով սոցիալական շատ ծրագրեր: «Այսպես, օրինակ, եթե 2007 թվականին հանրապետության ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017 թվականին այն կանխատեսվում է հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ: Եթե 2007թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 22,4 մլրդ դրամ, 2016 թվականին՝ 59 մլրդ, ապա 2017 թվականին այն անցնելու է 70 մլրդ-ը»:
Արայիկ Հարությունյանը կարևոր ձեռքբերումներից մեկն է համարել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: «ՀԷԿ-երի կառուցման շնորհիվ՝ 10 տարվա ընթացքում շուրջ 4 անգամ ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 90,4 մլն կՎտ/ժ-ից հասնելով 345 մլն կՎտ/ժ արտադրանքի: Արդյունքում, Արցախը դարձել է ոչ միայն էներգաբավ, այլև՝ էլեկտրաէներգիա արտահանող հանրապետություն: Պլանավորում ենք ցուցանիշը մոտ ապագայում հասցնել մինչև 700 մլն կՎտ/ժ-ի»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ լուրջ տնտեսական աճ է արձանագրվել նաև գյուղատնտեսության բնագավառում՝ 2,9 անգամ ավելացնելով գյուղատնտեսական համախառն արտադրանքը: Եթե 2007 թվականին արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի 53,000 տոննա բերք, ապա 2017 թվականին այն կազմել է 150,000 տոննա:
Պետնախարարն անդրադարձել է նաև շինարարական ծավալների ավելացման, կենսական անհրաժեշտության ենթակառուցվացքների վերականգնման և զարգացման մի շարք այլ ծրագրերի:
Իր մուտքի խոսքի ավարտին Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեն պլանավորվում է կազմել 100 մլրդ դրամի սահմաններում՝ ընդգծված ծախսային ուղղություններով՝ սոցիալական ծրագրերի կյանքի կոչման, ենթակառուցվածքների վերականգնման, ներդրումային նախագծերի կատարման և այլ ծրագրերով:
Պատասխանելով պետական նախարարի պաշտոնում իր լիազորությունների մասին հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ Նախագահի հրամանագրով հստակ սահմանվել են պետնախարարի լիազորությունները, անելիքներն ու գործունեության շրջանակը:
«Ըստ Նախագահի հրամանագրի՝ պետական նախարարի դիրքում զբաղվելու եմ պետական գույքի և ֆինանսների կառավարմամբ, ինչպես նաև համակարգելու եմ տնտեսական ոլորտի նախարարությունների գործունեությունը: Դա ինձ հնարավորություն է տալու շարունակել իմ ակտիվ աշխատանքը հատկապես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Ներկա պայմաններում, երբ հանրապետության համախառն ներքին արդյունքը հասնում է 270 մլրդ դրամի, տարեկան շուրջ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է տնտեսության մեջ ավելացնել ևս 27 մլրդ դրամ: Դրա համար պահանջվում է ավելի մեծ աշխատանք տնտեսության ոլորտում՝ ներգրավելով լրացուցիչ ներդրումներ: Ահա այդ ուղղությամբ էլ կենտրոնացնելու եմ իմ գործունեությունը, որպեսզի ապահովենք ցանկալի արդյունքներ»,- ասել է Ա. Հարությունյանը:
Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկներին և հայտարարություններին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում մենք իրագործում ենք բազմաթիվ ծրագրեր: Շահումյանի շրջանում ավարտել ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, կառուցել ենք բարձրավոլտ օդային էլեկտրագիծը: Այնտեղ նախատեսում ենք իրականացնել հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր. մասնավորապես՝ սկսված են ՀԷԿ-երի, ջրի գործարանի, բնակարանների կառուցման աշխատանքները, Քաշաթաղի շրջանի Միջնավան և Իշխանաձոր բնակավայրերում շարունակվում են բնակարանաշինության ծրագրերը և այլն: Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության, մշակույթի բնագավառների զարգացմանը՝ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների կառուցման միջոցով: Իսկ ոչ բնակելի տարածքներում մեծ ներդրումներ ենք նախատեսում՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Ուստի, որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ, դրանք զարգանում են և ծառայելու են մեր երկրին»:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին