Սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրվա առթիվ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» իրականացրեց տեղեկատվության ազատության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այսպես, տեղեկատվության ազատության տեսանկյունից ամենաբաց գերատեսչություն եւ գերատեսչության ղեկավար ճանաչվեցին Շիրակի մարզպետարանը՝ մարզպետ Արթուր Խաչատրյանի ղեկավարությամբ: Շիրակի մարզպետը նշեց, որ մրցանակն անսպասելի էր իր համար. «Հետագայում էլ կփորձեմ բարձր պատասխանատվությամբ շարունակել գործունեությունս: Մամուլի եւ հասարակության հետ շփումն արդյունավետ կառավարման գործոններից է»
Տեղեկատվության տրամադրման լավագույն կայք ճանաչվեց www.Geofund.am-ը: «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական Լիլիա Շուշանյանը նշեց, որ կայքը ներկայացնում է երկրաբանական ուսումնասիրությունների եւ հաշվետվությունների 70 000 փաստաթուղթ. «Կայքը զարգացնելու առաջարկներ կան. կայքի՝ գիտակրթական ոլորտի շահառուները շատ են, նաեւ ներդրողները»:
Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործող հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ն, որի ղեկավարն է Զառա Բաթոյանը:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող/լրատվամիջոց ճանաչվեց Hetq.am-ը, իսկ օրենքն ակտիվ կիրառած հանրային գործիչ՝ Անահիտ Բախշյանը:
Տեղեկատվության ազատության օրենսդրական հարցերին հետևողական անդրադարձ կատարած իրավաբան ճանաչվեց Դավիթ Ասատրյանը:
Մրցանակակիրները ստացան խորհրդանշական «ոսկե բանալի»:
Տեղեկատվության ազատության տեսանկյունից ամենափակ կառույց այս անգամ չճանաչվեց, ոստի «ժանգոտ կողպեք» խորհրդանշական մրցանակը հասցեատեր չունեցավ: Փոխարենը, ամենազավեշտալի պատասխանի հեղինակ-գերատեսչություն է ճանաչվել Հայաստանի պատմության թանգարանը: Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբը վերջինիս ցուցանմուշների մասին հարցում էր արել, իսկ թանգարանը չէր պատասխանել դրան՝ հղում կատարելով ոչ թե օրենսդրությանը, այլ իր ներքին կանոնադրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ