Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մինչեւ տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 58.8%-ը

Սեպտեմբեր 28,2017 18:35

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերացման եւ կանխարգելման Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզում արձանագրված տուլարեմիա հիվանդության դեպքերի վերաբերյալ:

Տուլարեմիան օջախային վարակիչ հիվանդություն է, որն ընթանում է ջերմությամբ, ավշային հանգույցների ախտահարմամբ: Հիվանդության գաղտնի շրջանը տեւում է 2-11 օր: Հիվանդությունն սկսվում է ջերմության բարձրացումով՝ 38-40 աստիճան, զարգանում է դեմքի հիպերեմիա: Կախված փոխանցման մեխանիզմի գործոններից՝ կարող են ի հայտ գալ ավշային գեղձերի բորբոքումներ: Տուլարեմիայի դեպքում հիվանդ մարդը վարակի աղբյուր չէ, քանի որ հիվանդության հարուցիչները նրա օրգանիզմում ախտածին երեւույթներ առաջացնելուց հետո կորցնում են իրենց վիրուլենտ հատկությունները: Տուլարեմիա հիվանդության աղբյուր են համարվում 74 տեսակի կենդանիներ եւ թռչուններ: Ըստ Արտավազդ Վանյանի՝ Տավուշում, ամենայն հավանականությամբ, օդափոշային միջոցով է եղել տուլարեմիայի տարածումը: Հայտնաբերվել է տուլարեմիայով վարակված 25 հիվանդ. 24 հիվանդ ամբողջությամբ բուժվել, ապաքինվել է, 1 հիվանդ դեռեւս ստացիոնար բուժում է ստանում:

Հանձնաժողովականները ներկայացրել են իրենց մտավախությունները տուլարեմիա հիվանդության հետ կապված, սակայն Արտավազդ Վանյանը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկվում է: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ 5 հարակից՝ Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Չորաթան, Այգեձոր գյուղերի բնակիչները չվարակվելու նպատակով կպատվաստվեն:

Երկու ամսով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի, Մանե Թանդիլյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած համատեղ նիստում աշխատանքային ձեւաչափով քննարկել են «Հարկաբյուջետային կանոնների մասին» ՀՀ կառավարության առաջարկը:

Զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է պետական պարտքի եւ պետական բյուջեի պակասուրդի գործող կանոնները, դրանց առավելություններն ու թերությունները, դրանց վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը, հարկաբյուջետային ներկա կանոնների արդիականացման եւ նոր սերնդի կանոնների ներդրման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից մշակված առաջարկությունների փաթեթները:

Նախարարը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 58.8%: «Մենք ցածր պարտքի շեմ ունեցող երկրների շարքում ենք, թեեւ մոտ ենք այդ միջակայքի վերին շեմին եւ միջին պարտքի ցուցանիշ ունեցողների շարք անցնելուն»,- նշել է Վարդան Արամյանը:

Հիմնական զեկուցողը շեշտել է, որ բացարձակ թվերն այնքան էլ կարեւոր չեն. կարեւոր է վարվող քաղաքականությունը, թե ինչպես է կայունացվում եւ աստիճանաբար նվազեցվում պարտքը: Կարեւոր է նաեւ, որ դա լինի ՀՆԱ առաջանցիկ աճի հաշվին: Նախարարը նշել է, որ սեպտեմբերի սկզբին տարբեր գերատեսչությունների հետ է քննարկվել այդ առաջարկը: «Կանոնների կարեւորագույն մեխն այն է, որ անկախ նրանից, թե ով կլինի ֆինանսների նախարարը, հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է իրականացվի կանոններով»:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանել է նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին վարվող հարկաբյուջետային քաղաքականությանը, պետական պարտքի նվազեցմանը:

ԱԺ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930