ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ներկայացրել է Համաշխարհային մրցունակության զեկույցի հրապարակած ցուցանիշները՝ ՀՀ մրցակցային իրավիճակի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրական դինամիկան վերջին տասը տարիների կտրվածքով աննախադեպ է. «Կառավարության կողմից իրականացվող առավել ակտիվ տնտեսական քաղաքականությունը, հատկապես բիզնես միջավայրի բարելավման, ինչպես նաև ներդրումային քաղաքականության առումով իր դրական ազդեցությունն է ունեցել մրցակցային ոլորտի էական առաջընթացի վրա: Անշուշտ, դրական պետք է համարել նաև ԵԱՏՄ անդամակցությունից հետո տասնյակ ոլորտներում թե արտահանող և թե ներկրող նոր տնտեսվարողների մուտքը, որը էական աշխուժություն է մտցրել շուկայում՝ մի շարք ոլորտներում արձանագրելով կենտրոնացվածության նվազում: Բացի այդ, ՀՀ մրցակցային մարմնի կողմից խոշորածավալ աշխատանք է տարվել հատկապես պետական գնումների, անբարեխիղճ մրցակցության բացահայտումների, ինչպես նաև շուկա մուտքի խոչընդոտների առումով»:
Ա. Շաբոյանը նշել է, որ Հայաստանը առաջընթաց է արձանագրել բոլոր երեք հիմնական ուղղություններով՝ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության, մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության և տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշներով։
Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ Հայաստանն իր դիրքերը բարելավել է միանգամից 37 կետով
Տվյալ երկրում տնտեսական մրցակցության իրավիճակի կարևոր բնութագրիչներից մեկը համարվում է հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշը, որն ուղղակիորեն բնութագրում է մրցակցության պաշտպանության համար պատասխանատու մարմնի գործունեության արդյունավետությունը: Այս ցուցանիշով Հայաստանը նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է միանգամից 37 կետով և ներկայումս աշխարհի 137 երկրների շարքում զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 77-ի փոխարեն: Նշենք, որ մեր երկիրն առաջատարն է ԵԱՏՄ անդամ երկրներում. Ռուսաստանը զբաղեցնում է 83-րդ, Ղազախստանը՝ 84-րդ,Ղրղզստանը՝ 109-րդ տեղը: Մեր երկիրն այս ցուցանիշով գերազանցում է նաև տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների։ Օրինակ. Վրաստանը գտնվում է 112-րդ, Լիտվան՝ 68-րդ, Լատվիան՝ 78-րդ, Սլովակիան 76-րդ, Հունգարիան՝ 73-րդ, Մոլդովան՝ 126-րդ, Ռումինիան՝ 95-րդ, Սլովենիան՝ 60-րդ, Լեհաստանը՝ 49-րդ, Ուկրաինան՝ 124-րդ, իսկ Թուրքիան՝ 43-րդ հորիզոնականում։
23 կետով առաջընթաց է արձանագրվել Մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցությունը բնութագրող ցուցանիշի գծով
Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 137 երկրների շարքում զբաղեցնում է 28-րդ տեղը՝ նախորդ տարվա 51-ի փոխարեն: Մասնավորապես, Հայաստանին զիջում են ԵԱՏՄ անդամ և տարածաշրջանի բոլոր պետությունները, ինչպես նաև ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ: Մասնավորապես՝ Ռուսաստանը զբաղեցնում է 64-րդ, Ղազախստանը՝ 91-րդ,Ղրղզստանը՝ 92-րդ, Թուրքիան 59-րդ, Վրաստանը՝ 67-րդ, Լիտվան 77-րդ, Հունգարիան՝ 108-րդ, Մոլդովան՝ 122-րդ հորիզոնականը և այլն:
Տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշի գծով առաջընթացը կազմել է 25 կետ
Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 137 երկրների շարքում զբաղեցնում է 66-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատությամբ, մեր դիրքերը բարելավել ենք 25 կետով: Համեմատության համար նշենք,որ այս ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցնում է 72-րդ, Ղազախստանը՝ 114-րդ,Ղրղզստանը՝ 124-րդ, Վրաստանը՝ 94-րդ, Հունգարիան՝ 127-րդ, Մոլդովան՝ 95-րդ, Ռումինիան՝ 86-րդ, իսկ Ուկրաինան՝ 78-րդ հորիզոնականը։
ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ հարցումները տնտեսվարողների շրջանում իրականացվել են օնլայն՝ անանուն տարբերակով, ինչն առավել օբյեկտիվ է գնահատում կատարված լայնածավալ աշխատանքների արդյունավետությունը:
Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող զեկույցը հանդիսանում է աշխարհի երկրների մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը։ Այն հիմք է ընդունվում տարբեր միջազգային հարթակներում՝ տվյալ երկրի ընդհանուր զարգացման ցուցանիշը և առաջընթացը գնահատելու առումով:
ՀՀ ՏՄՊՊՀ