Այսօր Լոռու մարզպետի մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները մարզի ղեկավարից հետաքրքրվեցին, թե ի վերջո նա ի՞նչ կապ ունի Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի բակում տեղի ունեցած սպանության եւ միջադեպի մասնակիցների հետ: Մարզի ղեկավարն ասաց, որ դեպքի հետ ինքը կապված է միայն այնքանով, որ Ալավերդի քաղաքից է. «Հիմա նույն բանն է, որ Ռուսաստանի որեւէ մարզում՝ Սիբիրում կամ չգիտեմ որտեղ մի ալավերդցի ինչ-որ մեկին դանակահարի՝ կապեն մարզպետի հետ: Կամ լրագրողը զանգի հարցնի՝ ճանաչու՞մ եք: Իհարկե ճանաչում եմ, բոլորին էլ ճանաչում եմ: Բայց դեպքն ինձ հետ ի՞նչ կապ ունի»:
Երեկ լրատվամիջոցներով կրկին լուրեր են տարածվել, որ մի շարք մարզպետներ պաշտոնանկ կլինեն: Շրջանառվում էր նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունը: Նշվում էր, որ նրան կփոխարինի փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը:
Այս մասին էլ մարզի ղեկավարն ասաց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում. «Ես մամուլից լսեցի այդ սուտ տեղեկատվությունը, նման բան չկա: Իսկ Անուբախ Համբարյանն իմ շատ լավ ընկերն ու բարեկամն է: Եվ իմաստ չկա մարդկանց թյուրիմացության մեջ գցելու»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ