Լրահոս
Օրվա լրահոսը

«Նալբանդյանի ասածը մատի փաթաթան դարձնելը ճիշտ չէ». Կիրո Մանոյան

Սեպտեմբեր 28,2017 17:14

«Նույնիսկ մինչև գարուն սպասելու կարիք չկա, անհրաժեշտ է, որ Հայաստանն առ ոչինչ հայտարարի 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Պարոն Մանոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումները կարևոր է համարում. մասնավորապես այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ 2009-ին ստորագրված արձանագրությունները որակեց սին և հաստատեց, որ մինչև գարուն, եթե տեղաշարժ չլինի, Հայաստանը առ ոչինչ է հայտարարելու այդ արձանագրությունները:

Ըստ Կիրո Մանոյանի` սա նույնիսկ ուշացած քայլ է, քանի որ Թուրքիան այս տարիներին ցույց տվեց, որ ինքն անկեղծ չէր այդ բանակցությունների ընթացքում և հիմնական նախապայման էր դնում Արցախի հարցը:

Դառնալով Իրաքի Քրդստանի հանրաքվեին`պարոն Մանոյանը հորդորեց փոքր-ինչ սպասել դիրքորոշումներ հայտնելուց առաջ. «Պետք է սպասել, տեսնել` առաջիկա զարգացումներն ինչ կլինեն: Դեռ պարզ չէ` արդյոք Քրդստանն այս հանրաքվեն օգտագործելու է անկախություն հռչակելո՞ւն, թե՞ Բաղդադի հետ նոր բանակցություններ սկսելու համար: Պետք չէ շտապել: Այն, ինչ ԱԳ նախարարը հայտարարեց, թե հուսով ենք, որ ամեն ինչ խաղաղ կընթանա, այս պահին առավելագույնն է, որ կարելի է անել: Արցախը ճիշտ է արել, որ ողջունել է այդ հանրաքվեն և կոչ արել, որ հետագա զարգացումները լինեն խաղաղ: Այն զգուշությունը, որ դրսևորել է Արցախի ԱԳՆ-ն` ևս օգտակար է»:

Հարցին` Քրդստանի շուրջ սրացումներն ինչի՞ կարող է հանգեցնել` հատկապես ղարաբաղյան հակամարտության հարցում, պարոն Մանոյանը վստահեցրեց, որ դա կբերի ընդհանուր ապակայունացման. «Մեր սահմանից ուղիղ գծով նույնիսկ 300 կմ չկա մինչև Իրաքի Քրդստանը: Իրականում շատ մոտ ենք և դրա համար ապակայունացումն այդտեղ նաև վտանգավոր կդառնա մեր տարածաշրջանի համար»:

Դառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` պարոն Մանոյանը նկատեց, թե ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն իրականում հարցի էությանը չի անդրադարձել, նախագահների հանդիպումը ևս չի անդրադառնա: Ըստ պարոն Մանոյանի` այդ հանդիպման կազմակերպման հարցում Մինսկի խմբի համանախագահները վերջին ճիգերն են գործադրում, որպեսզի մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտ այն իրականացվի, քանի որ ապրիլից հետո իրավիճակ է փոխվելու:

Դառնալով Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններին` պարոն Մանոյանը հավաստիացրեց, որ նրան պաշտպանելու խնդիր չունի, բայց նրա ասածները ճիշտ չեն հասկացվել: Կիրո Մանոյանի կարծիքով` պարոն Նալբանդյանի ասածների մեջ նորություն չկա. «Նա վատ բան արեց, որ բաց խոսեց հանրության հետ այն մասին, թե ինչ են առաջարկել: Այս առաջարկը 2007-ի նոյեմբեր- դեկտեմբերից կա: Ինքը փաթեթն էր ներկայացնում: Բայց ուշադրությունը ոմանք միայն մեկ կետի վրա են կենտրոնացնում, նույնիսկ իր ասածը խեղաթյուրում են, իբր Հայաստանը կողմնակից է տարածքներ հանձնելուն: Իսկ Դաշնակցությունն այդ փաթեթի բոլոր կետերին դեմ է: Իսկապես Նալբանդյանի ասածը մատի փաթաթան դարձնելը ճիշտ չէ»:

ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, ըստ Կիրո Մանոյանի, կստորագրվի: Նա հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանը դեմ չի եղել ստորագրմանը, այլ, ընդհակառակը, ասել է, թե կարող ենք ստորագրել միայն քաղաքական բաղադրիչը. «Երեք տարի իզուր կորցրին, սկսեցին բանակցել, հիմա նույն պայմանագիրը պետք է ստորագրենք, որը կարող էինք ստորագրել այն ժամանակ»:

Դառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին, որը սկսել է ԵԼՔ խմբակցությունը, պարոն Մանոյանն արձագանքեց. «Քաղաքական ներքին դիվիդենտների համար այս ձևով հարցեր բարձրացնելն էլ ճիշտ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930