Aravot.am-ը Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանից հետաքրքրվեց` նոր հանդիպում խնդրե՞լ է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից «Խավարում» ցուցադրության արգելելու թեմայով մանավանդ ինքն aysor.am-ին ավելի վաղ ասել էր. «Ես անմիջապես հանդիպում խնդրեցի, սակայն նախարարն այստեղ չէր: Սա այնպիսի դեպք է, որ անպայման պետք է դեմ առ դեմ զրուցեմ ու հասկանամ խնդիրը: Ես վաղը երեկոյան գործնական ուղևորության եմ մեկնելու, ամսի 23-ին կվերադառնամ Հայաստան ու առաջին քայլս նախարարին հանդիպելը կլինի: Այս ամեն ինչի մեջ պետք է պարզաբանում մտցնենք»:
Մշակույթի նախարարությունից «Առավոտին» երեկ տեղեկացրել էին, որ մինչ այս պահը Նարինե Թուխիկյանը հանդիպման համար չի դիմել։
«Մեր հանդիպումը չի կայացել, դեռ սպասում եմ, որովհետեւ մինչեւ նախարարի արձակուրդ մեկնելը գրանցվել եմ հանդիպման` փոխնախարարի միջոցով, հետո փոխնախարարն ասաց, որ զբաղված է, չի ստացվի, արձակուրդից հետո կընդունի, եւ այժմ դեռ ոչ մի լուր չկա»,-հայտնեց Նարինե Թուխիկյանը:
Մեր դիտարկմանը, թե նմանատիպ թեմայով մեկ այլ ցուցահանդես է բացվել Հայաստանի ազգային գրադարանում, ու ոչ մի խնդիր չի ծագել, իր կարծիքով ո՞րն է այդ տարբերակման պատճառը, արդյոք իր պարագայում ընթացակարգերի խախտումն էր խնդիրը, տիկին Թուխիկյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում, մանավանդ թեման, ըստ էության, նույնն է, իհարկե ձեւաչափի տարբերության կա, տարբեր կերպ ենք ներկայացնում, բայց բովանդակային առումով նույն թեման է: Գուցե մենք առաջինն էինք, այդ էր պատճառը…Ինչ վերաբերում է ընթացակարգային խախտմանը, ի՞նչ խախտման մասին է խոսքը, եթե անգամ դա չլիներ ծրագրով, միշտ էլ խրախուսվում է հավելյալ գործը, որի համար պետությունից փող չենք ուզում, այսինքն եթե դու ինչ-որ բան անում ես քո միջոցներով, դա միշտ է խրախուսվել` լինի ցուցահանդես, գրքի հրատարակություն, թե դասախոսություն: Հիմա ես չգիտեմ, թե ընթացակարգ ասելով ի՞նչ նկատի ունեն: Ամեն դեպքում` դեռ սպասում եմ, որ նախարարն ընդունի ինձ…Կարեւորը, մեր վարչապետի ասած ցուցադրությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցավ, հիմա ուրիշներն են կայքէջ սարքել ցուցահանդեսի նյութերով, յութուբում կա, ողջ համացանցում լիքն են այդ նյութերը, արդեն մենք չենք էլ տնօրինում այդ ինֆորմացիան: Մարդիկ վերցնում եւ տարածում են, ինչն ավելի կարեւոր է»:
Հարցրինք` մտավախություն չունի՞, որ իրեն կարող են աղմուկը դադարելուց որոշ ժամանակ անց աշխատանքից ազատել, պատժել: «Ամեն ինչ էլ հնարավոր է, ես ոչ մի բանից չեմ զարմանում…Եթե կարելի էր մեր ազգային սերուցքի ոչնչացման մասին պատմող ցուցադրությանը վերագրել զրպարտանքներ, ուրեմն ամեն ինչ էլ հնարավոր է, ցավալիորեն ամեն ինչի պատրաստ ենք»,-ասաց թանգարանի տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մեր իշխանությունները համաձայնեցված չեն գործում։ Գրադարանում փակ տարածքում ստալինիզմի հայ զոհերին նվիրված ցուցահանդես կարելի է կազմակերպել, իսկ Թւումանյանի տուն-թանգարանի մուտքին, բաց միջավայրում չի կարելի, քանի որ այսօր Մոսկվայում Ստալինի արձան տեղադրող ՌԴ իշխանությունները կարող է իմանան ու մատ թափ տան մեզ վրա։