Երբ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի հետ կապված հարցրել են՝ դրա կարեւորությունը ո՞րն է, երբ աշխարհը գնում է դեպի անգլերենի իմացություն՝ նախարարը պատասխանել է՝ իհարկե, շատ կարեւոր է, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ աշխատողներ ՌԴ-ում, տարեկան գնում-գալիս են եւ կարեւոր է, որ իմանան ռուսերեն:
Այսօր «Հոդված 3» ակումբում այդ առնչությամբ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հեգնեց՝ «այսինքն, եթե Թուրքիայում շատ մարդիկ ունենայինք, թուրքերենը պիտի լիներ երկրորդ պետական լեզո՞ւն, մի հատ էլ հարցում անեին՝ դուք ուզում եք թուրքերենը սովորեք երկրորդ լեզու որպես»:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանն էլ հավելեց՝ Դուբայ էլ են շատ գնում-գալիս, արաբերեն էլ պիտի հարցնեին:
Դիտարկմանը, որ 3 տարի առաջ էլ Կիսիլյովն էր ասում, որ ռուսաց լեզուն Հայաստանի անվտանգության գրավականն է, Հայաստանը կկորցնի իր անվտանգությունը, եթե ռուսերեն չիմանան՝ Տիգրան Հակոբյանն արձագանքեց. «Եթե մենք նշանակություն ենք տալիս կիսիլյովների խոսքերին, դա նշանակում է, որ մենք մեզ չենք հարգում: Ղալաթ են անում: Մենք սիրում ենք ասել՝ Կիսլիյովը ասաց, Ռոգոզինը ասաց, ամոթ չի՞: Մենք այդ իմպուլսները շատ ցավագին ենք ընդունում: Պիտի ցավագին չընդունենք, պիտի իմանանք, թե ինչ պատնեշներ ենք ստեղծում»:
Ավետիք Իշխանյանի խոսքով՝ «Եթե Հայաստանում իշխանությունն արժանապատվություն ունենար, նրանք այդպիսի բան չէին ասի: Եթե դու պետական մակարդակով դրան խիստ արձագանք տաս՝ ոչ միայն այդպիսի բան չեն ասի, այլեւ կսկսեն հարգել քեզ: Եթե ասում են, ուրեմն մենք թույլ օղակ ենք: Իսկ այսպես, երբ դու առանց իրենց ասելու նույնիսկ գնում ես այդ ուղղությամբ, արհամարհանքից բացի ոչ մի բան չես ստանա»:
Քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանն էլ ասաց. «Ռուսաստանը հրապուրիչ չէ, զոռով լեզու չեն կարողանալու սովորեցնել: Երբ որ կդառնա գրավիչ, աշխարհը կուզենա սովորել ռուսերեն այնպես, ինչպես այսօր անգլերեն են ուզում սովորել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի